HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են բանտերից պայմանական ազատվում

Դատապարտյալները ահազանգում են, որ «տաբուի» տակ են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնցով պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում (104՝ սպանություն, 112՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 175՝ ավազակություն, 176՝ կողոպուտ, 178՝ խարդախություն, 179՝ յուրացնելը կամ վատնելը, 215՝ մաքսանենգություն, 266՝ թմրամիջոցների կամ հոգեմետ  նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կամ իրացնելն ու պատրաստելը և մի քանի այլ հոդվածներով):

«Հետքը» փորձեց պարզել, թե 2006 թ.-ից սկսած (երբ ներդրվեց պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը), ինչպիսի վիճակագրությամբ է կիրառվել պայմանական ազատումը:

2012 թ.-ին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ կատարվել է հետազոտություն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ՀՀ-ում» թեմայով: Ըստ այդ վերլուծության, 2006 թ-ից տարեց տարի վարչական հանձնաժողովների կողմից (ՔԿՀ-ների) անկախ հանձնաժողովին ներկայացված դատապարտյալների տոկոսը նվազել է՝ 85 տոկոսից հասնելով 26 տոկոսի (2010 թ.)։

Իսկ անցյալ տարի պայմանական վաղաժամկետ ազատվել է ընդամենը 26 դատապարտյալ հետևյալ հոդվածներով (1-ական դատապարտյալ 132՝ շահագործման նպատակով մարդուն թաքցնելը, 138՝ բռնաբարություն, 176՝ կողոպուտ, 235՝ ապօրինի զենք, 361՝ զորամասը ինքնակամ լքելը, 104՝ սպանություն, 5-ական դատապարտյալ գողության ու խարդախության համար դատապարտված, 2-ը 266 հոդվածով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ  նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կամ իրացնելն ու պատրաստելը և 7 դատապարտյալ 268 հոդվածով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ  նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու նպատակի):

Այն հարցին, թե ի՞նչ չափանիշների հիման վրա է անկախ հանձնաժողովը որոշում կայացնում դատապարտյալին դատարան ներկայացնելու կամ մերժելու վերաբերյալ, հարցվածներից մեկը նշել է՝ «աչքաչափով»:

Իրավապաշտպանները, ոլորտով զբաղվող կառույցները պարբերաբար բարձրաձայնում են, որ պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը արդյունավետ չէ:

«Ինչքան քիչ դատապարտյալ, այնքան քիչ գումար՝ բյուջետային ու դատապարտյալներից շորթված»

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գտնում է, որ այնպես, ինչպես Հայաստանում որևէ պետական կառույց անկախ չէ, այնպես էլ անկախ չի կարող լինել ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովը.  «Եթե լիներ իսկապես անկախ կառույց, կարիք չէր լինի անվան մեջ ֆիքսել անկախ բառը»,- ասաց իրավապաշտպանը, ում կարծիքով ամենևին էլ կարիք չկար միջանկյալ օղակ ստեղծելու: «Նշվում էր, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն ռիսկեր կային, դա էր պատճառը, որ ստեղծվեց 3-րդ օղակը՝ չակերտավոր անկախ հանձնաժողովը: Ըստ իրավապաշտպանի, Հայաստանում չի գործում պայմանական վաղաժամկետի ինստիտուտը, փոխարենը ժամանակ առ ժամանակ, որպես կոմպրոմիսային որոշումներ, համաներումներ են արվում: «Եթե գործի վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, համոզված եմ, համաներումների կարիք չի լինի»:

Ըստ Ավետիք Իշխանյանի, հանձնաժողովներում հիմնական դերը կատարում են ուժային կառույցների ներկայացուցիչները: «Այն մարդիկ, ովքեր դատարաններում մեղադրանքն են պաշտպանում, ինչպե՞ս կարող են մարդուն դիտարկել ոչ որպես հանցագործ: Առաջին տարիներին ես հիշում եմ, թե ինչպես էին վրդովվում ՄԻՊ-ի գրասենյակի, Փաստաբանների պալատի անդամներն, ովքեր ներգրավված էին հանձնաժողովների աշխատանքներում, ընդհուպ նիստերի բոյկոտ էին անում: »,-ասաց իրավապաշտպանը:

Իսկ ինչո՞ւ են գնալով նվազում բանտերից պայմանականորեն ազատվողները, Ավետիք Իշխանյանն այսպիսի ենթադրություն արեց՝ ինչքան քիչ դատապարտյալ, այնքան քիչ գումար՝ բյուջետային ու դատապարտյալներից շորթված:

«Պայմանական վաղաժամկետ ազատման, այսպես կոչված, անկախ համակարգն ամբողջովին հակասահմանադրական է»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, «պայմանական վաղաժամկետ ազատման, այսպես կոչված, անկախ համակարգն ամբողջովին հակասահմանադրական է: Նման հանձնաժողով, նման կազմով ունենալու իրավական հիմքեր ես չեմ տեսնում: Մարդու պայմանական ազատության հարցը փաստորեն լուծում է մի մարմին, որին, ըստ էության, տրվել է դատական իշխանությունից բարձր կարգավիճակ: Անկախ կոչվածի կազմում ընդգրկվում են այն կառույցների ներկայացուցիչներն, որոնք ունեն կանխակալ վերաբերմունք՝ մեղադրական թեքումով: Բացի այդ, չկան չափորոշիչներ, որոնցով պետք է ազատել կամ չազատել մարդուն պայմանականորեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Ըստ Սաքունցի, այս համակարգի ներդրումը Ռոբերտ Քոչարյանի հերթական ապօրինի որոշումներից մեկն էր: Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ պայմանական ազատվողների սկզբնական թվերը ավելի շատ ցուցադրական էին, թե տեսեք՝ ինչքան մարդիկ են բանտերից ազատվում:

«Հիմա ասել, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները չեն ուղղվում, դա է պատճառը, որ նրանք չեն ազատվում պայմանականորեն, միամիտ կարծիք է, քանի որ հայաստանյան բանտերում մարդն առհասարակ չի կարող ուղղվել. այնտեղ չգրված օրենքներն առավել դոմինանտ են, քան գրվածները, գումարած կոռուպցիան: Այս պայմաններում ի՞նչ ուղղման մասին է խոսքը: Նոր ներդրվող պրոբացիայի համակարգը կարող է շտկել իրավիճակը, սակայն ԵՄ ասոցիացման համաձայնագիրը չստորագրելուց հետո դեռ պետք է տեսնենք՝ արդյո՞ք նույն  թափով կիրականացվի պրոբացիայի ներդրումը մեր երկրում»,- ասաց իրավապաշտպանը:

«Բանտից պայմանական չի ազատվում 100 անձ, ազատվում է միայն մեկը, այն էլ՝ օլիգարխի տղա»

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի կարծիքով, անկախ հանձնաժողովն այսօր ունի զրո արդյունավետություն: Ըստ Գասպարյանի, այս համակարգը կանխել է միայն մեկ բան, որ գաղութի պետն ու դատավորն իրար հետ փող չաշխատեն դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վրա:

«Եթե 2006 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ չէր արձակվում այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 3-5 տոկոսը միայն, ապա հիմա թվերի տեղերը փոխվել են. այսօր ազատվում են ընդամենը 3-5 տոկոսը»,-այս թվերը վկայակոչեց Արշակ Գասպարյանը:

Հարց. ո՞րն է պայմանական ազատվող դատապարտյալների նվազման պատճառը: «Չեմ բացառում, որ նախագահին առընթեր անկախ հանձնաժողովն ունի քաղաքական որոշում. օրինակ, չազատել այն դատապարտյալներին, ովքեր կատարել են մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություն: Աբսուրդ է սա: Բայց մյուս կողմից տեսնենք, թե ովքեր են անկախ հանձնաժողովների անդամները, դեռ մի կողմ թողնենք, որ դրանք ղեկավարում են ուժային կառույցների ներկայացուցիչներ: Շատ կան երկրներ, որտեղ կան նման հանձնաժողովներ, սակայն անդամները ընտրվում են երդվյալ ատենակալների սկզբունքով. հասարակությունից ընտրված քաղաքացիներ են, որոնք կարծիք են հայտնում անձի վերաբերյալ՝ հստակ սահմանված չափորոշիչներով: Մենք այդ չափորոշիչները չունենք, թե ինչպես չափել դատապարտյալի՝ հասարակության մեջ ինտեգրվելու հավանականությունը, վտանգավորության աստիճանը: Մարդը 100 տոկոսով չպիտի ուղղվի, որպեսզի նրան վերադարձնենք հասարակություն: Նախ չես էլ կարող հասնել դրան, բայց եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ այդպես է, ապա ինչու ենք 100 տոկոսով ուղղված մարդուն պայմանականորե՛ն վերադարձնում հասարակություն: Այսինքն՝ պայմանական ազատման դեպքում, դատապարտյալը դեռ պայմաններ պիտի կատարի ազատության մեջ: Եվ այդ ամենի արդյունքում է նա դառնալու հասարակության լիարժեք անդամ: Համակարգը պիտի ցույց տա, որ հստակ չափորոշիչներով է ազատում, օրինակ, 100 մարդու, այդ ժամանակ նրանցից մեկն էլ թող լինի օլիգարխի տղա: Բայց այսօր հասարակությունը տեսնում է անարդար մոտեցում իր հանդեպ: Բանտից պայմանական չի ազատվում 100 անձ, ազատվում է միայն մեկը, այն էլ՝ օլիգարխի տղա»:

Հիշեցում

ՀՀ նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվում են Անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, անկախ հանձնաժողովների կազմերը, գործունեության ֆինանսավորումը։ Անկախ հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների, հաստատում է ՀՀ նախագահը: Հանձնաժողովները բաղկացած են 8 անդամից, մեծամասնություն են կազմում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ԱՆ ՔԿՎ։ Ներառվում է նաև մեկական անդամ հանրային խորհրդից, ՄԻՊ գրասենյակից, ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնից։ 

Արթուր Սաքունցի և Արշակ Գասպարյանի լուսանկարներն իրենց ՖԲ էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter