HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը դարձյալ ապացույցները չներկայացրեց դատարանին

Անահիտ Բաղդասարյան

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում օգոստոսի 6-ին շարունակվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը:

Նախորդ նախնական դատական նիստին պատասխանող, հակըդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին դիմում էր ներկայացրել, որով խնդրել էր նախնական դատական նիստ նշանակել մեկ այլ օր և ավելացրել, որ հաջորդ դատական նիստում գրավոր ապացույցներ կներկայացնի:   Ս. Խաչատրյանի ներկայացուցիչն այս անգամ ևս հանդես եկավ նույն խնդրանքով՝ պատճառաբանելով, որ դեռ չի ստացել Սյունիքի մարզի դատախազություն ներկայացրած հարցման պատասխանը, որն էլ պետք է լինի իր խոստացած ապացույցը, որով կհաստատվի Ս. Խաչատրյանի անմեղությունը: Նա դատարանին ներկայացրեց գրության պատճեն և անդորագիրը:

Դատարանն ընդունեց միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը:

Հիշեցնենք, որ  Ս. Հարությունյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Սուրիկ Խաչատրյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով ներողություն խնդրել` տարբեր լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցներում իրեն «հոգեկան հիվանդ» անվանելու համար և փոխհատուցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Նույն օրը տեղի ունեցավ նաև Սամվել Հարությունյանն ընդդեմ Սուրեն Բաղդասարյանի դատական նիստը: Դատական նիստը քննվեց հայցվոր Ս. Հարությունյանի բացակայությամբ:

Նշված գործով հայցվոր Ս. Հարությունյանը պահանջում է իր պատիվն ու արժանապատվությունը «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որ կուսակցությունից ես» հոդվածով զրպատությամբ արատավորելու համար lurer.com լրատվական կայքի միջոցով հրապարակայնորեն զրպատություն համարվող փաստացի տվյալները հերքել և ներողություն խնդրել, պատասխանողից իր օգտին բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ զրպարտության միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար և նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:

Սուրեն Բաղդասարյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին հայտնեց, որ ամբողջովին առարկում է ներկայացված պահանջի դեմ. «Մենք հատուկ դիտավորություն, առավել ևս վիրավորելու կամ զրպարտելու միտում չենք ունեցել, քանի որ հարգալից վերաբերմունք ունենք նրա և նրա հարազատների նկատմամբ, պարզապես մեր կարծիքն ենք հայտնել իր կատարած գործունեության, այդ թվում նաև իր վարքագծի վերաբերյալ: Նույնիսկ հոդվածի հարցադրման տեսքով շարադրված վերնագիրն արդեն ասում է, որ դա զրպարտություն կամ վիրավորանք չէ»,- ասաց Մ. Զիլֆուղարյանը: 

Սուրեն Բաղդասարյանի ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել Սուրեն Բաղդասարյանի և Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունները: «Դատարանին ներկայացրած Սուրեն Բաղդասարյանի հայտարարության մեջ կան հայցվորի կողմից նշված բոլոր հարցերի պատասխանները: Այն  հանդիսանում է գնահատողական դատողություն եւ համապատասխանում է իրականությանը. դա կարող են հաստատել բազմաթիվ գորիսեցիներ»,- նշեց Մ. Զիլֆուղարյանը:

Դատավոր Մ. Հովակիմյանը Ս. Բաղդասարյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանին մի քանի հարցեր տալուց հետո, գործի քննությունը համարեց ավարտված, ապացույցները հետազոտված եւ հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի օգոստոսի 12-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter