HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը Շանթ Հարությունյանի և անչափահաս Շահենի համար պահանջեց 7 և 5 տարվա ազատազրկում

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատաքննությունը մոտենում է  ավարտին, հաջորդ նիստերին կսվեն պաշտպանական ճառերն ու 14 քաղաքացիների վերջին խոսքերը: Մինչ այդ, մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Գևորգյանը արտասանեց մեղադրական ճառը՝ միջնորդելով 14 քաղաքացիների նկատմամբ 4 տարվանից մինչև 8,6 տարվա ազատազրկում: Ամենախիստ պատիժը պահանջեց Վահե Մկրտչյանի համար՝ 8, 6 տարվա ազատազրկում, ապա 8 տարի՝ Ալբերտ Մարգարյանի, 7 տարվա դատապարտում Շանթ Հարությունյանի, իսկ նրա անչափահաս որդու համար՝ 5 տարվա ազատազրկում: Դատախազը 6,6-ական տարվա պատիժ միջնորդեց սահմանել Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար: Նա միջնորդեց  6 տարվա ազատազրկում կիրառել, Հայկ Հարությունյանի նկատմամբ, Ալեք Պողոսյանի համար, 5 տարի Մկրտիչ Հոնվհաննիսյանի, իսկ 4-ական տարի Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի, Արմեն Հովհաննիսյանի հանդեպ: Ամենամեղմ պատիժ դատախազը միջնորդեց Միսակ Առաքելյանի համար՝ 50 հազար դրամ տուգանք:

Ըստ դատախազի՝ թեպետ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը: 

Սակայն պաշտպանական կողմը կարծում է, որ մեղադրանքները շինծու են եղել, ուղղորդված ու միակողմանի, որ ոստիկանների ցուցմուքների վրա է կառուցվել մեղադրանքը: Ըստ փաստաբանների, իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերում այլ իրողություն է, ոստիկանների ցուցմունքներում՝ բոլորովին այլ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ խիստ չափազանցված պատիժներ է պահանջել դատախազը, ինչը իրեն ցնցել է: «15-ամյա տղայի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը իսկապես անմարդկային է: Առհասարակ, ցանկացած իրավական երկրում, ոստիկանության հետ նման բախման համար, մարդիկ կարող են տուն գնալ փոքրիկ տուգանքներով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս մարդիկ խուլիգաններ չեն: Սակայն Հայաստանի իշխանությունները ցանկանում են այսպիսով ահաբեկել ցանկացած քաղաքացիական շարժման, թե տեսեք՝ ինչ է լինում պայքարողների հետ: Եթե դատարանը թեկուզ մեկ-երկու տարի իջեցնելով պատիժները՝ ազատազրկման դատապարտի տղաներին, ապա դա կլինի մեր անկախ պետության պատմության ամոթալի դատավարություններից մեկը: Ողջ խնդիրը գալիս հանգում է անկախ դատարան ունենալու, անկախ արդարադատություն ունենալու խնդրին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ,  ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալվել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Գլխիվայր շրջված արդարադատություն: Անհրաժեշտ է դատել միջադեպին մասնակցած միլիցիայի աշխատակիցներին և նրանց անօրեն հրաման իջեցնողներին: Մարդկանց դատում են հայրենասեր լինելու համար, իսկ իշխանությունը զավթած մի բուռ դավաճան ավազակները չգրված օրենքներով մնում են անպատիժ: Որ օրենքով են Միսակ Առաքելյանին բանտում մեկ տարի պահում, երբ նա ըստ անգամ անօրեն օրենքի, 50 հազար դրամանոց զանցանք է կատարել: Իսկ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 18.2. հոդվածի Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել եւ չէր կարող պատճառել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter