
27 տարի անց երեք եղբայրները ճանաչվել են անմեղ
Գրեթե ամեն տասնօրյակը մեկ մամուլն անդրադառնում է արտերկրում վերաբացված հին քրեական գործերի, որոնցով դատապարտյալները ճանաչվում են անմեղ: Երեկ միջազգային մամուլը ողողված էր արդարացման դատավճռով ազատություն ստացած միանգամից երեք մարդու մասին պատմող հոդվածներով:
ԱՄՆ քաղաքացի Լուիզա Օստինի ընտանիքը վերջապես միասին է. նրա երեք տղաները դատապարտվել էին հեռավոր 1985 թ-ին՝ մեղադրվելով ավազակային հարձակման ու սպանության մեջ: Բայց ինչպես 27 տարի անց գործի վերաբացմամբ պարզվել է, ամերիկյան արդարադատությունը սխալվել է՝ դատապարտելով երեք եղբայրների մի հանցանքի համար, որ նրանք չեն կատարել:
Մեկ ընտանիքից երեք եղբայր 27 տարի առաջ ձերբակալվել էին ու երեք տարի անց՝ 1988-ին դատապարտվել երկարատև ազատազրկման՝ մեղադրվելով Ռոնի Ստյուարտի սպանության ու թալանի մեջ: Երեկ նրանք հայտարարվել են անմեղ:
Եղբայրներից մեկը՝ Դերլ Օստինը չի հասցրել վայելել ազատությունը. 2000 թ-ին՝ 37 տարեկանում նա հիվանդությունից մահացել է բանտում (արդարացվել է հետմահու), Էլվեն Ջենեթը՝ 2007 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ 50 տարեկանում: Իսկ երեկ ազատվել է նրանց երրորդ եղբայրը՝ Ռոբերտ Հիլլը 53 տարեկանում: Բոլոր երեք եղբայրների (տարբեր հայրերից) նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
Որպես ազատ քաղաքացի առաջին հարցազրույցը տալով եղբայրներից ավագը՝ Հիլլն ասել է. «Ափսոսում եմ, որ մեր մյուս եղբայրը՝ Դերլը չտեսավ այս օրը: Նրան տեսել էի դատավճռի օրը, մեկ էլ՝ թաղման օրը՝ 2000 թ-ին: Նա մահացավ մենության մեջ բանտախցում: Դերլը մեզանից լավատես էր, հավատում էր, որ մի օր բոլորս էլ ազատ կլինենք, հավատում էր արդարադատությանը: Ուրախ եմ, որ մեր ընտանիքի բարի անունը վերականգնվեց, իսկ ամբողջ այս տարիներին մայրս մենակ տառապել է մեզ համար»:
Ռոբերտ Հիլլը լրագրողներին ասել է, որ առաջին բանը, որն ուզում է անել, պառկած լոգանք ընդունելն է:
Ինչպե՞ս էին դատապարտվել երեք եղբայրները
1988 թ-ին երեք եղբայրներին դատապարտելու համար հիմք էին հանդիսացել մեկ վկայի ցուցմունքները: Դատավճռի հիմքում դրվել էին թմրամոլ Թերեզա Գոմեսի ցուցմունքները, ով 6 տարբեր սպանության դեպքերով հանդիսացել էր որպես վկա քննիչ Լուի Սքարսելայի քննած գործերով: 27 տարի անց պարզվել է, որ դրանք սուտ ցուցմունքներ են եղել:
Բրուկլինի շրջանային դատախազությունը՝ դատախազ Թոմսոնի գլխավորությամբ, հայտնաբերել է, որ վկայի ցուցմունքը չի համապատասխանում իրեղեն ապացույցների տվյալների հետ: Պարզվել է, որ վկայի ցուցմունքները կորզվել են քննիչ Լուի Սքարսելայի կողմից անօրինական մեթոդներով: Բանն այն է, որ նույն քննիչի կողմից քննվել է մեկ այլ գործ, իսկ ամիսներ առաջ այդ գործի վերանայմամբ ապացուցվել է, որ 23 տարի դատապարտյալը բանտում է գտնվել սուտ, սարքովի ցուցմունքներով:
Այդ դեպքից հետո Բրուկլինի շրջանային դատախազությունը որոշել է զբաղվել քննիչ Սքարսելայի քննած թվով 57 հին, կասկածելի գործերով, որոնցից 20-ը վերաբացելու հարց է բարձրացվել: Դատախազությունն այս գործին կցել է 10 փաստաբան, մի քանի քննիչ, օգնականներ, որպեսզի վեր հանվեն նախկին սխալները, որոնք մարդկային ճակատագրեր են արժեցել: Քննիչ Սքարսելան վաղուց թոշակի էր անցել, այժմ նրան մեղադրանք է առաջադրվել՝ քրեական գործերի արձանագրությունները կեղծելու, սուտ վկայություններ անօրինական մեթոդներով կորզելու համար:
Ինչպե՞ս է դատապարտվել ՀՀ քաղաքացի Արեն Չատինյանը
Կարդում էի այս պատմության մասին միջազգային մամուլի անդրադարձն ու հիշում հայաստանյան իրականությունից մի դեպք: Ամիսներ առաջ անդրադարձել էինք ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի գործին: 2008 թ-ին այս գործով նախաքննությունը վարել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը, ում նկատմամբ Արենի գործից մեկ տարի անց՝ 2009-ին, մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով: Արենի մայրը՝ Ալլան կարծում է, որ նույն կեղծիքներն էլ իր որդու գործում են, թերևս, արվել նրա թեթև ձեռքով: Արենն ու իր ընտանիքը բողոքում են տարբեր ատյաններ, ՀՀ գլխավոր դատախազություն, բայց նրանց պատասխանում են, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ու անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:
Եթե Արեն Չատինյանի դեպքը լիներ ԱՄՆ-ում, միայն այդ հիմքով կարող էր գոնե կրկնակի ուսումնասիրվել նրա գործը, ինչպես Բրուկլինի շրջանային դատախազությունն էր որոշել նախկին քննիչի քննած գործերն ուսումնասիրել և շուրջ 20 գործի վերաբացման հարց բարձրացրել: Ի՞նչն է խանգարում մեզանում ևս ուսումնասիրել կասկածելի քրեական գործերը:
Առաջին երկու լուսանկարները Daily News-ի
Առաջին լուսանկարում՝ արդարացված Ռոբերտ Հիլլն է, երկրորդում՝ Լուիզա Օստինն է՝ երկու որդիների հետ, երրորդում՝ ՀՀ-ում ցմահ դատապարտված Արեն Չատինյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել