
Աղջկան կորցրած մայրը դիմում է Փաստաբանների պալատին
«Հետքը» շարունակում է հետևել 7 տարի առաջ 19 տարեկան աղջկան՝ Սուսաննա (Սյուզի) Գևորգյանին կորցրած մոր՝ Սաթենիկ Գևորգյանի պատմությանը: 7 տարվա վաղեմության գործը նորոգվել է Հատուկ քննչական ծառայությունում: Օրեր առաջ՝ հունիսի 27-ին, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Հետքի» հետ զրույցում Սաթենիկ Գևորգյանն ասաց, որ աղջկա մահվանից հետո փաստաբան չի կարողացել վարձել, և իր բոլոր խնդիրների պատճառը դա է: «Փաստաբան վարձելու համար մեծ գումար էր պետք, այն ժամանակ չկարողացա դա անել: Նախաքննության ու դատավարության ժամանակ մենակ էի, չգիտեի իմ իրավունքների մասին,- ասաց նա,- հիմա, երբ նոր քրեական գործ է հարուցվել, շատ կուզեի նախկին սխալը չկրկնեի: Այսօր, ինչպես 7 տարի առաջ, ինձ փաստաբանի իրավական, մասնագիտական օգնություն է պետք: Բայց նորից ի վիճակի չեմ գումար վճարել փաստաբանական ծախսերի համար»,- ասաց Սաթենիկ Գևորգյանը՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին օգնել իրեն անշահախնդիր: Սաթենիկ Գևորգյանը ՀՔԾ-ում հարուցված գործի շրջանակներում փաստաբանի աջակցության կարիք ունի:
Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել Քր. օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի: Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանի մոտ կասկած է առաջացել, որ ամենևին էլ վթարի հետևանքով չէ դուստրը զոհվել, որ վթարը պարզապես բեմադրվել է, որպեսզի Արարատ Կաֆյանը խուսափի բռնաբարության ու սպանության հոդվածներից:
«Հետքն» անդրադարձել է այս պատմությանը, Սուսաննա (Սյուզի) Գևորգյանի մահվան հանգամանքներին ու Սաթենիկի 7 տարվա պայքարին՝ ուսումնասիրելով քրեական գործը Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ զետեղված է արխիվը:
Մեկնաբանել