HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՛չ նամուս ունեք, ո՛չ թասիբ, երկիր պահողին բա կփակե՞ն»

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից կալանքի տակ է, կշարունակի մնալ անազատության մեջ: Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր մերժեց պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը Վոլոդյա Ավետիսյանի կալանքը վերացնելու մասին: Միջնորդության մերժմանը բուռն արձագանքեցին դահլիճում ներկա ազատամարտիկները. «Չեք հասկանում, որ Ալիևին եք ուրախացնում», «Մեզ բոլորիս տարեք բանտեր, մեկ ա, մի օր տեղերով փոխվելու ենք», «37 թիվն եք սարքել», «Ո՛չ նամուս ունեք, ո՛չ թասիբ, երկիր պահողին բա կփակե՞ն»… Դահլիճը բորբոքվում էր, չէր դադարում մե՛կ դատավորին, մե՛կ դատախազին դիմել:

«Ակնկալել, որ դատարանը կգնա դատախազության դեմ, նույնն է, ինչ քամու դեմ թքել» 

Կալանքի վերացման միջնորդությամբ հանդես գալու հիմքում փաստաբանը դրել էր այն հանգամանքը, որ վկաների ցուցմունքներն արդեն հրապարակվել են (իսկ կալանքի հիմքում դատարանը նշել էր, թե Վոլոդյան կարող է ճնշում գործադրել վկաների վրա), ուստի նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն արդեն չկա: Փաստաբանը վկայակոչեց ԵԴ նախադեպային որոշումները, ըստ որոնց` արդեն նախաքննության փուլում տրված վկայի մեկ ցուցմունքից հետո, ըստ էության, վերանում է վկաների վրա մեղադրյալի ճնշում բանեցնելու հնարավորությունը: Փաստաբանը նաև դիմեց դատախազ Հենրիկ Պապիկյանին. «Հանրաճանաչ հանգամանք է, որ կալանքի գործերով, առավել ևս հնչեղություն և քաղաքական կոնտեքստ ստացած գործերով խափանման միջոցը որոշում է ոչ թե դատավորը, այլ մեղադրողը։ Եվ դատարանը կուրորեն կատարում է այն, ինչ դատախազն ասում է: Ակնկալել, որ այս գործով դատարանը կգնա դատախազության դեմ, նույնն է, ինչ քամու դեմ թքել: Ուստի, հարգելի մեղադրող, խնդրում եմ Ձեզ դիրքորոշում հայտնելիս հաշվի առնել, որ Ձեր որոշումից է կախված լինելու դատարանի որոշումը»։

Դատախազ Պապիկյանը, սակայն, առարկեց՝ նշելով, որ վկաները դեռ կարող են գալ արտերկրից ու ցուցմունք տալ: Այս անգամ էլ դատարանը որպես Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու հիմք նշել էր դատաքննությունից խուսափելու հանգամանքը: Այս մասին հայտնեց փաստաբան Արա Զաքարյանը, ով մինչ այդ պահանջել էր դատարանին իրեն տրամադրել որոշման պատճենը, որպեսզի կարողանա մշակել պաշտպանության հետագա ռազմավարությունը: «Մեկ էջանոց որոշման մեջ 1 տողով պատճառաբանվել էր, թե ինչու պիտի Վոլոդյան շարունակի մնալ անազատության մեջ: Նշվել էր, որ հիմա էլ կալանքի տակ պահելու հիմքն այլ է՝ կխուսափի դատաքննությունից»,- «Հետքի» հարցին պատասխանելով` ասաց Արա Զաքարյանը, ով մինչ այդ լքել էր դատարանի դահլիճն այն բանից հետո, երբ դատավոր Լևոն Ավետիսյանը հրաժարվեց ժամանակ տալ պաշտպանին ինքնաբացարկի միջնորդություն պատրաստելու ու դատարան ներկայացնելու համար: «Հաջորդ նիստին անպայման ինքնաբացարկ եմ հայտնելու դատավորին»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ մինչ այդ դատարանը հետաձգել էր պաշտպան Զաքարյանի մեկ այլ միջնորդություն (դեռ անցած նիստին արված) 4 վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին: «Այդ միջնորդությանը կանդրադառնանք ապացույցների գնահատման փուլում»,-ասաց դատավոր Ավետիսյանը:

«Բայց ապացույցների գնահատումն ու վերաբերելիությունը տարբեր հարցեր են, այս դեպքում մեկը մյուսի հետ կապ չունի, հարգելի դատարան, Դուք պարտավոր եք հիմա քննել իմ միջնորդությունը»,- հայտարարությամբ հանդես եկավ Արա Զաքարյանը: Սակայն դատավորն ասաց, որ դատարանն արդեն որոշում է կայացրել, և այն չի վիճարկվում, բայց հայտարարությունն ընդունվում է ի գիտություն:

Վոլոդյայի «Երազ» մեքենայի վրա ծաղկեպսակ է դրված եղել

Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Իմ ընտանիքին պատկանող «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է դրված եղել ամսի 5-ի գիշերը, ամսի 6-ին էլ իմ դատն է եղել։ Եվս մեկ անգամ իշխանությունները փաստում և ապացուցում են՝ էս ամենը պատվեր է, որի համար ես ոչ մեկից ոչինչ չունեմ վախենալու։ Էստեղ խնդիրը ես չեմ, խնդիրը մեր ժողովուրդն է, մեր պետությունն է, որ մեր ազգի կեսը չի հասկանում, որ կորցնելու ենք»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը՝ դիմելով դահլիճում ներկա իր ընկերներին։

«Սա մեր ազատագրած հողն է, սա էլ` քո ստացած գրոշները»

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ սեղանին դրեց ինքնաշեն նժարը՝ երկու ափսե, որոնցից մեկի մեջ, ինչպես ինքն ասաց, Լաչինից բերված հող էր, մյուսի մեջ՝ մանրադրամ։ «Սա մեր ազատագրած հողն է, սա էլ ձեր ստացած գրոշները։ Կշռի՛, տե՛ս`  որն է ավելի ծանր»,- ասաց նա՝ դիմելով դատախազին ու դատավորին։

Դատավորն առանց դահլիճի ու փաստաբանի ներկայության հետաձգեց նիստը՝ նշանակելով մայիսի 26-ին:

Ազատամարտիկները «Ամոթ դատավորին», «Հրաման եք կատարում» բացականչություններով լքեցին դահլիճը ու փակեցին կալանավորներին շենքից դուրս ու ներս բերող ճանապարհը, որպեսզի թույլ չտան դատարանից տանել Վոլոդյա Ավետիսյանին։ Ողջ դատական նիստին ներկա էին նաև ոստիկաններ։


Մեկնաբանություններ (2)

aaaaa
iskakan Azatamartik----------Azatazurk u axqat,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, sut Azatamartik---------------Patgamavor u harust
ՀԱԿԱՌԵԺԻՄ
Ահա թե ինչ է լինում, երբ իսկական հանցագործները իշխանություն են գրավում։ Լիսկայենք պիտի ազատ մնան, իսկ Վարդան Պետրոսյանը, Վոլոդյա Ավետիսյանը և էլի ուրիշ անմեղներ մնան բանտում, Սա չէ՞ ձեր արդարադատիությունը, ապահով Հայաստանի փառապանծ ղեկավարներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter