
Վարդան Պետրոսյանի փաստաբանը կասկածում է դատավորի անաչառությանը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Վարդան Պետրոսյանի գործով երրորդ դատական նիստը: Ֆրանսիացի փաստաբանները ներկա չէին նիստին, թեև դատական դեպարտամենտը, օրենքով սահմանված կարգով, ներկայացրել էր թարգմանիչ:
Ֆրանսիայի փաստաբանների պալատի երկու անդամներն այս պահին գտնվում են Ֆրանսիայում և այնտեղ են զբաղվում այս գործով. նարնք մոտ ժամանակներս նորից կմիանան գործընթացին արդեն Երևանում:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենք ստացել են դատավորի որոշումը` ամբաստանյալին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննության մասին: Այդ որոշմամբ մերժվել էր Նիկոլայ Բաղադասաարյանի միջնորդությունը` ամբաստնյալին անհապաղ ազատ արձակելու մասին: Սակայն Նիկոլայ Բաղդսարյանը նորից հղում կատարեց օրենքի կետերին` նշելով, որ խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու լիազորություն առաջին ատյանի դատավորը չունի, և այդ լիազորությունը վերապահված է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորներին:
Փաստաբանն ասաց, որ որոշման մեջ դատավորը նշել է միայն, որ առաջնորդվել է քրեական դատավարության նորմերով, սակայն թե ո՞ր նորմով` հստակեցված չէ: Փաստաբանի երկրորրդ դիտարկման համաձայն` պատճառաբանություն չկա, թե ինչ հիմքերով է կալանքը մնում որպես խափանման միջոց: «Եթե հիմքեր չկան խափանման միջոցը փոխելու, ուրեմն չպետք է փոխվի, այսպես է ձևակերպված որոշման մեջ»,- ասաց փաստաբանը` ավելացնելով, որ հիմքեր պետք է լինեն նախ մարդուն կալանքի տակ պահելու, ոչ թե խափանման միջոցը փոխելու:
Նիկոլայ Բաղդասարյանի երրորդ դիտարկմամբ` կալանքի ժամկետը երկարացվել է, սակայն ժամկետ չի նշվել: «Տպավորություն է, որ մինչև իմ միջնորդությունն եք կայացրել այս որոշումը»,- այսպես արտահայտվեց Ն. Բաղդասարյանը և ինքնաբացարկ հայտնեց դատավորին` պնդելով, որ կասկածում է դատավորի անաչառությանը:
Դատախազ Արթուր Սարգսյանը առարկեց` նշելով, որ հիմքեր չի տեսնում դատավոր Վաղարշակ Մկրտչյանին ինքնաբացարկ հայտնելու: Նույնը պնդեց նաև տուժողների պաշտպան Ռուբեն Բալոյանը և նույնպես առարկեց: Նա իր առարկության հիմքում դրեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ մինչև դատական նիստը տեղի ունեցած մասնավոր զրույցը: Այս զրույցի ժամանակ, ըստ նրա, Նիկոլայ Բաղդասարյանը նիստից մեկ օր առաջ հայտնել է, որ ինքը նիստին չի մասնակցելու, քանի որ այլ նիստի է:
Այժմ ընդմիջում է: Դատավոր Վաղարշակ Մկրտչյանը խորհրդակցական սենյակում է, որպեսզի ինքնաբացարկի միջնորդության հարցով որոշում կայացնի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել