
«Նաիրիտի» ղեկավարությունը չի մեկնաբանում Մոսկվայի կայացրած վճիռները
«Նաիրիտ գործարանը» չի ցանկանում որևէ կերպ մեկնաբանել Մոսկվայի դատարանների կայացրած վճիռները գործարանի դեմ: «Հետքի» հարցին, թե արդյոք գործարանը պատրաստվո՞ւմ է վճարել այդ գումարները, թե՞ բողոքարկելու է վճիռները, «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը պատասխանեց շատ կարճ. «Մենք այդ հարցերին այս պահին չենք պատասխանում, քանի որ մենք հիմք չունենք»:
Թե ինչ է նշանակում հիմք չունենալը, Անուշ Հարությունյանը պարզաբանեց. քանի որ գործարանը ֆինանսական աղբյուր չունի, և «Նաիրիտ գործարանի» բոլոր հարցերով զբաղվում է ՀՀ կառավարությունը, իրենք նման հարցերի պատասխանել չեն կարող:
Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Անուշ Հարությունյանը նշեց, որը այս պահին դա էլ պարզ չէ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 11-ին բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝ «Նաիրիտ գործարանից» 25,2 մլն դոլար բռնագանձելու հայցը: «Նաիրիտ գործարանը» «Ռայնովիլի» վարկի երաշխավոր է հանդես եկել, այդ պատճառով նրա դեմ էլ է հայց ներկայացվել՝ շուրջ 16,8 մլն դոլարի չափով տոկոսները գանձելու նպատակով, ինչպես նաև 8.4 մլն դոլար՝ տույժերը: Իսկ հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր նաև Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս գումարները առաջացել են «Ռայնովիլի»՝ Միջպետական բանկից վերցրած 70 մլն դոլար վարկի պատճառով:
Մեկնաբանել