HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմեղ մարդը մոտ կես դար պատիժ է կրել բանտում

Օրերս միջազգային բոլոր լրատվամիջոցները լուր տարածեցին ևս մեկ դատական սխալի մասին, որն անմեղ մարդուն արժեցել էր կյանքի 48 տարին: 78-ամյա նախկին բռնցքամարտիկ Իվաո Հակամադան մոտ կես դար՝ 48 տարի անցկացրել է բանտում չկատարած հանցանքի համար: Երկու օր առաջ նա ճանաչվել է անմեղ և ազատություն ստացել՝ ԴՆԹ թեսթի ու իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ՝ քրեական գործի վերաբացման արդյունքում: Այս մասին կարդում եմ «Անմեղության ծրագիր» կազմակերպության բլոգից և “Amnesty International” կազմակերպության կայքից:  

Իր անմեղության մասին Իվաոն մշտապես բարձրաձայնել է, պայքարել գործի վերաբացման համար: Անմեղությունն ապացուցելու համար եղբոր հետ պայքարել է ավագ քույրը, բռնցքամարտիկի ընկերները: Պայքարին միացել են նաև իրավապաշտպաններ, փաստաբաններ, ակտիվիստներ, ովքեր տարիներով պնդել են գործերի վերաբացման անհրաժեշտության մասին՝ նշելով որ շատ հաճախ մարդիկ Ճապոնիայում դատապարտվում են խոշտանգումներով կորզված ինքնախոստովանական ցուցմուքներով, առանց նրանց մեղքն ապացուցող բավարար ապացույցների, հաճախ մեկ վկայի ցուցմունքով: Ճակատագրական, հաճախ անդառնալի է լինում հետևանքը, երբ նման կերպ կայացվում են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի դատավճիռներ:

2007 թ-ից Իվաոյի անմեղության պայքարին միացել է նաև մահապատժի դատավճիռ կայացրած դատավորներից մեկը, ով հրապարակային ասել է, որ անգամ դատավճռի կայացման ժամանակ փորձել է մյուս երկու դատավորներին համոզել, որ Իվաոյի մեղքը հիմնավորող ընդամենը մեկ ապացույց կա, իսկ դա սարսափելի քիչ է մարդուն մահապատժի դատավճիռ տալու համար: Դատավորը նաև հրապարակային ներողություն է խնդրել առանց բավարար ապացույցների մարդուն մահապատժի դատապարտելու համար:

2011 թ-ին Հակամադան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մահապատժականների խցում ամենաերկար ժամանակն անցկացրած դատապարտյալ:

Ամեն ինչ սկսվել է այն օրից, երբ Ճապոնիայի քաղաքացի 30-ամյա Իվաո Հակամադան 1960-ականներին աշխատել է փոքր գործարանում, որի սեփականատիրոջ ընտանիքը՝ ամուսիններն ու երկու երեխաները հայտնաբերվել են սպանված իրենց իսկ բնակարանում 1966 թ-ին: Անմիջապես գործարանի աշխատակիցներին տարել են ոստիկանություն, այդ թվում՝30-ամյա Հակամադային: Վերջինն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել խոշտանգումներից հետո: Նրան ծեծել են փայտերով, հարցաքննել 20 օր՝ 240 ժամ, թույլ չեն տվել քնել, գնալ բնական կարիքները հոգալու: Հակամադան դատարանում հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից՝ պնդելով, որ դա բռնություններով են կորզվել իրենից, որ ինքն անմեղ է: 1968 թ-ին նա դատապարտվել է մահապատժի՝ մեղադրելով 4 մարդու սպանության մեջ: 1980 թ-ին Ճապոնիայի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել մահվան դատավճիռը, որի հիմքում Իվաոյի ինքնախոստովանական ցուցմունքն է ու իրեղեն ապացույց ճանաչված արյունոտ հագուստը, որը գտնվել է սպանության վայրում: Հագուստի վրա հայտնաբերված արյան խումբը, ըստ փորձաքննության արդյունքների, համընկել է Հակամադայի արյան խմբին: Սակայն ինչպես 48 տարի անց կատարված ԴՆԹ թեսթի արդյունքներն են ցույց տվել, ճապոնական արդարադատությունը սխալվել է:

“Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռոզաննա Ռայֆը նշել է. «Ճապոնիայի իշխանությունները պետք է ամաչեն, թե ինչպես են վարվել Հակամադայի հետ. քննություն խոշտանգումներով, մահապատժի դատավճիռ՝ առանց հիմնավոր ապացույցների: Տասնյակ տարիներ մահապարտների խցում նա սպասել է մահվան՝ մտածելով, որ անցկացրած ամեն ժամը կարող է վերջինը լինել»:

Արդեն վերջին տարիներին Հակամադայի գրած նամակները կարդալով՝ քույրը նկատել է, որ դատապարտյալ եղբայրը տառապում է հոգեկան խնդիրներով: Երբ 78-ամյա ծերուկին քույրը հայտնել է ազատություն վերադառնալու մասին լուրը՝ Իվաոն ասել է. «Դու խաբում ես ինձ…ես արդեն սպառված եմ»: Իսկ ազատության առաջին պահերին 48 տարի բանտում անցկացրած Իվաոյի սիրտը գարեջուր ու թխվածք է ուզել:

Լուսանկարները՝ «Անմեղության ծրագիր» կազմակերպատթյան բլոգից

Մեկնաբանություններ (3)

ճապոնացի
Զարուհի ջան, էս հոդվածը մարդիկ հակառակ կողմից են մեկնաբանելու. - Եթե ճապոնի նման օրինակելի երկրում ծեծ ու ջարդի միջոցով են ցուցմունք կորզում ու մահվան դատապարտում՝ ապա մեզ նման մոտավոր երկրում ի՜նչ եք ուզում: Ահա եւ հզոր արդարացուցիչ նախադեպ հայոց դատավորների համար!
Զարուհի
Թող դատավորներն ու համակարգը մտածեն ինչ ուզում են: Իմ լուսաբանումներով ցույց եմ տալիս, որ դատական սխալները բնորոշ են ցանկացած համակարգի՝ ամենակոռումպացվածից, մինչև իդեալականին մոտ: Բայց իմ ցույց տված օրինակներում կամիր թելի պես անցկացնում եմ մեկ միտք՝ եթե կան դատական սխալներ, ապա պետք է մշակվեն նաև դրանք շտկելու գործիքներ: Օրինակ՝ նույն Ճապոնիայում հազար ինը հարյուր վաթսունականներին դեռ պահպանել են իրեղեն ապացույցները, իսկ մեզ մոտ ոչնչացվում են դեռ, բացի այդ ԴՆԹ թեսթ, գործերի վերաբացում...էս ամենը մեզ համար դեռ անիրագործելի է: Հայաստանում պիտի հասնել հին գործերի վերաբացման: Սա միանշանակ է:
??????????
nkarn e hetaqrqir, 78 tarekan, 48 tari bantum, bayz glxin mi hat spitak maz chka. pahakneri dimaknern el anhaskanali e te inchi hamar en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter