
Մշակույթի նախարարությունը չի հրաժարվել Գառնիի տաճարում սրճարան կառուցելու մտքից
Երկու ամիս առաջ հասարակության ակտիվ նախաձեռնությունների եւ ճնշումների ներքո մշակույթի նախարարությունը հայտարարեց «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Սակայն այն, ըստ էության, խաբկանք էր հանրությանը լռեցնելու համար: Շինարարությունը նախաձեռնած «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դրանից հետո պարտավորված էր վերացնելու շինարարության հետքերը, վերականգնելու տաղավարներ տեղադրելու նպատակով քանդված հենապատը:
Արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու ծրագրից հարկադրաբար հրաժարվելուց հետո ՊՈԱԿ-ը հայտարարեց շինհրապարակի վերածած տարածքը բարեկարգելու մասին: Սակայն, պազվում է, որ քանդած հենապատը վերականգնելու հետ մեկտեղ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բետոնապատել են տարածքը` այն հարմարացնելով տաղավարներ տեղադրելուն:
Մինչ այդ, Գառնիի տաճարում սրճարան կառուցելու հարցը քննարկվել էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ:
Քննարկմանը մասնակցել էին նաեւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները եւ Գառնի համայնքի ղեկավարը, որոնք հիմնավորել էին, որ արգելոցի տարածքում անթույլատրելի է տնտեսական գործունեություն իրականացնելը, եւ ՊՈԱԿ-ը շինարարության թույլտվություն չի կարող ստանալ: Բացի այդ, ՊՈԱԿ-ի խնդիրը պատմամշակութային հուշարձանների պահպանումն է եւ ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելը:
Սակայն, մինչ օրս մշակույթի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում առկա խնդիրները լուծելու համար: Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք 3-րդ դարի Արքունի բաղնիքի խճանկարի քանդվելու մասին: Ավելի քան երեք տարի է ձմռան հալոցքներից ջուրը ներծծվելով քանդում է դիցաբանական բովանդակությամբ խճանկարը, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել վթարային վիճակը վերացնելու եւ խճանկարը փրկելու համար: Չբարեկարգվեց անգամ արգելոցի տարածքի սալիկապատ ճանապարհը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել