HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անակնկալ նշանակում ներման հանձնաժողովում

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի նահանգապետ Դենիել Մալլեյը երեկ որոշում է կայացրել ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի կազմը համալրելու մասին: Հանձնաժողովի նոր անդամը ոչ այլ ոք է, քան ամերիկյան բանտում չկատարած հանցանքի համար 20 տարի պատիժ կրած Քեննեթ Այրլենդը:

«Քեննեթը, լինելով անմեղ, պատիժ է կրել բանտում: Նա եզակի մարդ է, ով անցել է տառապանքների միջով, բայց չի չարացել: Նա համակարգը շատ լավ է ճանաչում և կարող է ավելի ճիշտ կողմնորոշվել ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հարցերում, քան ուրիշ մեկը: Այս նշանակումը անակնկալ ժեստ է, բայց և շատ կարևոր: Ժողովուրդը պետք է տեսնի, որ կարևորը արդարադատությունն է, ազնվությունն ու հարգանքը հասարակության նկատմամբ: Իմ որոշումը դրան է ուղղված»,- որոշումը կայացնելուց հետո այս մասին հայտնել է նահանգապետը Hartford Curant թերթին:

Քեննեթ Այրլենդը 20 տարեկանում` 1989 թ-ին, 50 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով 30-ամյա մի կնոջ բռնաբարության ու սպանության մեջ: 4 երեխաների մոր մարմինը հայտաբերվել էր 1986 թ-ին Հարթֆորդ քաղաքի գործարաններից մեկի տարածքում, որտեղ կինն աշխատում էր գիշերային հերթափոխով: 20-ամյա մեղադրյալին դատապարտել են բացառապես 2 վկայի ցուցմուքով, ովքեր ոստիկաններին հայտնել են, որ սպանության գիշերը տեսել են Քեննեթ Այրլենդին գործարանում: Երդվյալ ատենակալների ձայները կիսվել են. նրանց կեսը արդարացման, իսկ մյուս կեսը՝ մեղադրական դատավճռի կողմնակից է եղել: Մատնադրոշմային ու մազերի փորձաքննության արդյունքները խոսել են ի օգուտ մեղադրյալի: Բայց ատենակալներն, ի վերջո, մեղադրական դատավճիռ են կայացրել:

Քեննեթը 20 տարի շարունակ պնդել է, որ անմեղ է, անընդմեջ բողոքարկել դատավճիռը: Եվ ահա 2009 թ-ին կատարված ԴՆԹ թեսթի արդյունքները ցույց են տվել, որ իրեղեն ապացույցների վրա պահպանված սերմնահեղուկը չի պատկանում Քեննեթ Այրլենդին:

Նա 40 տարեկանում՝ 2009 թ-ին արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն: Դատարանում Քննեթ Այրլենդը քաղաքացիական հայց ունի ընդդեմ ԱՄՆ-ի, 20 տարվա անարդար պատժի համար նա պետությունից պահանջում է 8 մլն դոլար փոխհատուցում: Այսօր նա 44 տարեկան է, աշխատում է, երեկ էլ ստացել է նոր աշխատանք` ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովում:

Երբ նայեցի ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի կազմը, հաճելիորեն զարմացա. փաստաբան, գրող, անչափահասների արդարադատության մասնագետ, հասարակական գործիչ, բայց ոչ երբեք՝ ուժային կառույցները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաններ:

Մեզ մոտ՝ Հայաստանում, թե՛ ներման հանձնաժողովում, թե՛ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովները (երկուսն էլ ստեղծված են ՀՀ հրամանագրերով) գլխավորում են ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մեղադրանքի կողմը պաշտպանող գերատեսչություններ են ներկայացնում (ոստիկանություն, դատախազություն):

Մեզանում դեռ իրեղեն ապացույցները չեն պահպանվում, այդ հիմքով ԴՆԹ թեստեր չեն արվում, դատապարտյալներն, ովքեր տասնյակ տարիներ պնդում են, որ անմեղ են, շարունակում են մնալ բանտերում, ուր մնաց՝ արդարացման դատավճռով վերադառնան ու աշխատանք ստանան ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովներում: Այս ամենը մեզ համար դեռ ֆանտաստիկայի ոլորտից է:

Լուսանկարում` Քեննեթ Այրլենդը քրոջ հետ
Լուսանկարը՝
Hartford Curant

 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Հայաստանը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ հասնի իր շատ քաղաքացիների կողմից ռուսական պրոպագանդայի պատճառով չսիրված ԱՄՆ-ին։ Երանի մեր քաղաքացիները պետության կողմից արժանանային այն վերաբերմունքին, ինչ որ ԱՄՆ կառավարությունն է ցույց տալիս իր քաղաքացիների հանդեպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter