HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ մատնահետքերն են գողության ու սպանության վայրում

27-ամյա Արեն Չատինյանը 6 տարի գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ ցմահ դատապարտյալների հարկաբաժնում: Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի միանգամից 9 հոդվածներով, որոնցից ամենածանրը՝ շահադիտական դրդումներով սպանությունն է: Արենն ու իր ընտանիքը պայքարում են քրեական գործի վերանայման համար՝ պնդելով, որ նրան մեղադրել են մի սպանության մեջ (տաքսու վարորդ Սիմակ Մարտիրոսյանի), որն ինքը չի կատարել:

Սակայն տարբեր ատյաններին գրված դիմումների ու բողոքների պատասխանները կրկնում են մեկը մյուսին՝ գործի վերաբացման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:

«Հետքն» ամիսներ առաջ անդրադարձել էր Արեն Չատինյանի ճակատագրին, երբ վերջինն իր քրեական գործը վերանայելու պահանջով հացադուլ էր հայտարարել: Սակայն դարձյալ որևէ փոփոխություն չէր արձանագրվել այս գործով:

Ի՞նչ ընտանիքում է մեծացել Արենը

Լոռու մարզի Ագարակ գյուղում ապրող մանկավարժներ Չատինյանների ընտանիքում մեծացած երկու տղաները՝ Արենն ու Արմենը, տարկետում ձևակերպելով բուհերում, զորակոչվել են հայկական բանակ, ծառայել ԼՂ-ում: «Արենը զորացրվեց 2007-ի վերջին, տասը օր հետո՝ Արմենը գնաց բանակ: Արենը սովորում էր Մանկավարժական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, Արմենը՝ Ճարտարագիտական համալսարանում»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց երկու տղաների մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը՝ նշելով, որ բանակից հետո կտրուկ վատացել է տղաների հոգեբանական վիճակը:

«Ես երկու առողջ տղա եմ մեծացրել, բայց ծառայությունից հետո նրանց առողջությունը կտրուկ փոխվեց դեպի վատը: Արմենը 3 ամիս ծառայելուց հետո պառկեց հիվանդանոցում, հետո ազատվեց բանակից: Վախեցել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումից, կորցրել խոսելու ունակությունը, իսկ Արենը, չնայած ծառայել է լավ, դարձել սերժանտ, անգամ շնորհակալական նամակ ենք ստացել հրամանատարությունից, բայց երբ եկել էր բանակից, զգում էի, որ ուրիշ մարդ է դարձել. շուտ էր բռնկվում, ջղայնանում, հուզվում փոքր պատճառներից»,- պատմեց երկու տղաների մայրը:

Բանակից զորացրվելուց հետո եղբորը խնամելու և աշխատելու համար Արենը ուսումը բուհում փոխել է հեռակա: Սակայն 4 ամիս անց՝ մայիսի 4-ին, 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է կասկածվելով միանգամից երեք դրվագներով կատարված հանցագործությունների մեջ. ավազակային հարձակում տաքսու վարորդ Արթուր Պետրոսյանի վրա (2008-ի ապրիլի 4), սպանության փորձ ոստիկան Ե. Քերոբյանի նկատմամբ (2008-ի ապրիլի 14) և տաքսու վարորդ Սիմակ Մարտիրոսյանի սպանություն (2008-ի ապրիլի 28)։ Արենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով:

Առաջին երկու դրվագներով Արեն Չատինյանն իրեն մեղավոր է ճանաչել՝ նշելով, սական, որ սպանության մտադրություն չի ունեցել, պարզապես գտնվել է շփոթմունքի մեջ, նյարդային վիճակում: Իսկ երրորդ դրվագում՝ Սիմակ Մարտիրոսյանի սպանության մեջ, Արենն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ցուցմունք տալով, որ առհասարակ չի եղել դեպքի վայրում:

Քննիչի կառչելու տեղը սպանվածի բջջայինն է եղել

«Հետքը» ծանոթացավ քրեական գործի նյութերին, զրուցեց դատավարության ժամանակ Արեն Չատինյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարդան Սաֆարյանի հետ: Պաշտպանն ասաց, որ նախաքննությունն ու դատավարությունն ունեցել են մեղադրական թեքում, անգամ Արենի տված ցուցմունքն օգտագործվել է իր իսկ դեմ. «Նախաքննական մարմնի ու դատարանի խախտումներին կետ առ կետ անդրադարձել եմ իմ ճառերում, վերաքննիչ ու Վճռաբեկ բողոքներում: Ամենակարևորն այն է, որ մինչ օրս էլ ինձ համար մութ է մնում սպանության մոտիվը, թե ինչու պիտի Արենը սպաներ իրեն անծանոթ տաքսու վարորդին, ով սպանությունից հետո կողոպտված չի եղել, դեպքի վայրում գտնվել են նրա գումարները: Կարծում եմ՝ Արենին առաջին երկու դրվագներով մեղավոր ճանաչելով, սպանությունն էլ բարդեցին նրա վրա: Նախաքննության միակ կառչելու տեղը սպանվողի բջջայինից Արենի համարով կատարված զանգն էր: Այն էլ՝ տղան նշեց դատարանում, որ այդ հեռախոսը պարզապես գտել է այգում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ մեր ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սպանված տաքսիստի մեքենայից հայտնաբերվել են մատնահետքեր, որոնք պատկանում են անձը չպարզված մեկին, ով 2004 թ.-ին գողություն է կատարել (18.500.000 մլն դրամի վնաս) Ամիրյան 18Ա շենքի 78 բնակարանից (փորձագետի երակացություն համար 871):

Ի դեպ, Ամիրյան 18Ա շենքի բնակարանից գողության գործով վարույթը կասեցվել է մի քանի ամիս անց հանցանք կատարած անձանց շրջանակն անհայտ մնալու հիմքով:

Ինչպե՞ս է նախաքննությունն անտեսել ևս մեկ գողության դեպք, որը քննել է Արեն Չատինյանի գործը քննած նույն քննիչը, ինչպե՞ս է Չատինյանի գործը վարող քննիչը մեղադրվել այլ գործով փաստերը խեղաթյուրելու մեջ, ի՞նչ հանգամանքներում է Արենի դեմ ցուցմունք տվել իր հորեղբորորդին, ինչպե՞ս է Արենը որպես մեղադրյալ հարցաքննվել առանց պաշտպանի, ինչպե՞ս նա չի ստորագրել որպես մեղադրյալ ներգրավելու որոշման տակ. այս ամենին «Հետքը» կանդրադառնա հաջորդիվ:

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Lilit
Erb ver@ nshvac harceri patasxanner@ linen, karcum em Areni qreakan gorc@ klini bacarik, qani vor yuraqanchyur harci patasxan @ST IS KAROX E CARAYEL VORPES NOR EREVAN EKAC HANGAMANQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter