
«Չեն թողնում պապան տուն գա»
5 անչափահաս երեխաները սպասում են հոր ազատ արձակվելուն
Նոր Խարբերդում է ապրում ազատամարտիկ, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ, հայրենի գյուղի երբեմնի գյուղապետ Ալեք Պողոսյանի բազմազավակ ընտանիքը:
Հինգ անչափահաս երեխաները՝ Մարտունը, Րաֆֆին, Մոնթեն, Սաթենիկն ու Շանթը առանց հոր ապրում են արդեն 7 ամիս: Ալեքը կալանքի տակ է անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի պատճառով:
Փոքր տնակ՝ փոքր հողամասով. երկու մարգ կարտոֆիլ, երկու մարգ վարունգ, կանաչեղեն: Մանեն այս տարի մենակ է մշակել տնամերձ հողակտորը. «Երեխաներն արդեն օգնում են ինձ՝ մանավանդ մեծերը, չեմ դժգոհում»,- ասում է Մանեն, ով չի աշխատում, քանի որ երեխաների հոգսը շատ է. «Ո՞ւմ հույսին թողնեմ, դուրս գամ աշխատանքի: Ավելի լավ է՝ նրանց դաստիարակությամբ զբաղվեմ, լավ քաղաքացիներ մեծացնեմ»,- շարունակում է 5 երեխաների մայրը:
5-13 տարեկան անչափահաս հինգ երեխաներն ու նրանց մայրը գոյատևում են 51 հազար դրամ ընտանեկան նպաստով, երբեմն նաև օգնում է «Շանթ և ազատություն» հիմնադրամը: Նույնիսկ պաշտպան չեն կարողացել վարձել ամուսնու համար, օգտվում են հանրային պաշտպանի ծառայությունից:
«Գիտեմ, որ կալանքի որոշում կայացնելիս դատարանը պիտի հաշվի առնի քաղաքացու ընտանեկան դրությունը, անչափահաս երեխաներ ո՞ւնի, թե՞ ոչ, պետք է հաշվի առնի մարդու անցած ճանապարհը, նրա բնութագիրը: Ելնելով այդ հանգամանքներից՝ Ալեքի նկատմամբ, կարծում եմ, պիտի կալանք չկիրառվեր: Նա կյանքը չի խնայել հայրենիքի պաշտպանության համար, ուսումը բուհում կիսատ է թողել, կամավոր գնացել թշնամու դեմ, այժմ էլ 5 երեխա է մեծացնում: Ու նրա պես մյուսները»,- ասում էր Ալեքի կինը:
Ինչպե՞ս է բազմանդամ ընտանիքը գոյատևում առանց միակ կերակրողի
«Դե՛, խելացի ենք ծախսում, կոպեկը հաշվում ենք... չեմ սիրում լաց լինել: Ապրում ենք արժանապատիվ: Ալեքի մոտեցումն էլ է նույնը: Միշտ գլուխը բարձր է ապրել»,-պատմում է Մանեն՝ ցույց տալով ամեն երեխայի համար անվանական պատրաստված լուսանկարների 5 ալբոմները, որտեղ շատ էին ընտանեկան լուսանկարները:
Առաջին հունիսի 1-ն առանց հայրիկի
Մանե Մնացականյանը պատմեց, որ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ալեքը մշտապես երեխաներին տարել է քաղաք. կարուսել, սրճարան ու այգի: «Առաջին հունիսի 1-ն է, որ երեխաներն առանց Ալեքի են դիմավորում: Հուսանք՝ վերջինը կլինի: Թող բոլոր հայրերը իրենց երեխաների գլխին լինեն, որ նրանք ուժեղ մեծանան: Այս տարի երեխաներիս ոչ մի տեղ չեմ տարել, ընդամենը ասել եմ՝ լողավազանը ջուր լցրեք, լողացեք: Իրենք հասկացող են, չեն նեղանում: Եթե ասում եմ՝ հնարավոր չէ, ուրեմն՝ վերջ, համակերպվում են»,- պատմում էր Մանեն:
Ալեքն ընտանիքը Դավիթ Բեկից Խարբերդ՝ Երևանին մոտ է տեղափոխել 6 տարի առաջ, երբ զգացել է, որ երեխաները շախմատ լավ են խաղում (որ շախմատի խմբակ հաճախեն. գյուղում նման հնարավորություն չկա): Շախմատի առաջին ուսուցիչը հայրն է եղել: Ալեքի ու Մանեի 4 որդիներն ու միակ դուստրը՝ բոլորն էլ հաջողություններ ունեն շախմատում: Իսկ միակ դուստրը՝ Սաթենիկը առաջատարն է ընտանիքում. նա ոսկե մեդալ ունի, որով էլ հպարտանում է ու լուսանկարվում:
Ալեքի ու Մանեի երեխաները գիտեն, որ հայրիկը բանտում է, այդ մասին գիտի անգամ 5 տարեկան Շանթիկը: Իսկ երբ հարցրեցի նրան, թե բանտը ինչ է, պատասխանեց. «Չեն թողնում պապան տուն գա»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել