HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախապես գրված աճուրդային «սցենար»

Այս տարվա մայիսի 7-ի Արարատի մարզի Սիփանիկ համայնքի ավագանու որոշմամբ համայնքապետին թույլատրվել է աճուրդ-վաճառքով օտարել 0.076հա վարելահող: Աճուրդը կայացավ հունիսի 18-ին, համայնքապետի աշխատասենյակում, սակայն առանց նրա մասնակցության: Սիփանիկի համայնքապետ Արայիկ Մանուկյանը մարզխորհրդի նիստին էր մասնակցում եւ աճուրդն անցկացնելու համար լիազորել էր համայնքապետարանի հաշվապահ Վարդան Հովհաննիսյանին:

Վերջինս սահմանված ժամին բացեց աճուրդը: Գրանցվել էր երկու հայտատու՝ «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանը եւ Գրիշա Հովհաննիսյանը: Հողի մեկնարկային գինը 226 հազար 766 դրամ էր, իսկ աճուրդի քայլի չափը սահմանվել էր 40.000 դրամ:

ՀՀ «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի համաձայն՝ «Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով»:  Վարդան Հովհաննիսյանը կարծես անտեղյակ էր, թե ինչպես են կազմակերպում աճուրդը, թեեւ աճուրդի անցկացման կարգը բացատրելիս անընդհատ հիշատակում էր «աճուրդային օրենքը»: Նա պահանջեց, որ աճուրդի մասնակիցները վճարեն 15%-ի չափով  նախավճար: «Սոնիկի մոտ 34,015 դրամը վճարեք, չեկերը բերեք տվեք ինձ»,- հրահանգեց աճուրդավարը: Սոնիկը համայնքապետարանի գանձապահն էր, որը «մոռանալով» աճուրդի մասին դուրս էր եկել համայնքապետարանից: Մոտ 10 րոպե պահանջվեց Սոնիկին գտնելու համար:

Ինչպես համայնքների մեծ մասում, այնպես էլ Սիփանիկում աճուրդի «սցենարը» նախապես գրված էր: Վարդան Հովհաննիսյանն իր պահվածքով մատնում էր, որ նախապես գիտի, թե ով է հաղթողը: Նույնիսկ մասնակիցների պահվածքն էր հուշում  այդ մասին. Գրիշա Հովհաննիսյանը մի կողմ էր քաշված:

«Քեզ հաշվեհամար կտանք, որ մնացած գումարն էլ մուծես, ավելի ճիշտ՝ ձեզ, էլի: Ով հաղթի նրան կշնորհավորենք, հաշվեհամարն էլ կտանք»,- ասաց աճուրդավարը նայելով ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանին: Այդպես էլ եղավ, աճուրդը հաղթեց «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Աճուրդավարը, երբ բացատրեց աճուրդի կարգը, Գրիշա Հովհաննիսյանն ասաց` «ես գնում եմ»: «Գնու՞մ ես …, այսինքն՝ քա՞յլ ես կատարում, այսինքն՝ 40 հազար ավելացնո՞ւմ ես: Եղավ, ամեն ինչ պարզ ա, Գրիշա ջան»,-զարմացած ասաց Վարդան Հովհաննիսյանը: «Հիմա, ո՞նց ա, ես էլ պիտի 40.000 դրամ ավելացնե՞մ»,- հետաքրքրվեց Կարեն Գրիգորյանը:

Գրիշա Հովհաննիսյանը երկրորդ քայլը չարեց, ասաց, որ հրաժարվում է: Վարդան Հովհաննիսյանը աշխատակազմի քարտուղարին հրահանգեց, որ արձանագրի երկու քայլ կատարելուց հետո ՍՊԸ-ի տնօրենի հաղթանակը: Թեեւ Կարեն Գրիգորյանի երկու եւ Գրիշա Հովհաննիսյանի մեկ քայլի հանրագումարն 120.000 դրամ էր, սակայն չգիտես ինչու, Վարդան Հովհաննիսյանը Կարեն Գրիգորյանին ասաց, որ վերջինս հողը գնել է 306 հազար 766 դրամով, այսինքն՝ մեկնարկային գնից 80.000 դրամով ավել:

Բուժքույրն ահազանգում է. կոյուղի է պետք

Քարուքանդ ճանապարհները դարձել են Սիփանիկ համայնքի «բրենդը»: Նույնիսկ տաքսիներն են հրաժարվում Սիփանիկ գնալ, ասելով, որ Հովտաշատից Սիփանիկ մոտ 1 կմ ճանապարհն իրենց վրա ավելի թանկ է նստում, քան 3 կմ հարթ ճանապարհով երթեւեկելը: Նախ, ավտոմեքենաներն են շարքից դուրս գալիս, հետո էլ դանդաղ վարելով վառելիք են շատ ծախսում:

Համայնքապետարանում էլ գիտեն, որ իրենց ճանապարհները երթեւեկելի չեն, սակայն այդ մասին քիչ են խոսում. վերանորոգման համար գումար չունեն: Նույնիսկ հասարակական տրանսպորտն է քիչ մտնում Սիփանիկ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անգելինա Խաչատուրյանն ասաց, որ ժամը 4-ից հետո հասարակական տրանսպորտը ի գործում: Գյուղը կտրվում է «արտաքին աշխարհից», եւ մարդիկ ստիպված են կամ` իրենց գործերն այնպես դասավորել, որ մինչեւ ժամը 4-ը գյուղում լինեն, կամ էլ՝ տաքսիով երթեւեկեն:

Սակայն, Սիփանիկում այլ խնդիրներ էլ կան, որոնցով մտահոգված է հատկապես գյուղի բուժքույր Նելլի Մկրտչյանը: Նրա համար գյուղի թիվ մեկ հարցը կոյուղին է: Սիփանիկը կոյուղի չունի եւ ամբողջ կեղտաջրերը գյուղացիները լցնում են իրենց բակերը, որտեղ բանջարաբոստանային մշակաբույսեր են ցանում: «Այսպես չի լինի, սա խոլերայի բուն է»,- ահազանգում է բուժքույրը: Ն. Մկրտչյանի ասելով, իրենց գյուղացիներն աշխատող ժողովուրդ են, սակայն իրենց աշխատանքի արդյունքը չեն ստանում, հետեւանքն էլ այն է, որ նրանց գերակշիռ մասը սոցիալապես անապահով են:  

«Մենք սովորեցնում ենք առողջ ապրելակերպ եւ այլն, բայց առողջ ապրելակերպը պետք է սկսվի սոցիալական պայմաններից, մարդիկ ֆինանսապես պետք է ապահովված լինեն: Բոլորն արեւից սեւացած, հիվանդություները շալակած շոգին աշխատում են, ժողովուրդը չարչարվող ժողովուրդ է, բայց արդյունք չկա: Արտադրանքը շուկա են տանում, տուն են վերադառնում, հաշվարկ են կատարում եւ տեսնում են, որ ընդամենը յոլա գնալու գումար են աշխատել: Սնունդ չկա ուտելու, էլ ուր մնաց ասենք՝ սոցիալական պայմաններդ բարելավիր, ես հավի ձուն խանութ եմ հանձնում, որ տեղը հաց վերցնեմ: 45 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, դա շատ քիչ է: Պետությունից էլ ակնկալիք չունենք, պիտի մենք աշխատենք, չարչարվենք, որ պետությունը հզորանա»,- ասում է Նելլի Մկրտչյանը:

Թաղման գումար՝ մանկապարտեզի կամ բարեկարգ ճանապարհների փոխարեն

Սիփանիկի այս տարվա բյուջեն 16 մլն 275 հազար դրամ, որից 10 մլն դրամ 173 հազար դրամը դոտացիան է, 4 մլն 317 հազար դրամը՝ սեփական եկամուտները, իսկ մնացածը՝ նախորդ տարվա մնացորդն է: Աշխատակազմի քարտուղար Անգելինա Խաչատուրյանից հետաքրքրվեցինք, թե ինչի վրա է ծախսվում համայնքային բյուջեն: Ինչպես շատ համայնքներում, այստեղ էլ հիմնականում աշխատավարձ են վճարում, թաղումների գումարներ տալիս եւ օգնություն տրամադրում կարիքավորներին:

«Սոցիալական ոլորտի համար առանձին հոդված ունենք բյուջեում եւ կարիքավոր քաղաքացիներին օգնում ենք, աշխատավարձ ենք վճարում, մահացածի կարիքավոր ընտանիքի անդամներին տրվում է 30.000 դրամ օգնություն, մնացորդային գումարով էլ գյուղի կարիքների համար ենք ծախսում: Մի տարի ճանապարհն է խճապատվում, կամ ջրի ցանցի վերանորոգման համար ենք ծախսում: Փոքր գումարով ինչ կարողանում` անում ենք, միլիոնների մասին չի խոսքը, որ մեծ ներդրումներ անենք»,-ասում է Ա. Խաչատուրյանը:

Նա պատմեց, որ սոցիալական հատկացումներն ավելի թափանցիկ դարձնելու համար օրեր առաջ ձեւավորվել է սոցիալական հանձնաժողով՝ ավագանու անդամ, ուսուցիչ եւ համայնքապետարանի աշխատող կազմով: Հանձնաժողովը պետք է քննարկի քաղաքացիներից ստացված դիմումները եւ եզրակացություն ներկայացնի, որն էլ ներկայացվելու է համայնքապետին եւ ըստ դրա էլ հատկացվելու է ֆինանսական օգնություն:

Սիփանիկը մանկապարտեզ չունի, թեեւ երկու խումբ բացելու համար կա երեխաների համապատասխան թվաքանակ: Ճանապարհների, ոռոգման ջրի խնդիրներից բացի Անգելինա Խաչատուրյանը նաեւ մանկապարտեզի մասին է հիշատակում, ապա ավելացնում. «Եթե ավելի քաղաքակիրթ ճանապարհով գնանք, ապա գյուղը գիշերային լուսավորություն էլ չունի»:

Աղակալած, անջրդի հողեր

Սիփանիկ գյուղը հայտնի է իր ձկնաբուծարաններով: Այստեղ է գտնվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ֆինանսների փոխնախարար Տիգրան Բարսեղյանի հոր՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ Տարիել Բարսեղյանի եւ այլոց ձկնաբուծարանները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձկնաբուծարանների պատճառով ջրի մակարդակը նվազել է»,- ասում է Սիփանիկի գյուղատնտես Հակոբ Տոնյանը: Մասնագետի խոսքերով՝ գյուղում մոտ 120 հա հող չի մշակվում՝ աղակալության, ոռոգման ջրի պատճառով: Հիմնականում մշակվում են տնամերձ հողամասերը, իսկ սեփականաշնորհված հողակտորները դառնում են խոտհարքեր: Հող չմշակելու գործում լուրջ գործոն է նաեւ հողի որակը: Սիփանիկում գյուղնշանակության հողերը բերրի չեն. 5-րդ կարգի հողեր են:

«Համայնքում 8.9 հա հող կա, որը Հայաստանի պայմաններում հնարավոր չէ աղազերծել եւ օգտագործել, աղերը հիմնային են: Իսկ հողն աղազերծելու համար լուրջ ծախսեր են անհրաժեշտ: Հայաստանում ծծմբաթթու չի արտադրվում, իսկ 1հա հողը աղազերծելու համար անհրաժեշտ է մոտ 70 տոննա ծծմբական թթու»,- նշում է Հակոբ Տոնյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter