HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Միկա» մարզահամալիրը վաճառվում է 9 մլրդ դրամով

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից, օգոստոսի 25-ին հարկադիր աճուրդի է հանվել «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզահամալիրը, որի ընթացիկ գինը մոտ 9 մլրդ դրամ է: Քանի որ հարկադիր աճուրդի հանված գույքը, ըստ օրենքի, առաջարկվում է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, պարզ է դառնում, որ մարզահամալիրը գնահատվել է շուրջ 12 մլրդ դրամ:

Մանանդյան 41 հասցեում գտնվող մարզահամալիրը, որի մեջ մտնում են քառահարկ շենքը, հիմնական մարզադաշտն ու այլ շինություններ, հավանական գնորդներին կառաջարկվի մինչեւ սեպտեմբերի 4-ը՝ ժամը 13:00-ն, ինչից հետո, եթե աճուրդը չկայացած համարվի, գինը կիջեցվի 10 տոկոսով: 

«Միկա» ֆուտբոլային ակումբը, որը հիմնադրել է գործարար Միխայիլ Բաղդասարովը 1999-ին, 2008-ից խաղում է իր սեփական մարզաբազայում: Վերջինիս շինարարությունը սկսվել է 2006-ից նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում, մարզադաշտը տեղավորում է 7250 հանդիսական: 

Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 1-ից Բաղդասարովի «Արմավիան», որը մենաշնորհ ուներ օդային շուկայում, դադարեցրեց չվերթները եւ հայտարարեց սնանկության գործընթացի մասին, սակայն արդեն ապրիլի 25-ին ՀՀ հանրային խորհրդում քննարկվեց դրանից երկու օր առաջ ընկերության կազմած առողջացման ծրագիրը: Մասնավորապես, ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը հայտնել էր, թե կառավարության աջակցությամբ իրենք կարող են կյանքի կոչել անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Նա նաեւ նշել էր, որ պետության հանդեպ ունեն 6,9 մլրդ դրամի պարտք, 35 մլն դոլարի պարտք՝ 7 բանկերի, ինչպես նաեւ այլ պարտքեր: Ընդ որում՝ ժամանակին «Արմավիան» «Միկա» ակումբի տիտղոսային հովանավորն էր:

Հայտնի է, որ Բաղդասարովը ցանկություն էր հայտնել իր բոլոր ակտիվներից հրաժարվելու մասին: Այս տարեսկզբին մամուլը գրեց, որ գործարարին պատկանող «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի նավթային ակտիվներն արդեն ձեռք է բերել ռուսական «Ռոսնեֆտը»: Այսքանից հետո առավել իրատեսական էր թվում այն, որ վաղ թե ուշ հերթը հասնելու է «Միկա» ակումբին: Համալիրի հարկադիր աճուրդը կարծես թե հենց դա է նշանակում: Չնայած ակումբի գլխավոր, երիտասարդական եւ պատանեկան թիմերը հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն, առաջին խմբերում եւ պատանեկան մրցաշարերում, այդուհանդերձ, համալիրի վաճառքից հետո չի բացառվում նաեւ ակումբի վաճառքը:

Հիշեցնենք, որ «Միկան» Հայաստանի 6-ակի գավաթակիր է (2000, 2001, 2003, 2005, 2006, 2011), կրկնակի սուպերգավաթակիր (2005, 2012), 4 անգամ նվաճել է առաջնության արծաթե, 3 անգամ էլ՝ բրոնզե մեդալները:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter