HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի «Գութաներգը» ներկայացվելու է Կաննի կինոշուկայում

Գագիկ Հարությունյանը վավերագրող է: 1993թ. իր տեսախցիկով մասնակցել է արցախյան  պատերազմին: Ասում է՝ 93-ից սկսած այդպիսի պատերազմական օպերացիա չի եղել, որ չնկարի:

Մայիսի 21-ին Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային (այն կազմակերպվում է կինոփառատոնի շրջանակներում)  ներկայացնելու է «Մուսալեռից Խնապատ» և Կոմիտասի «Գութաներգ» վավերագրական ֆիլմերի նախագծերը:  

«Գութաներգի» հայերեն տարբերակն արդեն պատրաստ է, որի սյուժեի  մասշտաբային զարգացումները տեղ են գտնելու նոր նախագծում: Ֆիլմի և՛ ռեժիսորը, և՛ օպերատորը Գագիկ Հարությունյանն է (2011թ. Մոսկվայում տեղի ունեցած «Ռադոնեժ» միջազգային փառատոնին «Հայկական հաց» ֆիլմի համար նա ստացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակը, իսկ այդ ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն Արման Գասպարյանն է):

«Մուսալեռից Խնապատ» և «Գութաներգ» ֆիլմերում թե՛ օպերատորական, թե՛ ռեժիսորական աշխատանքն ինքն է կատարում: Գ. Հարությունյանը դա պայմանավորում է ֆինանսական հնարավորությունների սղությամբ՝ նշելով. «Իմ նախաձեռնությանը միացել են նաև մշակույթի և սփյուռքի նախարարությունները, բայց, համենայն դեպս, ես ստիպված եմ ինքս նկարել իմ ֆիլմերը»:

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Գութաներգը»:

- Առաջին անգամ երբ ծանոթացա Կոմիտասին՝ կարդալով նրա աշխատությունների մասին երկհատորանոց գիրքը, տպավորվել էի: Կոմիտասն ունի աշխատանք՝ «Լոռվա գութաներգ Վարդաբլուր գյուղի ոճով», որի մասին կա 39 տպագրական էջ: Դա մեծ տպավորություն էր թողել, այնուհետ մտածեցի, որ ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով՝ այդ երգի շուրջ հավաքեմ բոլոր հայ երգչախմբերը (այդպիսի փորձ եղել է, երբ նույն երգը կատարում են տարբեր երկրներ): Ես, անպատճառ, ուզում էի կապել այն տարածքի հետ, որտեղ Կոմիտասը եղել է, և դա արեցի հայկական երգչախմբերի կատարմամբ: Իսկ հիմա արդեն գերմանացիները, իրանցիներն են պատրաստվում կատարել այդ երգը:

«Գութաներգը այն» եզակի աշխատությունն է, որ Կոմիտասը թարգմանել էր տվել ֆրանսերեն  ուղիղ 100 տարի առաջ: Կարծում եմ, որ այն  պետք է ներկայացվի նաև Ֆրանսիայում: Իհարկե, գութաներգեր շատ կան  Հայաստանի տարբեր շրջաններում, բայց թե Կոմիտասի ուշադրությունն ինչու էր գրավել այդ գյուղի երգը, պատճառն իմացանք հետո, երբ եղանք այդտեղ: Մենք հասկացանք, որ այդ գյուղացիների արմատները Մուշից են: Աշխատության մեջ Կոմիտասը նման խնդիր չի դնում, թե որտեղից են արմատները, բայց մեկ այլ տեղ կարդում ենք, որ ամենահարուստ գութաներգը Մշո գութաներգն է: Այդտեղ ամեն ինչ իր նշանակությունն ունի՝ սկսած աստղերի դիրքից, իրենց աշխատելու ժամանակացույցից և այլն:

- Կոմիտասն այնքան խորություն ունի, որ նույնիսկ նրան մոտենալը պատասխանատվություն է:  Մինչ օրս ինչքան ստեղծագործություններ են եղել նրա մասին, հիմնականում կիսատության զգացողություն կամ տպավորություն են թողնում: Չե՞ք վախենում դրանից:

- Ոչ, բացարձակապես: Այդ խնդրի մասին իմ մտքով էլ էր անցնում, մտածում էի՝ ես ու~ր, Կոմիաստն ու~ր: Բայց հետո հասկացա, որ  չնայած հակասություններ կան, բայց ոչ մի վախենալու բան չկա: Երբ կարդացի Կոմիաստի աշխատությունները, ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար, հասկացա, թե ինչ պետք է արվի:

- Իսկ ի՞նչ պետք է արվի:

- Մի օրինակ նշեմ: Երբ գերմանացիներն առաջին անգամ լսեցին «Գութաներգը», մի պահ զարմացել էին, ասացին, որ Եվրոպայում նոր են սկսել անել նմանատիպ փորձեր: Նրանք ասացին, որ դա, կարծես, ավանգարդը լինի իրենց համար:

- Եվ ինչո՞վ այն կգրավի միջազգային հանդիսականին:

- Ֆիլմի հայկական տարբերակում օգտագործել եմ ժողովրդական մի ասացվածք: Երբ հողագործը ցանում է, բաժանում է՝ ասելով. «էս բուռը մորեխին, էս բուռն` անցորդին, էս բուռն` աղքատին, էս բուռը` լուսաստղին...»: Այսինքն՝ հողագործը, ասես, Աստծո տեղակալը լինի, և ամբողջ բնության բալանսն ինքն է պահպանում: Այ հենց դրանով, ինձ թվում է, պետք է գրավի հանդիսատեսին:  Անգլերեն տարբերակի դեմոյի վրա այսպիսի նախադասություն եմ գրել, որ անցյալի արվեստը բարոյական փրկության մեսիջն է, այսինքն՝ մարդը, երբ հողագործությամբ է զբաղվում, գութանի գործով, լրիվ  ձուլվում է բնության օրենքների մեջ: Դա կարևոր է, մանավանդ այսօր:

Այդ ֆիլմում մեկ ուրիշ խնդիր եմ դնում իմ առջև: Հիմա արտագաղթի և ներգաղթի խնդիրները տարածված են ամբողջ աշխարհում, և մարդիկ  կարող են քաղաքից քաղաք կամ երկրից երկիր տեղափոխվել՝ ավելի հարմար աշխատանք գտնելու նպատակով: Դա նորմալ է: Բայց մյուս կողմից` կա գութաներգ, որը կապվում է խորը արմատների հետ: Կարծում եմ, որ հենց այս երկու` թվում է, թե  իրարամերժ հոսանքներից պետք է առաջանա իսկական արվեստը:

- Սպասելիք ունե՞ք այդ փառատոնից: Կընկալվի՞ Ձեր նախագիծը:

- Ասում են՝ մինչև գետը չանցնես, հոպ մի ասա, բայց այսպիսի մի հանգամանք կա. Կոմիտասն առաջին  հայն է եղել, որ Եվրոպայում ներկայացրել է ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև եվրոպացու համար բացահայտել, թե ինչ է արևելյան երաժշտությունը, և ինչ տեղ է գրավում հայը արևելյան երաժշտության մեջ: Նա ոչ միայն հայկական, այլև այլ ազգերի երգերն է ուսումնասիրել, որը մեծ պահանջ է առաջացրել օտարազգիների մոտ: 100 տարի անց ես Եվրոպա եմ տանում Կոմիտասի ամենախոշոր գործը:

Գիտեք, Կոմիտասի մասին ֆիլմեր են արվել, որոնք հիմնականում շատ անորակ են: Կարծում եմ, որ խաղարկային ֆիլմ  նման մարդկանց մասին, օրինակ` Կոմիտասը, որ հանճարեղ է, չի կարելի նկարել, որովհետև դու չես կարող բացահայտել հանճարի երևույթը, առնվազն՝ իրենց նման պետք է լինես կամ իրենցից ավելի հանճարեղ: Ուրիշ բան, որ դու զբաղվում ես իր ստեղծած պտուղներով, երբ վերցնում ես մի աշխատանք և փորձում ուսումնասիրել, բայց չեմ պատկերացնում այն, որ գտնում են մի  մարդ, որին մորուք-բեղեր են կպցնում, և նա կարող է խաղալ Կոմիտաս: Դա ասես սրբապղծություն լինի: 

Լուսանկարը` Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

lyudmila
Որպես Մշեցու արմատներով Լոռեցի անհամբեր սպասում եմ,շնորհակալություն:Ափսոս,եթե նախօրոք իմանայի,ապա շատ հետաքրքիր դրվագ կավելացնեյի ֆիլմի համար կապված գութանավորի ՛՛ռավել քաշելու՛՛ մասին:
Գեւորգ
Մի պատմություն կա Լոռվա հորովելի հետ կապված (չեմ հիշում ով էր հեռուստատեսությամբ ներկայացնողը:) Երբ Վարդաբլուր գյուղում կանչում են «Հորովելը» լավ երգող գյուղացուն, որպիսզի Կոմիտասի համար երգի, նա զարմացաց հարցնում է - «այտա, բա առանց եզն ու գութանի երգիլ կլի?» Կոմիտասն անկրկնելի մեծություն է, նրան հարկավոր է աշխարհին ներկայացնել անպայման (նաեւ շատ Հայերի!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter