HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյան. «Ասեց՝ Թուրքիայի շպիոն եմ, եկել եմ հայերին սպանեմ, ես էլ փետով տվեցի գլխին»

Շանթ Հարությանյանի և նրա ընկերների գործով հերթական նիստին փաստաբաններից Արա Զաքարյանը հրապարակեց ոստիկանության «Հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները: 

Թեև Խաչատրյանը նախաքննությանն ասել էր, որ գերազանց հիշողություն ունի, այդուհանդերձ, դատարանում շատ հանգամանքներ չէր հիշում: Հարցերին պատասխանում էր հիմնականում «չեմ հիշում արտահայտությամբ»:

Այդուհանդերձ, նա հստակ հիշել էր, որ գլխի հարվածը ստացել էր Շահեն Հարությունյանի հարվածից: Նրա մասին էլ գրել. «փարթամ էր, չմտածեցի, որ անչափահաս է»:

Խաչատրյանն իր ցուցմունքում նշել էր, որ ինքը քաղաքավարի մոտեցել է Շանթին, պահանջել ազատել փողոցը: Սակայն Շանթը հարվածել է իրեն: Այնինչ պաշտպան Զաքարյանը նշեց, որ տեսագրությունից երևում է բոլորովին այլ պատկեր, երևում է, որ ոստիկան Խաչատրյանը վազել է Շանթ Հարությունյանի հետևից և քաշել նրան:

Շանթ Հարությունյանն ասաց. «Ասեց՝ ես Թուրքիայի շպիոն եմ` եկել եմ հայերին սպանեմ, ես էլ փետով տվեցի գլխին»:

Շանթը ընկերներին ասաց, որ քիչ հարցեր տան ոստիկաններին. «Ձեզ թվում ա, որ ապացուցեցինք, մեզ թողելու են գնանք տո՞ւն»: 

Այնուհետև հարցաքննվեց ոստիկան Պետրոս Հայրապետյանը, ով պատմեց, որ իր աչքին են հարվածել փայտով և մեկ շաբաթ գտնվել է հիվանդանոցում: Շանթ Հարությունյանը նրան հարց ուներ․ «Դուք տուժող ձեզ համարո՞ւմ եք»: «Իհարկե տուժող եմ, ինչո՞ւ եմ այս պահին գտնվում այստեղ»։

Ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ ցուցմունք տվողները սուտ են խոսում: Նա զարմացավ, որ վերակենդանացման բաժնում են եղել տուժողներից. «Ես չորս անգամ ծանր վիրավորվել եմ, մատ եմ կորցրել, կոկորդս ճղած, ականջիս կեսը կտրած, վերակենդանացման բաժին չեմ պառկել… Հարգելի դատախազ, հասկացանք, որ ամեն ինչ անում եք, որ մեր գլխին սարքեք, բայց էնպես արեք, որ մի քիչ նորմալ լինի, թե չէ ձեր վրա կծիծաղեն… Ո՞նց կարա ՊՊԾ հասարակ շարքային զինվորն իմանա իմ անուն-ազգանունը, ու հաջորդ օրը սաղ մեզ ճանաչում են, սաղ մեր անունները գիտեն ու գնացել, ասել են՝ Վարդան Վարդանյանն ա եղել: Նորից եմ ասում՝ պարո՛ն դատախազ, սարքելուց մի քիչ նորմալ սարքեք»:

14 ամբաստանյալներն իրենց հայտարարություններում նշեցին, որ քրեական հանցագործներ չեն, այլ իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում իշխանության կողմից: 

Քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը. «Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է ոչ թե զենք, այլ հենց Ղարաբաղը… Միլիարդների հասնող զենքի վաճառքով Ռուսաստանը ապահովում է Ադրբեջանի ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ… Իրականում բազում դիվերսանտներ մուտք են գործում Հայաստան և անհրաժեշտ պահին գործում հենց Երևանում, հայ ազգին վախի մեջ պահելու համար… Մի վստահեք Հայաստանի ԱԱԾ-ին: Այն լիովին կատարում է Մոսկվայի հրամանները: Եթե այնտեղ կան էլ ազնիվ աշխատողներ, ապա միևնույն է, ակամա ծառայում են Ռուսաստանի շահերին»: 

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը մինչև  հուլիսի 23-ը: 

Առաջին լուսանկարը՝ Հարութ Մալխասյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter