HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ասել են՝ եթե մեր ուզածով չգրես, ծանր վիճակի մեջ կդնենք քե՛զ էլ, ընտանի՛քդ էլ

Երևանի բնակիչ, «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր Արգիշտ Սեդրակյանն ու իր ընտանիքը՝ կինը, երեխաները, մայրը չեն մոռացել 2011 թ.-ի մարտի 23-ը: Այդ օրը գիշերը՝ ժամը 2-ի մոտ, Արգիշտ Սեդրակյանը քաղաքացի Արթուր Ղադամյանի հետ (վերջինը հետագայում համաներմամբ ազատ է արձակվել) Հալաբյան փողոցից բերման է ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով:

Ըստ Արգիշտի ցուցմունքի, որը հետագայում նա տվել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ոստիկաններն իրենց ավտոմեքենայից դուրս են հանել, պառկեցրել հատակին: Ապա չներկայանալով, թե ովքեր են, տարել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ մի խումբ անձինք ոտքերով և ձեռքերով սկսել են հարվածել իրեն` առանց բացատրելու՝ ինչի համար:

Արգիշտի ձեռքի ձեռնաշղթաները հանվել են մոտ 15 ժամ հետո: Հետո միայն ասել են, որ պիտի իր վրա վերցնի մի քանի խոշոր չափերի գողության դեպքեր: Ոստիկանները նրան ասել են, որ եթե իրենց ուզած ձևով չգրի, ապա ծանր վիճակի մեջ կդնեն իրեն էլ, ընտանիքի անդամներին էլ: Առաջին երեք ցուցմունքներն, ըստ դատավարության ժամանակ տված ցուցմունքի, նա գրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում, իսկ հետո ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ էլ ցուցմունքներն իրենից կորզել են հոգեբանական ճնշումների և խաբելու միջոցով: 

Արգիշտ Սեդրակյանը խոստովանել ու իրեն մեղավոր է ճանաչել  գողության 6 դրվագներով, սակայն նրան վերագրել են գողության մոտ 20 դրվագ՝ կատարված 2007 թ.-ից մինչև 2010 թ.-ը՝ գումարած մեկ ավազակային հարձակում: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է: Առաջին ատյանը նրան 13 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել, վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ:

Ոստիկանությունում նրան զննել են, առգրավել վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, տան, ավտոտնակի, մոր տան բանալիները, ժամացույցը և 4.000 դրամը: Վարչությունում նա բժիշկ և պաշտպան է պահանջել: Նրան թույլ չեն տվել, որպեսզի զանգահարի երեխաներին ու կնոջը:

Նույն օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում մոտ 15 ոստիկան, խուզարկություն կատարելու թույլտվությամբ, եկել են Արգիշտ Սեդրակյանի բնակարան, որտեղից տարել են բոլոր ոսկյա իրերը (ըստ Արգիշտ Սեդրակյանի ցուցմունքի, վերադարձրել են միայն մեկ ամուսնական մատանին և խաչերը):

«Անցել է 3 տարուց ավելի, բայց մեր տեսած սարսափը չի անցել, երբ մեր տուն ներխուժեց մոտ 15 ոստիկան խուզարկություն անելու: Ի դեպ, սկզբում ոստիկանները ցանկացել են իրենց մոտ եղած մեր տան բանալիով (այն վերցրել էին նույն օրը տղայիս բերման ենթարկելիս) դուռը բացել, երբ երեխաները մենակ են եղել տանը, բայց երեխաները ասել էին, որ սպասեն մեծերին, մինչև որ մենք հասանք»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Արգիշտի մայրը՝ տիկին Լաուրան, ով եկել է տղայի բնակարան ու տեսել, թե ինչպես են ոստիկանները տոպրակներով տանում իրենց տան իրերը:

«Ոստիկանները տանում էին ամեն ինչ՝ ոսկեղենից մինչև էլեկտրատեխնիկա: Ասում էինք՝ դրանք մեր իրերն են, բայց մեզ չէին լսում: Մինչ օրս միայն ինձ պատկանող իրերն են վերադարձրել: Այսպես խլեցին մեր ողջ ունեցվածքը»,- շարունակեց տիկին Լաուրան:

Արգիշտը անմարդկային վերաբերմունքի, խուզարկության ընթացքում իր բնակարանից տարված թանկարժեք իրերի անհետանալու հետ կապված դիմել է ՀՔԾ՝ հաղորդելով, թե ինչպես են իր ու իր ընտանիքի նկատմամբ վարվել ոստիկանները 2011 թ-ի մարտի 23-ին: Հարուցվել է քրեական գործ: Սակայն ՀՔԾ հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Էդ.Պողոսյանը որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին: Վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այսօր Արգիշտ Սեդրակյանը դատարանում վիճարկում է ոստիկանների գրծողությունների դեմ հարուցված քրեական գործը ՀՔԾ-ի կողմից կարճելու որոշումը: 

Ըստ Արգիշտի բողոքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել իր ու Արթուր Ղադամյանի նկատմամբ սպառնալիքներ, խոշտանգումներ կատարելու հարցում, սակայն քննիչ Պողոսյանը չի հարցաքննել նրան:

«Տան և ավտոտնակի խուզարկությունը տևեց մոտ 7 ժամ, ընդ որում միաժամանակ էին կատարում խուզարկությունը՝ և՛ տանը, և՛ ավտոտնակում: Ավտոտնակի դուռը ոստիկանները բացել են ամուսուս մոտից վերցրած բանալիով՝ անչափահաս՝ 16-ամյա տղայիս աչքի առաջ: Այնտեղ է եղել նաև մեկ ընթերակա՝ մի մեծահասակ տղամարդ մեր  հարևաններից: Մյուս ընթերական, ում ձեռքին գրկի երեխա կար, շուտ գնաց, որ քնեցնի երեխային: Նա չի մասնակցել ողջ խուզարկությանը: Մի խոսքով, առանց օրենքի տառը պահպանելու, առանց բոլոր իրերը գրառելու՝ լցնում ու կրում էին մեր տան ապրանքը»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Սուսաննա Սեդրակյանը՝ Արգիշտի կինը (լուսանկարում), ով նույն հարցով դիմել է նաև ՄԻՊ-ին, սակայն պատասխան է ստացել՝ քանի որ գործը դատական պրոցեսում է, որևէ բան իրավասու չեն անել:  

«Հետքը» զրուցեց նաև Արգիշտ Սեդրակյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հետ, ով տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը քննիչին ներկայացրել է իր տնից վերցրած ոսկյա իրերի ու ապրանքների ամբողջական ցանկը, այնուհետև քննիչի հետ ու ընթերակաների մասնակցությամբ իրեղեն ապացույցների  ապրանքների սենյակում կատարել զննություն, որն ամբողջովին տեսանկարահանվել է: «Շատ ապրանքներ, ոսկեղեն, ըստ իմ պաշտպանյալի, գոյություն չունի: Արգիշտը պահանջում էր, որ այդ տեսաերիզը տրամադրվի իրեն, սկզբում տրամադրեցին, բայց կիսատ էր, նիստի ժամանակ քննիչը պատճառաբանեց, թե տեխնիկական խնդիր է եղել: Հիմա տրամադրեցին մեկ այլ տեսաերիզ, կուսումնասիրենք, կտեսնենք՝ արդյոք լրիվ է, թե ոչ ու կհայտնենք մեր դիրքորոշումը»,- ասաց պաշտպանը:  

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter