HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 միլիոն դոլարի փոխհատուցում 5 անմեղ դատապարտյալներին

ԱՄՆ-ում արդարացման դատավճռով անմեղ ճանաչված 5 նախկին դատապարտյալների պետությունը կվճարի 40 մլն ամերիկյան դոլար: Երեկ այսպիսի որոշում են կայացրել Նյու Յորքի քաղաքային իշխանությունները: Այս մասին հաղորդում է New York Times պարբերականը: Ի դեպ, Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն իր նախընտրական խոստումներում անդրադարձել էր հնգյակի՝ աղմուկ հանած գործին՝ ասելով, որ կլուծի նրանց արդարացի փոխհատուցման հարցը:

Ամեն ինչ սկսվել էր 1989 թ-ի ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ Նյու Յորքի կենտրոնական այգում ծայրահեղ ծանր, կողոպտված ու բռնաբարված վիճակում հայտնաբերվել էր բանկիր Թրիշա Մեյլին, ով հրաշքով ողջ էր մնացել: Նա, սակայն, դեպքի մասին որևէ բան չի հիշել:

Նույն օրը ոստիկանությունը թարմ հետքերով ձերբակալել է 14-16 տարեկան 5 պատանիների (Ռայմոնդ Սանտանա, Քեվին Ռիչերդսոն, Անթրոն Մաքռեյ, Յուսեֆ Սալամ, Քորի Վեյս)՝ ավազակային հարձակման ու բռնաբարության կասկածանքով: Նրանք ոստիկանական բաժանմունքում ապօրինաբար պահվել են օրեր շարունակ, հարցաքննությունները տևել են օրենքով սահմանված ժամանակից ավելի: Եվ ահա հինգ տղաները խոշտանգումների, բռնության, ծեծի հետևանքով տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնցից դատավարության ժամանակ հրաժարվել են՝ նշելով, որ դրանք բռնություններով են իրենցից կոզվել: Սակայն դատարանը գտել է, որ այդկերպ տղաները փորձել են խուսափել պատասխանատվությունից: Չնայած փաստաբանների ներկայացրած փաստերին, որ տղաները տեղանքում չեն եղել հանցագործության օրը, դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռ՝ դատապարտելով հնգյակին 7-13 տարվա ազատազրկման:

 1990 թ., դատավճռին սպասելիս

Այդ ողջ ընթացքում 5 տղաների հարազատները չեն դադարել պայքարել ապացուցելու իրենց որդիների անմեղությունը: Նրանց պայքարին միացել են փաստաբաններ, իրավապաշտպան կառույցներ, ակտիվիստներ: Եվ ահա 2002 թ-ին պահպանված իրեղեն ապացույցների շնորհիվ կատարվել է ԴՆԹ թեսթ, որի արդյունքն ապշեցուցիչ է եղել: Բռնաբարությունն ու հարձակումը կատարվել է ոչ թե հնգյակի, այլ մեկ մարդու կողմից: Այդ մարդը սերիական սեքսուալ մանյակ Մաթիաս Ռեյեսն է, ով ԴՆԹ թեսթից հետո տվել է ցուցմունք՝ ասելով, որ ինքն է 1989 թ-ի ապրիլի 19-ի գիշերը Նյու Յորքի կենտրոնական այգում հարձակվել երիտասարդ կնոջ վրա: 2002թ.-ին 5 տղաները արդարացման դատավճով դուրս են եկել ազատություն: Մոտ 12 տարի նրանք պայքարել են բարոյական վնասի համարժեք փոխհատուցում ստանալու և ոստիկանության ապօրինի գործողությունները վիճարկելու համար: Սկզբում նրանք նշել են 250 մլն գումար, սակայն քաղաքային իշխանություններն ու դատարանը չեն համաձայնել: Երեկ քաղաքապետը համաձայնել է քաղաքային բյուջեից 5 անմեղ մարդկանց վճարել 40 մլն դոլարի փոխհատուցում, որը դեռ պետք է հաստատվի դատարանի կողմից:

 Հնգյակի դատական սխալի մասին գրվել է «Հնգյակը կենտրոնական այգուց» գիրքը (հեղինակ՝ Սառա Բերնս): Այնուհետև գրքի հիման վրա նկարահանվել է համանուն՝ «Հնգյակը կենտրոնական այգուց» ֆիլմը (ռեժիսորներ հայր ու դուստր Քեն ու Սառա Բերնս), որն արժանացել է բազմաթիվ մրցանակների հեղինակավոր կինոփառատոնների վավերագրական ու ժուռնալիստական գործ անվանակարգերում:

Հարցազրույց տալով լրագրողներին՝ 5 տղաներից մեկն ասել է, թե որքան ծանր է ապրել ավազակի, հանցագործի խարանով, երբ ո՛չ մեկն ես, ո՛չ մյուսը. «Նման դեպքերը գալիս են հաստատելու, թե որքան մեծ է դատարանի սխալվելու հավանականությունը: Մենք այնքան երկար ենք սպասել արդարադատության կայացմանը, շուրջ 25 տարի»,-ասել է նա:

 Լուսանկարները The New York Times պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter