HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

850 կգ ավազ, թե հերոին. ի՞նչ էր ուզում Թուրքիայի քաղաքացին փոխադրել Եվրոպա

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ ընթացել է Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով նախնական դատական նիստը: Վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպանությունը ստանձնել է Վրաստանից ժամանած նոր փաստաբանը: Նրանից բացի՝ հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանին փոխարինելու է  Սյունիքի մարզի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանը: Երկու պաշտպաններն էլ գործում նոր են ներգրավվել:

Այս գործով երկու ձերբակալվածների՝ վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու և մեքենայի սեփականատեր Օսման Ուղուրլուի մասով մեկ ընդհանուր դատավարություն է ընթանում, որը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է քննվում: Սակայն քանի դեռ կան չպարզված հանգամանքներ, գործի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ: Թմրամիջոցը պետք է Իրանի Իսլամական Հանրապետությունից տեղափոխվեր Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ: Այդ նպատակով սման Ուղուրլուն 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը: Այնուհետև ընկերության անվամբ ձեռք է բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշենի» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ  դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:

Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ,160գ,467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը: 

Հայտնաբերված թմրամիջոցը պահվում է ՀՀ ԿԱ ԱԱՍԾ վարչատնտեսական տարածքում:

Օսման Ուղուրլուն Թուրքիայի քաղաքացի է, նախկինում դատված: Հանրային պաշտպան Արտակ Գարոյանը, ով պաշտպանում է Ուղուրլուի շահերը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատական նիստին ինքը կրկին միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը, կամ հետ վերադարձնել գործը դատախազին՝ նոր որակում տալու նպատակով, քանի որ թմրամիջոցների իրացման մեղադրանքը իր պաշտպանյալի նկատմամբ հիմնավորված չէ:

«266 հոդվածի իրացման մասով գործում որևէ ապացույց չկա, որ Ուղուրլուն իրացման նպատակով է այդ 850 կգ-ը տեղափոխել: Իրացումը տնօրինչական ֆունկցիա է, այսինքն՝ պետք է մի բան ձեռք բերեք, որ դառնա ձերը, կամ աճեցնեք, քաղեք, մշակեք՝ դառնա ձերը, նոր իրացնեք: Բայց գործի բոլոր նյութերով Ուղուրլուն կրկնել է, որ X անձի պատվերն է կատարել, ընդամենը փոխադրել է»,-ասում է պաշտպան Գարոյանը:

Ավելին, Օսման Ուղուրլուն պնդում է, որ չի իմացել, որ տեղափոխված բեռը թմրամիջոց է պարունակում: Ըստ վերջինիս՝ իրեն պատվիրատուն հանձնարարել էր ավազ տեղափոխել՝ պայմանով, որ փորձի թաքստոցների անվտանգությունը մաքսակետից անցկացնելիս, որից հետո՝ հաջորդ անգամ նոր հաշիշ կանցկացնի:

Դատախազը առարկել է միջնորդությանը, սակայն դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը՝ դրան հաջորդ նիստերից մեկում անդրադառնալու նպատակով:

Արտակ Գարոյանը նշեց, որ գործում ներգրավված վկաները՝ մաքսատան աշխատողները միջնորդել էին առանց իրենց ներկայության գործը քննել և հաշվի առնել իրենց՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները: Երրորդ վկան ոչ մի գրություն չի ուղարկել: ՊաշտպանԳարոյանը միջնորդել է ապահովել վկաների ներկայությունը և նրանց բերման ենթարկել, քանի որ իր պաշտպանյալն այդ կերպ զրկվում է պաշտպանության իրավունքից, այն է՝ իր դեմ ցուցմունք տվող վկային հարցաքննելուց: Դատարանը բավարարել է մեկ վկային բերման ենթարկելու միջնորդությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրայութը տեղափոխող վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը: Ավթանդիլ Մարտիաշվիլին, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:

Այսօրվա նիստին վարորդ Մարտիաշվիլու պաշտպանները միջնորդել են վարորդին առնչվող փաստաթղթերը տրամադրել վրացերենով, ինչը մինչ օրս չէր արվել: Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 29-ը. փաստաբանները պետք է ծանոթանան գործին:

Լուսանկարում՝ ձախից վարորդ Մարտիաշվիլին և Օսման Ուղուրլուն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter