HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական համերգ քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցելու համար

Թեքեյան մշակութային կենտրոնի դահլիճում Հայաստանի բանտերում գտնվող 14  քաղբանտարկյալների ընտանիքներն էին, քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Շանթ և ազատություն» հիմնադրամը կազմակերպել էր բարեգործական համերգ՝ Էդվարդ Զորիկյանի և Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ: Ներկայացվեց հիմնադրամի նվիրատուների միջոցներով հրատարակված Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» հոդվածների ժողովածուն: Վաճառվում էին նաև «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանի հեղինակած երկու գրքերը, Վահե Ավետյանի ստեղծագործությունը, նաև «Բարդ» ակումբի երգերի ժողովածուն՝ սկավառակով: Բոլոր գրքերի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքներին:

«Հետքի» հետ զրույցում «Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը նշեց, որ ձերբակալված և 5 ամիս կալանքի տակ գտնվող տղաներից և ոչ մեկին անձամբ չի ճանաչել. «Ֆրանսիայում մարդիկ պարբերաբար իրենց բողոքն են արտահայտում Մոլոտովի կոկտեյլներ շպրտելով, մեքենաներ այրելով, բայց նրանց տուգանում են, մի երեք ամիս էլ պահում ու վերջ: Չեն համարում, որ դա պիտի 4-7 տարվա ազատազրկում արժենա նրանց: Չեմ ամաչում ասել, եթե Լիսկայի տղայի գործը մինչև դատարան չհասավ, քննիչի կարգադրությամբ բաց թողեցին, այս մարդկանց արածն ի՞նչ էր, ուղղակի պիտի ձերբակալեին, ձերբակալեցին»,-ընդգծեց հիմնադրամի նախագահը:

Ֆելիքս Հայրապետյանի կարծիքով, Շանթն առաջին հերթին ուզում էր մարդկանց մտքերում հեղափոխություն անել: «Այդ հեղափոխությունն իմ մտքում եղավ: Պարզապես կարդալով հրապարակումները՝ զգացի, որ պետք է գործել, չէ՞ որ այդ տղամարդիկ ընտանիքների կերակրողներն են: Պատկերացրեք՝ 25 երեխա մնացել է առանց հայրական խնամքի արդեն 5 ամիս: Նրանց պետք էր աջակցություն: Մի խումբ մարդիկ, ավելի շատ երիտասարդներ, քան ես, հավաքվեցինք ու հունվարին գրանցվեց հիմնադրամը, որի նպատակը հենց քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցություն ցույց տալն է»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ հիմա Հայաստանում տեսակների պատերազմ է. «Այսօր տեսակների անարյուն պատերազմ է ընթանում»,-ասաց ՄիքայելՀայրապետյանը:

Հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Համոզված եմ, որ տղաները քաղաքական բանտարկյալներ են: Շանթը քաղաքական ակցիա էր անում: Այսօր ես մասնակցում եմ փոքրիկ մի համերգով, մտածված տոմս չենք նախատեսել: Բոլորիս վիճակն էլ մի բան չէ, բայց բանտարկել են կերակրող ձեռքը: Նրանց ընտանիքները աջակցության կարիք ունեն»:

Քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանը, ով օրերս է ազատություն վերադարձել, ներողություն խնդրեց ներկաներից. «Կուզեի ես իրենց տեղում լինեի, իրենք ձեզ հետ լինեին»,- դիմելով քաղբանտարկյալների ընտանիքներին՝ ասաց Միսակը, ով դեռ աշխատանքի չի վերադարձել, բայց դիմել է, որ վերականգնվի նախկին աշխատավայրում: «Հետքի» հետ զրույցում նա ասաց. «Բանտում 90 տոկոսով սխալ մարդիկ են, հիմնականում՝ սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր, օրինակ, 2 կգ պղինձ են գողացել, որ ընտանիքը կերակրեն: Իսկ խոշոր հանցանք կատարողները չեն էլ բռնվում: Դուք ինձնից լավ գիտեք»:  

«Շանթ և ազատություն» հիմնադրամի նվիրատուները հիմնականում Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Նվիրատվություններ կարելի է կատարել նաև առցանց՝ այցելելով հիմնադրամի կայք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter