HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վիրավորանքի և զրպարտության հայցը շուռ եկավ քաղաքացու դեմ՝ քրեական գործի տեսքով

Կիրակի օրը՝ մայիսի 4-ին, ժամը 10։43-ին քաղաքացի Սիլվա Բալայանին զանգահարել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննիչը և բացատրություն տալու համար հրավիրել բաժին։ Հետաքննիչը քաղաքացուն հեռախոսով պարզաբանել է, որ նրա դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ Սյունիքի մարզի դատախազությունը նյութեր նախապատրաստելու հանձնարարական է տվել: Քրեական գործ նախապատրաստելու համար հիմք է հանդիսացել ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալի միջնորդությունը, որին ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի բաժանմունքի ավագ հարկադիր ծառայող Ասլան Գարաքյանը ներկայացրել է, որ քաղաքացին դիտավորյալ չի կատարում դատական ակտը։

Տեղեկացնենք, որ Սիլվա Բալայանը դատական քաշքշուկների մեջ հայտնվել է «Հետք»-ում հրապարակված մի քանի հոդվածներից հետո: 2011թ. դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սիլվա Բալայանն ընդդեմ «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման պահանջով: Վիեննա Հայրապետյանը նույն պահանջով հակընդդեմ հայց էր ներկայացրել քաղաքացու դեմ եւ հաղթել էր: Ուշագրավն այն է, որ նոտար Վիեննա Հայրապետյանը վճիռներով դարձել է պարզապես քաղաքացի Վիեննա Հայրապետյան, եւ վերադաս ատյանները աչք են փակել այդ հանգամանքի վրա:

Սիլվա Բալայանը չի կատարել վճիռը, այն է՝ «Հետք»-ում հրապարակված հոդվածները հերքել, ինչից հետո նույն Ասլան Գարաքյանը, ըստ Սիլվա Բալայանի, իր իսկ անունից 2013թ. մարտի 18-ին հայցադիմում է ներկայացրել քաղաքացու դեմ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Դատաքննության ընթացքում վարչական դատարանը մերժել է պատասխանող կողմ քաղաքացու և նրա ներկայացուցիչ, Հակակոռուպցիոն կենտրոնի փաստաբանի բոլոր՝ ոչ պատշաճ հայցվորի, ոչ պատշաճ ներկայացուցչի, վկաներ հրավիրելու, դատավորի ինքնաբացարկի միջնորդությունները և բավարարել է հայցվոր Գարաքյանի պահանջը։ Սիլվա Բալայանի խոսքով՝ դատարանը հարկ չի համարել պարզել՝ արդյո՞ք քաղաքացին պարտապան է, քանի որ միայն պարտապան լինելու հանգամանքով կարող էր ապացուցված համարվել վարչական իրավախախտում թույլ տալու փաստը։

Սիլվա Բալայանը պատմում է, որ վարչական դատարանի Կապանի նստավայրում (դատավոր Հ. Հովհաննիսյան) գործի քննությունը դեռ չավարտված` 2013թ. դեկտեմբերի 5-ին ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքից պարզում է, որ ինքը պարտապան չէ, քանի որ նրա անուն- ազգանունը չի եղել Հայաստանի Հանրապետության պարտապանների ցուցակում:

Սա այն դեպքում, երբ 3 անգամ նրա անուն-ազգանունը պետք է հաշվառված լիներ այդ ցանկում, քանի որ Ասլան Գարաքյանը, հանդես գալով որպես հարկադիր ծառայող, 2013թ. փետրվարին հարուցել էր թվով 3 կատարողական վարույթ` բռնագանձում տարածելով իր աշխատավարձի վրա, արգելափակելով դրամական միջոցները, կատարել գույքագրում և այլն։

Համակարգի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության պայմաններում բացառվում է որևէ բացթողում։ Այդ մասին քաղաքացին էլեկտրոնային նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ արդարադատության նախարարություն։ Սիլվա Բալայանը բողոքում է պետական մարմինների անգործությունից և մտացածին գործողություններից:

«Անթիվ-անհամար անհասցե նամակներ եմ ստանում, անգամ էլեկտրոնային, գրում եմ պետական մարմինների պաշտոնական հասցեներով, ստանում եմ պատասխաններ, որոնք կասկածելու տեղիք են տալիս. ինչպե՞ս կարող է պետական և դատական մարմիններից նամակի փոստային ծախսը վճարվել կանխիկ, առաջին հայացքից փոքր թվացող երևույթը մեծ թաքստոցներ ունի,- ասում է Սիլվա Բալայանը։- Ինձ պարտադրում են կատարել գործողություն, որի համար եռաստիճան դատարաններից որևէ մեկը պետական տուրք չի գանձել, իսկ Վճռաբեկ դատարանն էլ իբրև բողոքն ընդունել, քննարկել է, բայց պետական տուրք չի պահանջել։ Կասկածի տակ են իմ ներկայացուցչի գործողությունները, որը մեկ տարուց ավելի է` խուսափում և չի տրամադրում ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտը»:

Ըստ նրա՝ անվստահության հիմքով 2013թ. փետրվարի 11-ից դադարեցրել է ներկայացուցչի լիազորությունները և լուծարել իրենց միջև կնքված 3 պայմանագրերը։

«Առ այսօր չգիտեմ, թե նա որ կառույցում ինչպիսի գործողություններ է իրականացրել՝ իրեն վճարված 750.000 դրամի դիմաց։ Դիմել եմ պետական և տարածքային կառավարման մարմիններին, դատարանների աշխատակազմերին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրենին (ներկայացուցիչ Մհեր Բադալյանը՝ արտոնագիր 1005, ՀԿ-ի համակարգողն էր և համատեղում էր ձեռնարկատիրական գործունեությունը ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի գրասենյակում)` ստանալու տեղեկատվություն նրա իրականացրած գործառույթների մասին։ Անպատասխան հարցումներս թույլ են տալիս ենթադրելու, որ Մհեր Բադալյանը գործողություններ չի իրականացրել իմ կողմից տրված լիազորագրերի շրջանակներում՝ ի պաշտպանություն ինձ և իմ իրավունքների։ Եթե նա չի իրականացրել հակառակ գործողություններ, ապա ինչի՞ արդյունքում պետք է ես կրեմ քրեական պատասխանատվություն, մի՞թե հրապարակված կարծիքիս և ազատ խոսքիս համար»,- ասում է Սիլվա Բալայանը:

Քաղաքացու անուն-ազգանունը Հայաստանի պարտապանների ցանկում հայտնվել է այս տարվա մարտի 13-ին, երբ պահանջատեր Գարաքյանը դիմում է ներկայացրել վարչական դատարանի Կապանի նստավայր և ստացել կատարողական թերթ վարչական տուգանքի վերաբերյալ։ Իսկ ո՞վ է Ասլան Գարաքյանը, իրո՞ք պետական և հարկադիր ծառայող է:

Ասլան Գարաքյանի վկայականը տարբերվում է արդարադատության նախարարի 2004թ. հունիսի 7-ի 80-Ն հրամանով հաստատված միասնական նմուշի վկայականից։ Այս մասին քաղաքացին վարչական դատարանում փաստեր է ներկայացրել, սակայն դատարանը մնացել է անդրդվելի եւ հարկ չի համարել պարզել հակասությունը: Վճռում ամրագրվել է, որ «Ա.Գարաքյանի վկայականը հաստատված, կնքված է պատշաճ մարմնի կողմից, նույնը և նրան տրված լիազորագիրը: Վկայականը և լիազորագիրը տալու գործողությունների վիճարկումը դուրս է սույն հայցի շրջանակներից»:

«Հետքը» դիմել էր ԴԱՀԿ լրատվական բաժին` պարզելու, թե ով է ստորագրում հարկադիր ծառայողների վկայականները, եւ որ իրավական ակտով է սահմանված վկայականի նմուշը: Մեր հարցերը մնացին անպատասխան: Նմանատիպ հարցով դիմեցինք նաեւ արդարադատության նախարարություն: Այնտեղից էլ պատասխանեցին, թե այդ հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ԴԱՀԿ-ից:

Ակնհայտ է, որ պատասխանատուները խուսափում են պատասխաններից, քանի որ նախարարի հրամանով վկայականները պետք է ստորագրի արդարադատության նախարարը, մինչդեռ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է այդ լիազորություններն իրականացնում:

Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք այս գործի մանրամասներին:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ԻՍԿԱՊԵՍ գտնում եմ, որ, ընդհանրապես, «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանը ԱՆՄԻՋԱՊԵՍ պիտի ազատվի աշխատանքից ու իր նկատմամբ քրեական հետապնդում պիտի՛ սկսվի: Այս կինը վաղու՜ց է անցել պրոֆեսիոնալիզմի բոլոր սահմանները՝ սա դեռ ՇԱՏ ՄԵՂՄ ասած: Խոսքը դեռ բերանիդ՝ այս 56 տարեկան «նոտարուհին» անհարգալից ու սպառնալով ասում է՝ «ազատիր,ազատի՛ր սենյակը»: ԿԱՏԱՐՅԱԼ անպրոֆեսիոնալիզմ ու անհարգանք կլիենտի հանդեպ: ԱՄԲՈՂՋ Կապանի տարածաշրջանում ՄԻԱՅՆ ՄԵԿ նոտար կա. տղուն էլ դարձրել է Քաջարանի տարածքի նոտարը: Ի՞ՆՉՈՒ: Ի՞նչ է սա. նոտարական մաֆիա՞:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վալերիկ Մկրտչյան / Սիլվա Բալայան ամուսիններին կասեմ հետևյալը - Հենց նոր ուշադիր կարդացի «Հետքում» ձեր գործի մասին տպագրված 4 հոդվածները: Պատկերացնում եմ, թե ինչքան եք հոգնել այս ամենից, բայց չհուսահատվե՛ք. արդարությունը ձե՛ր կողմն է: Ես համոզված եմ,որ այս գործը,ի վերջո, ձե՛ր օգտին է լուծվելու: Ձեր տակտիկան ՃԻՇՏ է՝ անընդհատ ու ամենուր դիմել համապատասխան մարմիններին ու գործը միաժամանակ ներկայացնել հանրությանը (ԶԼՄ-ների միջոցով): Չմտածե՛ք, թե գործը «տեղում դոփում է». դուք արդեն ԱՀԱԳԻՆ աշխատանք եք արել. շարունակե՛ք նույն ոգով: Ես իսկապես հպարտ եմ ձեզնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter