HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով տուժող չկա

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ու 2-րդ դահլիճում հավաքվել էին ազատամարտիկներ, քաղաքացիներ` սատարելու 5 ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: Ազատամարտիկը դատական նիստերի դահլիճ մտավ ոստիկանական ուղեկցող գնդի հետ: Ոստիկանները ամբողջ դատական նիստի ժամանակ չհեռացան: Դահլիճում շատերը կանգնած էին, բայց Վոլոդյա Ավետիսյանի թիկունքի մոտ հերթապահող երկու ոստիկաններն ու դատական կարգադրիչները թույլ չտվեցին լրագրողներին ու քաղաքացիներին նստել առաջին նստարանին:

Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց. «Երբ ես ազատամարտիկների սոցիալական խնդիրներով նստացույց էի կազմակերպում, ինձ ծանոթ իշխանության ներկայացուցիչներ առաջարկեցին նստացույցը դադարեցնել: Հետո առաջարկեցին կլորիկ գումար, կամ վերականգնվեմ ծառայությունում կամ բիզնես Էջմիածնում, որից նույնպես հրաժարվեցի: Ապա սկսեցինք մարզերում նստացույցեր կազմակերպել: Ինձ ձերբակալելը այդ ամենի հետևանքով եղավ»,- հայտարարեց Վոլոդյան, որից հետո դահլիճում ծափեր հնչեցրին: 

Փաստաբան Արա Զաքարյանը երկու միջնորդություն ներկայացրեց. մեկը վերաբերում էր դատավորի ինքնաբացարկին ու դատարանի ընդդատության հարցին, մյուսը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելուն: Արա Զաքարյանի միջնորդություններից մեկի հիմքում այն էր, որ Ավետիսյանին վերագրվող երկու արարքներից և ոչ մեկը չի կատարվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում, ուստի այս գործով քննություն չի կարող կատարվել այդ դատարանում:

Ավետիսյանին կալանքի տակ թողնելու հիմքեր չկան և չեն եղել: Այս համոզմունքը հայտնեց փաստաբանն իր միջնորդությամբ՝ նշելով, որ նրան կարելի է դահլիճից ազատել: Սակայն դատախազն առարկեց. «Ես կարծում եմ` Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը պետք չէ փոխել, քանի որ նա անգամ չի վճարել 2000 ԱՄՆ դոլարը»:

«Ձեր առարկությունը որևէ քննադատության չի դիմանում: Ո՞ւմ պետք է վճարի իմ պաշտպանյալը գումար, եթե գործով նույնիսկ տուժող չկա»:

Դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել՝ բարձրաձայն ասելով՝ «իրեն երևի» (նկատի ունենալով դատախազին-հեղ.): Դատավորը նախազգուշացրեց, որ դահլիճի նման արձագանքների պատճառով ստիպված կլինի որոշում կայացնել դռնփակ նիստ անելու մասին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների հարցով որոշում կայացնելու:

Մինչ որոշումների հրապարակումը «Հետքը» խոսեց դատախազի հետ՝ փորձելով պարզել, թե ով (ովքեր) է այս գործով տուժող(ներ)ը, քանի որ ազատամարտիկին երկու դրվագով են մեղադրանք առաջադրել: Դատախազը հաստատեց, որ գործով տուժող չկա, բայց խորհուրդ տվեց սպասել` դատարանում ամեն ինչ կներկայացվի:

Դատավոր Լևոն Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց փաստաբան Արա Զաքարյանի երկու միջնորդությունները:

Ներկաները «ամո՛թ, ամո՛թ» վանկարկեցին: Իսկ Վոլոդյա Ավետիսյանը որոշումից հետո ասաց, որ հրաժարվում է պատասխանել դատավորի այլ հարցերի:

«Նիստի ժամանակ մեղադրող կողմն այնպիսի հայտարարություններ արեց, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը, պետք է նիստի ձայնագրությունը լսել և գրավոր միջնորդություն պատրաստել»,- ասաց փաստաբանը: Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 2-ը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին: Ըստ մեղադրական եզրակացության` նա ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու համար 2013թ. հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար։

Սակայն ողջ նախաքննության ընթացքում նշվում էր այլ անուն՝ ոմն Հ. Զաքարյան։ Ոչ Հ. Զաքարյանի, ոչ Ա. Մաթոսյանի հետ առերեսում չի կատարվել: Ամենակարևորը՝ նրանք գործով ոչ թե տուժողներ են, այլ վկաներ: Նրանք այսօր դատարան չէին ներկայացել:

Փաստաբանը, քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ինքը՝ Վոլոդյա Ավետիսյանը, նրա ընտանիքի անդամները, դահլիճում ներկաները մեկ անգամ ևս շեշտեցին, որ ազատամարտիկի հետ կատարվածը քաղաքական հետապնդում է:

Մեկնաբանություններ (1)

Karen
Բա առանց տուժողի առկայության էդ մարդուն ոնց եք դատում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter