
Բանակցությունների արդյունքում ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
Այսօր ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Հետքին» փոխանցեց, որ ցմահ դատապարտյալները դադարեցրել են երեկ հայտարարած հացադուլը:
«ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն, և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»,- փոխանցեց նախարարի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին 29 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ՝ պահանջելով իրենց գործերի, պատժաչափերի վերանայման հնարավորություն 2011թ. մայիսի 23 օրենսդրական փոփոխությունների տված հնարավորության հիմքով:
Ցմահ դատապարտյալները նշում են, որ ներկայում դատարաններն այդ օրենսդրական փոփոխությունից հետո ունեն ընտրության ավելի լայն հնարավորություն: Եթե 2011-ից առաջ դատարանները կարող էին ընտրել 15 տարվա ազատազրկման և պատժի առավելագույն չափի միջև, ապա այսօր կարող են կիրառել նաև 15-20 տարվա ազատազրկման միջակայքում գտնվող պատիժ: Ուստի, ցմահ դատապարտյալները գտնում են, որ քրեական օրենսգրքի հիշյալ փոփոխությունը մեղմացում է իրենց՝ պատժի առավելագույն չափի դատապարտվածների տեսանկյունից: Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե ցմահ դատապարտվածներից ոմանք դատապարտվեին մեր օրերում, ապա հնարավոր է` դատարանները նշանակեին ոչ թե ցմահ ազատազրկում, այլ 16, 17, 18…տարիների ազատազրկում, ինչպես թույլ է տալիս ներկայիս օրենքը:
Ցմահ դատապարտյալների հարազատները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ կսպասեն նախարարության արձագանքին. «Ցմահ դատապարտյալների խնդիրները տարիների պատմություն ունեն, դրանք տարիներով չեն լուծվել: Հիմա սպասում ենք կոնկրետ գործնական քայլերի: 20 տարի սպասել ենք, 1 ամիս էլ կսպասենք: Նախարարությունից 1 ամիս խնդրեցին: Սկսած խայտառակ դատավարություններից, մինչև չափազանցված պատիժներ, անարդար դատավճիռներ, խոշտանգումներով ցուցմունքներ: Մեր պահանջը, որ վերանայվեն այդ կասկածելի գործերը, մարդկանց ազատության հնարավորություն տան»,-ասաց մահապատժի դատապարտված, 20 տարի անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Ավետիսյանի քույրը:
Մեկնաբանել