HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել

Վարդան Պետրոսյանի գործով «Հետքի» վերջին հոդվածին արձագանքել էր տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը՝  shamshyan.com կայքում հանդես գալով հրապարակմամբ, որտեղ նա կասկած էր հայտնել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրության իրական լինելու վերաբերյալ, քանի որ դատարանում հետազոտված նույն ապացույցում՝ հետազոտության մեթոդը տողում բացակայում է հետևյալ արտահայտությունը. «արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտ»: Նշված է միայն ալկոմետր բառը: 

Փաստաբան Ռուբեն Բալոյանը նաև ցանկանում էր պարզել, թե որտեղից է «Հետքը» ստացել այդ փաստաթղթի լուսապատճեն: Այստեղ որևէ գաղտնիք չկա, քանի որ դեռ անցյալ տարվա նոյեմբերի 11-ի հրապարակման մեջ նշված է, թե որ մարմինն է այդ փաստաթուղթը տրամադրել: Այդ հրապարակումից մեջբերում. «Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել Նաիրիի ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր Նաիրիի ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»: 

 

Այս պատասխանին կից էլ ներկայացվել է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արձանագրության պատճեն, ինչն էլ հրապարակել է «Հետքը»: Բացի այդ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից կատարված հարցումն ու Նաիրիի բժշկական կենտոնի պատասխանը՝ կից արձանագրությամբ, ապրիլի 25-ի դատական նիստում ներկայացվեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին: 

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նաև փաստաբանական հարցում է կատարել և ստացել վթարի օրը՝ հոկտեմբերի 20-ին Նաիրիի բժշկական կենտրոնում հերթապահած բժիշկ Համազասպ Գևորգյանի պատասխանները, ով և կատարել է վարորդների սթափության վիճակի մասին զննությունները, այդ թվում և Վարդան Պետրոսյանինը: Ըստ Գևորգյանի պատասխանի, հոկտեմբերի 20-ին, ժամը 23:10 անցկացվել է վարորդ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունը: Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել: Ստուգման արդյունքներն արտացոլված են նաև Նաիրիի բժշկական կենտրոնի վարորդների սթափության զննության մատյանում, որը համարվում է խիստ հսկողության մատյան: Այդ մատյանի 58-րդ էջում գրանցված է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արդյունքը, որտեղ նշված է՝ սթափ: Օրվա հերթապահ բժիշկ Գևորգյանը ներկայացրել է մատյանի 58-րդ էջի լուսապատճեն, որտեղ երևում է սթափ բառը: Հասկանալի պատճառներով մատյանում գրանցված այլ անձանց անձնական տվյալները փակված են լուսանկարում: 

Հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր արձանագրություն կազմվում է 2 օրինակով, սովորական պատճենահանող թղթով՝ կապիրովկայով, օրինակներից օրիգինալը տրվում է իրավապահ մարմնին, մյուսը մնում է բժշկական կենտրոնում, իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցմանը պատասխանելով՝ հոկտեմբերի 31-ին ուղարկվել է երկրորդ կրկնօրինակը վավերացված վիճակով, որտեղ լրացվել է նաև ստուգման  մեթոդը՝ արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտի պարզում՝ ալկոմետրի օգնությամբ: Այսինքն՝ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի նշած զննության մեթոդի ավելացումը, ինչպես բժիշկ Համազասպ Գևորգյանն է նշում, կատարվել է իրենց՝ ԲԿ-ի կողմից: 

«Վերջերս պարբերաբար հրապարակումներ են լինում, որտեղ Ռուբեն Բալոյանը կասկածի տակ է դնում Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը: Այն, որ իմ պաշտպանյալը վթարի օրը մեքենան սթափ է վարել, հաստատված է համարել նաև նախաքննական մարմինը: Այդ փաստը չի վիճարկել նաև տուժողի ներկայացուցիչը: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ արդեն սթափության հարցը չէր կարող վիճարկման ու քննարկման թեմա դառնալ, Ռուբեն Բալոյանը սկսեց մամուլում կասկածի տակ դնել Վարդան Պետրոսյանի սթափ լինելու փաստը: Սա անհասկանալի է, քանի որ տվյալ հարցի քննությունը դուրս է դատական լիազորությունից»,-զարմանք հայտնեց փաստաբան Բաղդասարյանը՝ հիշելով խորհրդային ժամանակները. «Երբ մի հայտնի անձի ուզում էին պատասխանատվության ենթարկել, նախ փորձում էին նրան տարբեր կերպ վարկաբեկել: Նույն ձեռագիրն է նաև մեր օրերում:  Ինչպես բացատրել, որ shamshyan.com-ում Ռուբեն Բալոյանը ընդգծել է. «…նշված է հետազոտության արդյունքը՝ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ»։ Դա հետազոտության արդյունքը չէ, այլ գրված է հետազոտության մեթոդը տողում, իսկ որպես արդյունք նշված է՝ սթափ բառը: Սա հիշեցնում է մի հայտնի անեկդոտ, երբ անգլիացի լորդն ուզում է լորդերի պալատի նախագահ դառնալ, իսկ նրա ընդդիմախոսներից մեկը լուր է տարածում, թե լորդի աղջիկն անբարոյական է: Մյուսը, թե՝ լորդը աղջիկ չունի: Ընդդիմախոսն էլ, թե՝ իսկ դա արդեն կարևոր չէ, ես իմ ասածն ասացի»,-ամփոփեց փաստաբանն ու տեղեկացրեց, որ հերթապահ բժշկի հարցումն ու պատասխանները, նաև բժշկական կենտրոնի հատուկ մատյանից տրամադրած պատճեները կներկայացնի դատարան:  

Մեկնաբանություններ (2)

Հ.Շ.
Ակնարկելով ներքեւի մեկնաբանութիւններին (ես Ֆէյսպուքում գրանցուած չեմ)` ---ընդունելով հանդերձ որ, այս խնդրում, Վարդան Պետրոսյանի կարգ մը «երկրպագուները» խորապէս սխալ կեցուածք յայտնաբերեցին եւ լիովին արտառոց, անմիտ, քստմնելի եւ գայթակղեցուցիչ արտայայտութիւններ սփռեցին ամէն կողմ, լրջօրէն վատթարացնելով նրա կացութիւնը, --- գիտակցելով նաեւ որ ամբաստանեալի տեղական փաստաբանի վերաբերմունքն ու ռազմավարութիւնը, որոշ չափով վնասակար եղան իր յաճախորդին (իսկ դրսեցի փաստաբանները` վաբշե աւելորդ են...)--- այս ամէնը - անգամ մը եւս ու անվերապահօրէն - ընդգծելէ եւ հաստատելէ ետք, --- այսու կու գամ Վարդան Պետրոսյանի դէմ դիրքորոշուած անձերին ուղղելու իմ այս խօսքը, ամենայն ու բացառեալ յարգանքով, հեզութեամբ, ցաւակցութեամբ եւ կարեկցութեամբ ՝
Հ.Շ.
ինչո՞ւ արդեօք անհնար է դիմագրաւել այն ըմբռնողութիւնը թէ, այս ահաւոր ու ողբալի դէպքում, Վարդան Պետրոսեան կարող է լինի պատասխանատու, սակայն ան ճիւաղ մը չի, արիւնի ծարաւ մի անյագ ու մոլեգնոտ գազան մը չի: ---- Թէ՝ ամէն պարագայի, դիտումնաւոր չի եղել իր արարքը: --- Թէ՝ ան մահաբեր իրադարձութեան հիմնական հեղինակ է եղել, մահ ու վէրքեր է պատճառել, սակայն ան չի գործել միտումնաւոր սպանութիւն, չի կատարել նախամտածուած ու կամաւոր, դիտումնաւոր մարդասպանութիւն: --- Գիտէ՞ք, արդիւնքը միեւնոյնն է լինելու... --- Ան իր քաղաքացիական պատասխանատւութիւնը արդէն լիովին ստանձնելու է, պարզ է, յստակօրէն ու բազմիցս յայտնել է: --- Բարոյապէս ու հոգեպէս՝ դժոխքում է արդէն, ու մնալու է այդտեղ յաւերժօրէն --- Ասպարէզը՝ խորտակուել է. երբեք չի լինելու այն ինչ որ էր ու լինելու էր, եթէ տեղի չունենար այս ծայրագոյն ողբերգութիւնը : --- Իսկ քրէական գետնի վրայ իսկ, այս ընթացքով, իրեն համար «լաւագոյն» պարագային անգամ, ան ստանում է արդէն ծանր պատիժ: --- Այս նկատողութիւնների լոյսի տակ, ուրեմն, կարելի՞ չէ գոնէ հանդուրժել այն իրողութիւնը թէ, թէկուզ ան օրինապէս ամբողջովին պատասխանատու լինի, սակայն մի դեւ չի, չար ու արիւնարբու հրէշ չի... --- Անհնա՞ր է արդեօք այսպէս մօտենալ այս նիւթին... --- Հ.Շ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter