HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստանա. ծուղակ եւ խայտառակություն-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

 Սկիզբ

Թերեւս, պահն է` ամբողջացնելու Աստանայի դրաման, որի գագաթնակետը Իլհամ Ալիեւի նամակի ընթերցումն էր` ուղղված տրոյկայի նախագահներին: Եթե Եվրոպական տնտեսական միությանը (ԵՏԿ) Հայաստանի միանալու՝ նախորդ մասում վերլուծված ժամանակային ու տեխնիկական բնույթի բոլոր խոչընդոտները համեմատաբար հեշտ հաղթահարելի են, ապա ղարաբաղյան խնդրով առաջադրված նախապայմանը դժվարին խոչընդոտի է վերածվում, քանի որ կոնֆլիկտը շատ տարբեր շահեր է շոշափում: Տնտեսական քողածածկույթով այս մի խնդիրը բացառապես քաղաքական բնույթի է, որի հաղթահարումը դժվար է նախեւառաջ Երեւանի համար:

Նախկինում ծավալուն շարքով առիթ ենք ունեցել հանգամանորեն անդրադառնալու այն երեք խումբ խնդրներին կամ գործոններին, որոնք անցած ամիսներին խոչընդոտեցին Հայաստանի «նախանձախնդիր ու փութաջան» եվրասիական ինտեգրացիան: Դրանք են.

  1. «Ճանապարհային քարտեզի»՝ ՀՀ-ի ու նրա իշխանությունների համար վտանգաշատ միջոցառումները, որոնք կարող են կատարվել կա’մ Հայաստանին ֆինանսական երաշխիքներ, կա’մ արտոնություններ տրամադրելու դեպքում, այդ թվում՝ պարտավորությունները փուլային եղանակով կատարելու տեսքով. Կրեմլը Մաքսային միությանն անդամակցելու Երեւանի սեպտեմբերի 3-ի որոշման դիմաց նման խոստում է տվել, սակայն մինչեւ օրս չի կատարել, իսկ Բելառուսն էլ սկզբիցեւեթ առաջ է քաշել Հայաստանի պարտավորությունների` «փաթեթով» կատարման պահանջը:
  2. Եվրասիական եռյակի  անհամաձայնությունները ստեղծվող միության շրջանակներում մաքսային նոր կարգավորումների, նաեւ՝ այդ միության բնույթի ու կարգավիճակի մասին. Բելառուսը ցանկանում էր արտոնություններ կորզել Մոսկվայից, մինչդեռ Հայաստանը սպառնում էր հիմնադիրի կարգավիճակով «համալրել» հայցորդների շարքն ու մրցակից դառնալ Մինսկին: Դրանից բացի, Ղազախստանն ամեն ինչ անում էր, որպեսզի միությունը քաղաքական չլինի, իսկ Հայաստանն իր անդամակցությունը հիմնավորել էր նաեւ անվտանգության/քաղաքական խնդիրներով: Արդյունքում, մինչեւ միության հիմնադրումը երկուսի համար էլ Ռուսաստանի դիրքերն ուժեղացնող «չորրորդն ավելորդ էր», քանի որ դա խանգարելու էր իրենց շահերի բավարարմանը:
  3. Մաքսային/Եվրասիական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ տրոյկայի պետությունների «վերաբերմունքը». Բելառուսը բացահայտ դժգոհում էր, որ ՄՄ նորեկ Հայաստանը կարող է առանց «տառապելու», հեշտությամբ շահող կողմ դառնալ, մինչդեռ ինքը որպես հնաբնակ՝ ոչ: Թյուրքական աշխարհի ինտեգրացիոն նախագծի շրջանակներում դոմինանտ դերի ակնկալությամբ էլ Ղազախստանը պետք է հաշվի առներ այդ ձեւաչափում դաշնակիցների, մասնավորապես՝ Ադրբեջանի շահերը:   

Այսպիսի բազմաբնույթ ու փոխկապված գործոնների համատեքստում անդրադարձել ենք Մաքսային միությանը հնարավորինս արագ անդամակցելու Երեւանի գլխավոր շարժառիթներին: ՀՀ իշխանություններին դա պետք էր, որպեսզի.

  1. բացի ՄՄ-ին անդամակցության արդյունքում հնարավոր վնասների դիմաց զգալի փոխհատուցում ստանալը` Վ.Պուտինի խոստացած մեծածավալ ռուսական ներդրումները հնարավորինս շուտ հոսեին Հայաստանի գահավիժող տնտեսություն. ՌԴ նախագահն ու վարչապետը բացահայտ ու հրապարակային հայտարարել են, որ դա տեղի կունենա միայն ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո,
  2. ուկրաինական մայդանի ճգնաժամային փուլում Հայաստանն ու ԼՂ-ը հայտնվեին ավելի մեծ «անվտանգության հովանոցի» ներքո, ինչպիսին ձեւավորվող Եվրասիական միությունն էր,
  3. հնարավորինս շուտ հստակեցվեին Մաքսային միությունում Հայաստանի նոր պարտավորությունները՝ պայմանագրային նոր հենքի շուրջ Բրյուսելի հետ վերսկսելու բանակցություններն այն ոլորտներում, որոնք դուրս են եվրասիական ինտեգրացիայի տիրույթներից,
  4. հնարավորինս վաղ միանալով Մաքսային միությանը՝ Հայաստանը դառնար Եվրասիական տնտեսական միության հիմնադիր՝ ազդելով խաղի նոր կանոնների սահմանման վրա եւ մյուսների հանգույն՝ կորզելով նորանոր արտոնություններ: 

Սակայն, ի հակառակ Հայաստանի այսպիսի բացահայտ ակնկալիքների եւ շտապողականության, տրոյկայի 2013թ. հոկտեմբերի նիստից մինչ օրս եռյակի երկու երկրները՝ Բելառուսը եւ Ղազախստանը, փոխպայմանավորված խաղարկում են վերոնշյալ երեք խմբերի խնդիրներն ու գործոնները եւ խոչընդոտում Հայաստանի արագացված եվրասիական ինտեգրումը: Մոսկվան իր հերթին չի կատարում տված խոստումը, որի մասին Աստանայում վերստին ակնարկեց Սերժ Սարգսյանը, նաեւ՝ չի կարողանում կամ ցանկանում վերացնել Երեւանի առջեւ մյուս երկու նախագահների առաջադրած խոչընդոտները:

Մաքսային միություն Հայաստանի մուտքի «արգելափակման» ժամանակագրությունը. Մինսկից մինչեւ Աստանա

Աստանայում կատարվածի վերլուծության համատեքստում արժե մեկտեղել տրոյկայի նախորդած նիստերում Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացի տորպեդահարման հիմնական հայտարարությունները, որոնց անդրադարձել ենք տարբեր վերլուծականներում:

Այսպես. 2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում Բելառուսի նախագահը հայտարարեց, թե «Մաքսային միությանը Հայաստանը չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի եւ ոչ էլ նույնիսկ հաջորդ տարի», իսկ եռյակին միանալ ցանկացողները «պետք է անցնեն ինտեգրման նույն ուղին, որն արդեն անցել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, եւ ամբողջ ծավալով ու առանց բացառությունների ստանձնեն բոլոր պարտավորությունները»: Ասել է թե՝ պարտավորությունների «փաթեթային» կատարում: 

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում նախագահ Լուկաշենկոյից էստաֆետը վերցրեց Ղազախստանը եւ սպառնաց  ԼՂ չլուծված խնդրի՝ Հայաստանի սահմանների անորոշության պատճառով գրավոր վերապահում կցել Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատող տրոյկայի որոշմանը: Ակնհայտորեն, Մոսկվայի հորդորով նա դա չարեց՝ այդ կապակցությամբ միայն բանավոր պահանջ հնչեցնելով:

2014թ. մարտի 5-ին տրոյկան ընդամենը բավարարվեց «ճանապարհային քարտեզի» միջոցառումների գրեթե կեսի կատարման դիմաց Հայաստանին քաջալերելով: Որպես շտապող ու հիասթափված Երեւանի համար մխիթարություն, Վ.Պուտինը հրապարակավ խոստացավ ապահովել նրա՝ «ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին միանալը»: Տրոյկայի այդ նիստում գերակայեցին ստեղծվելիք Միության շուրջ եռյակի պետությունների միջեւ տարաձայնությունները:

Ապրիլի 29-ին տրոյկայի նիստում կրկին Բելառուսի նախագահը հիշեցրեց, որ «Մաքսային միության ընդլայնումը պետք է շահավետ լինի ոչ միայն անդամակցողի, այլեւ ողջ միության համար» (այսինքն՝ Հայաստանի միանալուց օգուտները չեն տեսնում, մինչդեռ տեսնում են հավելյալ բեռը), «չպետք է տրամադրվեն հատուկ պայմաններ ու կարգավիճակ» (իսկ Հայաստանը հայցում էր երկուսն էլ), դիմորդները «պետք է ապրեն ինտեգրացիոն էտապների այն նույն տառապանքը, ինչ երեք երկրներն են անցել» (Հայաստանն ուզում էր թռիչքով անդամակցել), «ոչ մեկ ոչ մեկի թիկունքից չհրի» (իսկ Ռուսաստանը ցույց էր տալիս, թե Հայաստանի թիկունքից հրում է):

Մայիսի 29-ի Աստանայի նիստը տրոյկայի այն նիստը դարձավ, որտեղ Հայաստանի եվրասիական գործընթացը տորպեդահարելու բոլոր գործոնները համակցված խաղարկվեցին: Հատկանշական է, որ նախկինում կա’մ գործոնների մեկ, կա’մ մյուս խումբն էր գործի դրվում:

Բացի այն, որ մերժվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը հունիսի 15-ին ստորագրելու Սերժ Սարգսյանի առաջարկը, կամ որ այդ պայմանագրի նախագծում առեւտրային բլոկի մի քանի կետերով դեռեւս չհամաձայնեցված լուրջ հարցեր էին մնացել, որոնց վերաբերյալ առաջիկա 2 օրերին պատասխանները ստանալու ակնկալիք հայտնեց Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահը Երեւանի առջեւ անցանկալի նախապայման առաջ քաշեց, որն ավելին է, քան խնդրի բարձրաձայնումը:

Ղարաբաղյան նախապայման. Բելառուսի ակնարկը, Ռուսաստանի լռությունը եւ Ղազախստանի վեապահումը

Հայաստանի անդամակցության հարցով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, ապա՝ նույն հարցով Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստիենկոյի զեկույցից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց առաջին արարը՝ Հայաստանին ու Ղրղզստանին հիշեցնելով պարտավորությունները «փաթեթով» կատարելու անհրաժեշտության մասին.

«Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք մեր միություն երկու եղբայրական հանրապետությունների մտնելու հեռանկարի հարցի քննարկմանը: Մենք (Բելառուսը), որպես աշխարհում եւ մասնավորապես հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման ու խորացման կողմնակից, չենք կարող չողջունել այդպիսի դիրքորոշումը: Կասեմ միարժեք եւ հստակ. մենք պայմանավորվել ենք եւ մշակել ենք «ճանապարհային քարտեզը»: Կիրականացվե՞ն մեր պահանջները, այդ պետությունները կհասնե՞ն Մաքսային միություն մտնելու պատրաստվածության այդ մակարդակին, կկատարե՞ն բոլոր պայմանները, բարի գալուստ, մենք հաճույքով կընդունենք այդ պետություններին մեր շարքերը»:

ԵՏԿ-ին Հայաստանի միանալու կապակցությամբ ՌԴ նախագահ Վ.Պուտինի խոսքը ուղղակի զորակցության հերթական խոսքն էր. «Եվրասիական հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել Հայաստանի Հանրապետությունից ու Ղրղզստանից մեր գործընկերների հետ: <...> Շատ հաճելի է լսելը, որ Հայաստանում եւ Ղրղզստանում մեր գործընկերների տրամադրվածությունը շատ լուրջ է, պրագմատիկ, իհարկե՝ նախեւառաջ հիմնված ազգային շահի վրա, նաեւ առկա է սահմանված սահմանագծերին հասնելու բացահայտ ձգտում՝ հենվելով մեր համատեղ ջանքերի վրա: Մենք պաշտպանելու եւ աջակցելու ենք այդ գործընթացին»:

Ի նկատի ունենալով, որ Վիկտոր Խրիստիենկոյի ներկայացրած զեկույցի համաձայն ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը պատրաստ է, իսկ «հաղթահարելի» հարցերը կլուծվեն առաջիկա օրերին, Ղազախստանի նախագահը շարունակեց. «Մեզ անհրաժեշտ է հանձնարարել պատրաստել համապատասխան որոշումը: Եթե բոլորը պատրաստված են, մնացյալ հարցերը կարող են արագ լուծվել, ապա միգուցե կանգ առնենք նրա վրա, որ այդ հարցը լուծենք հունիսի ընթացքում՝ մինչեւ հուլիսի 1-ը»: Վիկտոր Խրիստիենկոյին հանձնարարությունը վերաշարադրելիս նա եւս մեկ անգամ կրկնեց. «մինչեւ հուլիսի 1-ը՝ եթե հունիսի ընթացքում բոլոր առեւտրային հարցերը լուծվում են, որպեսզի  Հայաստանի նախագահը կարողանա ասել, որ...»:

Ապա դիմելով Սերժ Սարգսյանին` Նազարբաեւը հայտարարեց. «Սակայն, մեկ հարց կա, որը կարելի կլիներ լուծել հետագայում: Այն մեզ համար այդքան էլ հաճելի հարց չէ՝ կիրառել այն, ինչը դուք կիրառել եք ԱՀԿ-ին անդամակցելիս, որպեսզի  չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն այնտեղ Ադրբեջանում. ՄԱԿ-ի կողմից ամրագրված սահմանների շրջանակներում: Դուք այդպես եք անդամակցել ԱՀԿ-ին, կա նախադեպ: Եկեք մենք դա հունիսի ընթացքում քննարկենք: Մենք՝ բոլոր նախագահներս, ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է պայմանով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում:  Դա՝ (ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության կարգի կիրառումը-Ս.Ս.) քննարկման համար: Մենք այսօր չենք լուծի այդ հարցը... Որպեսզի հանենք բոլոր տեսակի հարցերը»:

Վերջին անգամ անցած տարվա դեկտեմբերին էր հիշատակվել ղարաբաղյան հակամարտությունն ու Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանի վրա մաքսակետերի խնդիրը, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ բազում միջպետական (այդ թվում՝ Ղազախստանի մասնակցությամբ) պայմանագրերի միանալիս Հայաստանը նման խնդիր չի ունեցել:  Ակնհայտորեն, նա անակնկալի եկավ ոչ միայն Ալիեւի նամակից, այլեւ թե ինչո՞ւ է սպառիչ պատասխանի արժանացած հարցը վերստին բարձրացվում:

Հայաստանի քաղաքական-քաղաքագիտական միտքն արդեն նկատել է, որ որեւէ մեկը, առաջին հերթին՝ Հայաստանի նախագահը չհանդգնեցին տեղում հիշեցնել Ղրիմը, որը նույնպես չի մտնում Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների մեջ: Նաեւ նկատվել է, որ Հայաստանի համար տհաճ ու վտանգավոր խնդրի բարձրացման ժամանակ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահը լռեց: Այդ ամենից տրամաբանորեն եզրակացվել է, որ փաստացի այդ կառույցին չանդամակցող Ադրբեջանի շահերն ավելի են կարեւորվում ու հարգվում, քան անդամակցել ցանկացող Հայաստանինը:

Որքան էլ Աստանայում տեղի ունեցողը համարվի Հայաստանի պետական ու արտաքին քաղաքականության տկարության արտացոլանք, այդուհանդերձ, չենք կարող չընդունել, որ առկա է եվրասիական եռյակի խաղն ընդդեմ Հայաստանի անդամակցության: Եթե նույնիսկ համարենք, որ Ղրիմի հարց ունեցող Ռուսաստանը չէր կարող տրոյկայի նիստում հրապարակավ պաշտպանել Հայաստանին, իսկ նրանից մեծ կախում ունեցող Հայաստանն էլ չէր հանդգնի Ղազախստանի նախագահին հակադարձելիս զուգահեռներ տանել ԼՂՀ-ի ու Ղրիմի միջեւ, ապա գոնե մի բան պետք է հաստատապես եղած լիներ. Ռուսաստանի նախագահը կարող էր եւ պետք է Հայաստանի նախագահին նախապես տեղյակ պահեր ոչ միայն Իլհամ Ալիեւից ստացված նամակի, այլեւ տրոյկայի նիստում այն հրապարակելու մտադրության մասին:

Թերեւս, հենց այդ հանգամանքն է դրդում եզրակացնել, որ եթե անգամ Ռուսաստանը չի կարողանում պարտադրել  Բելառուսին ու Ղազախստանին խնդիրներ չստեղծել իր կրտսեր դաշնակցի համար, նրան այդ խոչընդոտները պետք են՝ դա մտնում է նրա հաշվարկների ու ռազմավարության մեջ:

Իսկ այդ ռազմավարության արդյունքները միանգամայն տեսանելի են. անցած տարվա սեպտեմբերի 3-ից սկսվել է մի գործընթաց, որն անուղղակիորեն, անտեսանելիորեն ու ժամանակ առ ժամանակ առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Երբ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում հաստատվեց Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», այդ ժամանակ ղարաբաղյան խնդիրը միայն թեթեւակիորեն հայտնվեց եվրասիական եռյակի սեղանին:

Անկասկած է, որ Ղազախստանի նախագահն այն ժամանակ դա առաջին հերթին արեց Բաքվի հետ կոնսուլտացիաների արդյունքում: Իսկ Ալիեւին նման կոնսուլտացիայի դրդել էր «ԼՂՀ-ով հանդերձ Հայաստանի եվրասիականացման» հեռանկարը, ինչը կարող էր դրամատիկ ազդեցություն թողնել ղարաբաղյան խնդրի հետագա զարգացումների վրա:

Սկզբնական շրջանում թեկուզեւ Նազարբաեւի միջոցով Ադրբեջանի «հաղորդակցությունը» եվրասիական նախագծին միանգամայն ձեռնտու էր Կրեմլին: Մյուս կողմից` դա Մոսկվային թույլ էր տալիս դեպի Մաքսային միություն ձգտող Հայաստանի առջեւ ներկայանալ իբրեւ նրա խնդիրները լուծող, ով Ղազախստանին համոզում է մեղմել իր դիրքորոշումը կամ հանել վերապահումը, Բելառուսին համոզում է չառարկել, Հայաստանին օգնում է պայմանագիրը մշակել եւ այլն:

Կրմելի կողմից բավական նուրբ տեխնոլոգիաներով խթանված այս պատեռնը ամիսներ անց հանգեցրեց նրան, որ Իլհամ Ալիեւն արդեն սկսեց դիմել ոչ միայն Ղազախստանի նախագահին, այլեւ տրոյկայի նախագահներին: Իսկ սա մեկ քայլ առաջ է Մոսկվայի համար:

Միայն մակերեսային դիտարկման դաշտում կարող է Աստանայում տեղի ունեցածը որակվել իբրեւ Ադրբեջանի «ազդեցիկության» դրսեւորում: Այն որքան Հայաստանի, նույնքան եւ Ադրբեջանի խոցելիության արտացոլումն էր:

Ադրբեջանի սահմանների թեման այլեւս տրոյկայի սեղանին է: Տրոյկան սկզբում Հայաստանին խոստացել էր անտեսել այդ խնդիրը, սակայն այժմ Ադրբեջանին հասկացնում է, որ եվրասիականանալու կամ դրա երաշխավորված խոստման դեպքում պատրաստ է այս պահին Երեւանի ձեռքերով ամրագրել նրա իսկ սահմանները:

Տրոյկայի անդամների բանավոր որոշմամբ հունիս ամիսը, ի թիվս հիշատակված մյուս խնդիրների, կնվիրվի նաեւ այս հարցին, քանի որ, ինչպես Նազարբաեւը ձեւակերպեց, փորձ է արվելու «վերացնել» ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշման նախապատրաստմանն առնչվող բոլոր հարցերը՝ առեւտրայինից միչեւ սահմանային:

Դա նշանակում է` որքան որ տրոյկայի սեղանին նայելու է Սերժ Սարգսյանը (պատասխաններ ստանալ գործարարների ու հասարակայնությանը հուզող հարցերով, բանակցված լուծումներ առեւտրային բլոկի խնդիրներով, ԼՂՀ-Հայաստան սահմանին բացառել մաքսակետերը), նույնքան եւ` Իլհամ Ալիեւը:  

Փաստացի, Հայաստանի համար խոչընդոտների իսպառ վերացումը կախված է նրանից, թե որքան շուտ Ադրբեջանը կհանձնվի, եւ հակառակը: Եթե դա բավարար չափով տեղի չունենա այս ամսվա ընթացքում, բնականաբար, Ռուսաստանը չի վերացնի եւ/կամ չի օգնի վերացնել Հայաստանի ինտեգրման ճանապարհին հարուցված խոչընդոտները:

Նազարբաեւ հայտարարել է, որ Ալիեւի նամակի «ոչ հաճելի» խնդիրը «կարելի կլինի լուծել նաեւ հետագայում», սակայն քանի որ Հայաստանը շահագրգռված է շուտ անդամակցել, իսկ բոլորն էլ պատրաստ են դրան, հետեւաբար հունիս ամսվա վերջում Հայաստանի նախագահն ինքը պետք է կարողանա ասել՝ արդյո՞ք պատրաստ է միանալ ԵՏՄ-ին:

Այս անգամ Ալիեւի անունից հնչեցնելով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նախապայմանը` տրոյկան փաստացի իր վրայից «հանում է պատասխանատվությունն» ու այն թողնում Երեւանի վրա. ընդունելի կլինի՞ նրա համար նախապայմանը, այդ դեպքում կանդամակցի: Իսկ եթե Հայաստանը չընդունի այն, ապա «շանս» կա հետագայում էլ անդրադառնալ այդ հարցին: Դա նաեւ Ադրբեջանի մտածելու ու կողմնորոշվելու ժամկետը կլինի:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց . «Ակնկալում ենք, որ Հայաստանը շուտով Միության գործարկումից հետո կկարողանա դառնալ նրա լիարժեք, լիիրավ անդամը», իսկ ԵՏԿ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը «անհրաժեշտ է հաստատել ու ստորագրել ամենամոտ ժամանակում»:  

Հուլիսի 1-ին հհաստատվի՞ Հայաստանի միանալու պայմանագիրը, կստորագրվի՞ այն հոկտեմբերին Մինսկում կայանալիք տրոյկայի նիստում` թերեւս կախված կլինի ոչ միայն Երեւանի պատասխանից, այլ նաեւ Ադրբեջանի եվրասիականացման տեմպերից: Մի բան պարզ է` Միությունը գործարկվելու է 2015թ. հունվարի 1-ից, իսկ Վ. Պուտինը ակնարկում է դրանից հետո Հայաստանի միանալու հեռանկարի մասին: 

Աստանայում տեղի ունեցածը եվրասիական ինտեգրման դաշտ Ադրբեջանին աստիճանական ներքաշելու բազմաշերտ ու խորքային գործընթացի ընդամենը մեկ հարթությունն է: Իրականում, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը խորքային փոխակերպման մեջ է:

Աստանայից մի քանի օր անց՝ հունիսի 2-ին, Մոսկվան արդեն զգուշավոր կերպով Եվրասիական տնտեսական միությանը կամ ինտեգրման որեւէ ձեւի միանալու հրավեր ուղարկեց Բաքվին՝ տալով ընտրության լայն հնարավորություն: Բաքուն առայժմ մերժեց այն: Մոսկվան դրանով չի բավարարվի՝ կամ կավելացնի Բաքվի գայթակղությունը, կամ հակառակը՝ կփորձի նախազգուշացնել:

Ինչպես ցանկացած այլ դեպքում, Երեւանի առջեւ ծառացած այս բարդագույն խնդիրը ոչ միայն մարտահրավեր է, այլեւ կարող է հնարավորություն լինել:

Իսկ դրա համար պաշտոնական Երեւանը պարտավոր է հասկանալ Ադրբեջանի եվրասիականացման-հակաարեւմտականացման ընթացիկ գործընթացը, նաեւ՝ ղարաբաղյան հարցը խաղարկելու Կրեմլի տեխնոլոգիաները հենց եվրասիական ինտեգրման գործընթացում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter