HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղավորներն անպատիժ են մնացել». հոր մահվան առեղծվածը հանգիստ չի տալիս դստերը

«Հետքը» շարունակում է հետևել Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանի բողոքի քննությանը, որով նա ցանկանում է պարզել, թե մեկ տարի առաջ՝ հուլիսի 25-ին ինչ է տեղի ունեցել հոր՝ Գյանջիրով Հովհանյանի հետ: Հիշեցնենք, որ Գայանեի հոր դին Արարատից 3 կմ հեռավորության վրա է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում: Գայանեն ու Հովհանյան ողջ ընտանիքը համոզված է, որ հոր հետ պատահածը սպանություն է: Նրանք վկա են եղել հուլիսի 25-ին նախորդած դեպքերին, երբ հայրը վախեցած եկել է տուն, ապա փախել-թաքնվել հարևանի հողամասում՝ ասելով «Ասլանի տղերքը, եկան, ինձ կսպանեն, խոստացել են»:

Ասլան Ավետիսյանն՝ իր երկու որդիների՝ Հովհաննեսի ու Նարեկի հետ հանդիսանում է Արարատում գործող քարի արտադրամասի՝ «Ջի-ընդ Էյ» ՓԲԸ-ի սեփականատերը, որտեղ 10 օր աշխատել է 65-ամյա Գյանջիրով Հովհանյանը: Ասլանն ու որդիները կասկածել են, թե Հովհանյանն ու իր հարեւանները քարի արտադրամասից գողություն են արել: Տեղի է ունեցել քաշքշուկ: Գայանեն վկա է եղել, թե ինչպես է հայրը ահաբեկված ու վախեցած պատմել Ասլան Ավետիսյանի տղաների մասին, ովքեր խոստացել են իրեն սպանել՝ ենթադրյալ գողության կասկածանքով:

Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը դեպքից մեկ տարի հետո որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպք չլինելու պատճառաբանությամբ: Նույնատիպ որոշում է կայացրել Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը: Ըստ Արթուր Ավետյանի, Գյանջիրով Հովհանյանին Ավետիսյան եղբայրները չեն սպանել եւ չեն դրդել ինքնասպանության, միայն Նարեկ Ավետիսյանն է ապտակել (ՔՕ 118 հոդված) նրան, իսկ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջին համաներման հիմքով:    

Այս որոշումների դեմ բողոք է ներկայացրել Գայանե Հովհանյանը (ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Մալխասյան): 25 էջանոց բողոքը նախ լսվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում (դատավոր Ռուբիկ Մխիթարյան): Ապա Արարատի մարզի դատախազությունից վերահսկող դատախազ Նիկողոսյանը գրավոր ներկայացրեց դատախազության առարկությունները:

Դատախազն ու քննիչը սպառնալիքների մասին վկայություններ չեն տեսել

Վերահսկող դատախազ Նիկոոսյանն ու քննիչ Ավետյանը

Դատախազ Նիկողոսյանի առարկությունների հիմնական գիծն այն էր, որ սպանության ու ինքնասպանության հակելու կամ դրդելու հատկանիշներ չկան գործով ձեռքբերված ապացույցներով: «Իսկ եթե գտնում եք, որ փորձագետները, պաշտոնատար այլ անձինք կեղծիքներ են կատարել, ապա գիտեք կարգը, գնացեք ու հաղորդում տվեք հանցագործության մասին»,- ասաց վերահսկող դատախազը: Նա անդրադարձավ բողոքում նշված այն հարցերին, որոնք, ըստ Գայանե Հովհանյանի, մնացել են անպատասխան: Մասնավորապես՝ ի՞նչ է տեղի ունեցել Գյանջիրով Հովհանյանի՝ տնից դուրս գալուց հետո, ո՞ւր է նա գնացել, որտե՞ղ և ո՞ւմ հետ է ալկոհոլ օգտագործել, ինչո՞ւ են հագուստները փոշոտված: Դատախազը պատասխանեց, որ այդ տեղեկությունները օպերատիվ աշխատանքների արդյունքում հնարավոր չի եղել պարզել:

«Ինչ վերաբերում է մետաղալարին, որից կախված է եղել Հովհանյանը, ապա ես ինձ հետ բերել եմ մետաղալարը, եթե անհրաժեշտ եք համարում, զննեք և տեսեք, որ հնարավոր է հեշտությամբ ծռել: Ակնհայտ է, որ փափուկ մետաղ է»,- ասաց դատախազը:

Դատավորը նշեց, որ դատարանը փորձաքննություն իրականացնող մարմին չէ, և գործն էլ քննվում է բողոքի շրջանակներում, ուստի ապացույցներ չեն կարող հետազոտվել:

 Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը

Հագուստների փոշոտված լինելու հանգամանքը, ըստ դատախազի, բնական է, քանի որ Գյանջիրովը քայլել է դաշտերի միջով: Իսկ հագուստների հետազոտության մեջ նշված է, որ դրանց վրա առանձնահատուկ հետքեր չկան: Ըստ դատախազի` սխալ է նաև բողոքաբերի այն վարկածը, ըստ որի հնարավոր է իր հորը սպանել են, ապա կախել: Դատախազը մեջբերեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի 65-ամյա տղամարդու մահը վրա է հասել սեփական մարմնի կախման պատճառով առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով:

Սպառնալիքի մասին վկայություններ 

Դատախազի առարկություններում անընդհատ մատնանշվում էր, որ Ավետիսյան եղբայրների կողմից սպառնալիք, հաշվեհարդարի կոչ չի եղել:

Փոխարենը Գայանեի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Մալխասյանը նշեց, որ գործում կան բազմաթիվ վկայություններ Գյանջիրովին ուղղված սպառնալիքների մասին: Օրինակ՝ հարևաններից Վազգեն Կարապետյանը Գայանեի հետ առերես հարցաքննության ժամանակ հաստատել է Գյանջիրովի այն միտքը, որ նա ասել է. «Էկան, ինձ կսպանեն»: «Այսինքն՝ ծեծը, Գյանջիրովի թաքնվելը, սպառնալիքը, զանգերը, արտահայտությունները, որոնք արվել են Ավետիսյանների կողմից, մի՞թե բավարար չեն, որ նախաքննական մարմինը ընդունի, որ հաշվեհարդար տեսնելու կոչեր են եղել: Ես խնդրում եմ մեր բողոքը բավարարել: Դատախազի առարկությունները ենթադրական դատողությունների տիրույթում էին»,- ասաց փաստաբան Գարիկ Մալխասյանը:

«Ես իմ մեռելը չեմ ծախում». տուժող

Հայտարարություն արեց բողոքաբեր, հորը կորցրած, տուժող Գայանե Հովհանյանը. «Հարցաքննություններ են կատարվել, որ իմ հայրը մաքուր հագուստով է տնից դուրս եկել հուլիսի 25-ին, ինչո՞ւ պիտի նրա հագուստը աղտողված լիներ: Չեմ հասկանում, պետք է դա պարզեիք: Դուք միթե չեք հիշում, որ ես հայտնել եմ Ձեզ, թե որտեղ եմ իմ հորը փնտրել ամբողջ գիշեր: Ո՞ւր են դիակի լուսանկարները, որ արվել են դատաբժշկի կողմից, իսկ հետո քննիչն ինձ ասաց, թե ջնջվել են: Ու հետո, Դուք ինձ հրավիրեցիք Ձեր աշխատասենյակ ու ասացիք, որ 3- 5 տարի  պատիժ է սահմանված քրեական օրենսգրքով, եթե դուք հրաժարվեք փոխհատուցումից, կմնա 0-ից երեք տարի, համաներումով դուրս կգա Նարեկ Ավետիսյանը: Այսօր ես ոչինչ չունեմ: Եթե հիշում եք, ես էլ ասացի՝ ես իմ մեռելը չեմ ծախում»:

Ապա վերահսկող դատախազին ու քննիչին հարցեր տվեց դատարանը: Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ որոշում կկայացնի նոյեմբերի 19-ի դատական նիստում:

Առաջին լուսանկարում տուժող Գայանե Հովհանյանն ու նրա ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter