HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյանի պատմվածքը կտպագրվի քաղաքացիների հանգանակությամբ

Մաշտոցի պուրակում, ինչպես և վաղօրոք հայտարարվել էր, այսօր կայացավ ակցիա-դրամահավաք` ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը տպագրելու նպատակով: Ակցիային մասնակցած քաղաքացիների հանգանակությամբ հավաքվեց 130.000 դրամ:

Հիշեցնենք, որ այս ակցիայի նախաձեռնողները քաղաքացիներ են, ովքեր արձագանքեցին «Օրանժ» գրքի մրցույթի եզրափակիչ փուլում Մհեր Ենոքյանի պատմվածքը քվեարկության չդնելու մասին պարտադրանքին: Պարզ դարձավ, որ «Օրանժի» ղեկավարությունը ժյուրիի վրա ճնշում է գործադրել` պարտադրելով առհասարակ քվեարկության չդնել նրա պատմվածք: Այս քայլը «Օրանժը» բացատրել է նրանով, որ ցմահ դատապարտված մարդուն մրցանակ տալով` իրենց կոմերցիոն շահերը կվտանգվեն:

Ակցիայի մասնակիցներից ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը, ով և հաստատել էր փաստը, որ ժյուրիի վրա ճնշում է գործադրվել` քվեարկության չդնել ցմահ դատապարտյալի ստեղծագործությունը, նշեց. «Ստեղծագործությունը չի կարելի պահել վանդակի մեջ: Եվ որևէ կապ չունի մարդը որտեղ է գտնվում` ազատության, թե անազատության մեջ: Բրազիլիայում, օրինակ, դատապարտյալները գիրք կարդալով` կրճատում են իրենց պատժաժամկետը: Իսկ մեզ մոտ, փաստորեն, կա դատապարտյալ, ով ինքն է գրքեր գրում: Հասարակությունը, մարդիկ պիտի ողջունեն Մհերի ստեղծագործական հակումները, աջակցեն, սատարեն և ոչ թե խորացնեն անարդարությունը` նոր անարդարություններով»:


Ֆրանսիահայ լրագրող Սեդա Մավյանը, ով ևս միացել է ակցիային, «Ա1+»-ի հետ զրույցում նշել է. «Արդարությամբ չի անցել մրցույթը: Ես, որպես լրագրող, փորձել եմ պարզել, թե ինչու է այդպես կատարվել: Իմացա, որ ուղղորդում է եղել կազմակերպիչների կողմից, ասվել է, որ դատապարտյալին մրցանակ տալը ընկերության իմիջին կվնասի: Ինձ համար զարմանալի է, քանի որ ֆրանսիական մշակույթ ունեցողի համար, անհեթեթ պատճառաբանում է: Այս պատմությունը ստիպեց ինձ կարդալու վերջին փուլ անցած բոլոր գործերը: Զղջումս ալ ավելի մեծ էր: Իսկապես Մհերը գրող է: Կարելի է բավականին լայնորեն մեկնաբանել իր գործերը»:

Թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կարծիքով մեծ անարդարություն է եղել. «Չեմ կարծում, որ դատապարտյալին կարելի էր զրկել իր իրավունքից: Բավականին կաղ պատճառաբանություն էր բերվել «Օրանժի» կողմից: Սա պարզապես խտրականություն էր, տիպիկ սովետական մտածողություն: Չէի կարող անտարբեր լինել կատարվածին ու եկա այստեղ: Պատմվածքը չեմ հասցրել կարդալ, բայց ծանոթ եմ նրա ստեղծագործություններին: Ինձ համար երևույթն է տգեղ»:

«Այս անարդարությունը Հայաստանի անարդար համակարգի մի օղակն է, որի պատճառով Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման և 18 տարի գտնվում է բանտում: Նա 18 տարի պնդում է, որ անմեղ է, հետևողականորեն պայքարում է արդարության վերականգնման համար, բարձրաձայնում բանտում հայտնված անմեղ դատապարտյալների մասին: Այս անգամ էլ իրավապահների անարդարությանը միացավ բիզնեսը՝ հանձին «Օրանժի»: Մեր ուժերից վեր է այս պահին բանտից ազատել Մհերին, բայց մենք հիմա կարող ենք վերականգնել «Օրանժի» կողմից կատարված անարդարությունը: Եվ քանի որ ժյուրիին թույլ չեն տվել քննարկել Մհերի պատմվածքը, մենք՝ քաղաքացիներս, դա անում ենք «Օրանժի» և ժյուրիի փոխարեն՝ մեր մրցանակը տալով հենց նրան: Տպագրելով պատմվածքն ու այն նվիրելով Մհեր Ենոքյանին՝ մենք կվերականգնենք արդարությունը»,-գրված է նախաձեռնության հաղորդագրության մեջ: 


Մհեր Ենոքյանի մրցանակի համար քաղաքացիները մտադիր են հավաքել այնքան գումար, որքան սահմանել էր «Օրանժը»՝ 300 հազար դրամ պատմվածքի տպագրության նպատակով՝ վճարելով ով որքան կցանկանա: Այն մարդիկ, ովքեր այսօր չկարողացան գալ Մաշտոցի պուրակ, կարող են շաբաթվա ընթացքում մոտենալ «Հետքի» խմբագրություն՝ Բուզանդի 1/3, 8-րդ հարկ` ՆՓԱԿ-ի հարևանությամբ: Կարող եք նաև փոխանցումներ կատարել. ՎՏԲ Հայաստան բանկ, 16047033069900 ՀՀ դրամով, 16047033069901 ԱՄՆ դոլարով, 16047033069902 եվրոյով
«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ հաշվեհամարին՝ որպես նպատակ նշելով նվիրատվություն: Փոխանցումների քաղվածքները կդրվեն Freedom for Mher Yenokyan ֆեյսբուքյան խմբում: 

Ինքը` Մհեր Ենոքյանն, այս նախաձեռնության մասին գրել է. «Տեղեկացա, որ սրտացավ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա, որ ցանկություն են հայտնել տպագրելու իմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը ու նվիրելու ինձ: Ակցիայի նպատակն է ցույց տալ թե՛ «Օրանժին», թե՛ իշխանություններին, որ չի կարելի թաղել գեղարվեստական ստեղծագործությունը՝ զրկել նրան Ազատությունից, միայն նրա համար, որ հեղինակը ֆիզիկական անազատության մեջ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter