HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոր մահվան առեղծվածը բացահայտել փորձող Գայանեի բողոքը մասնակի բավարարվել է

Գայանե Հովհանյանը մեկ ու կես տարի պայքարում է հոր՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի բարի անունն ու համբավը վերականգնելու համար: Նա մասամբ հաղթել է Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Մահացածի դուստրը դատարանում ցույց է տվել, թե ինչպես է ծառից կախված եղել հայրը: «Հատուկ երկար շարֆ էի վերցրել ինձ հետ, կանգնեցի ու գցեցի վիզս: Բոլորը տեսան, որ կապը վզիս հետևի մասում է հայտնվում, իսկ հորս մոտ այդ կապը, չգիտես ինչու, առջևում է եղել: Այսինքն՝ մեկն «օգնել է» նրան: Կապի դիրքը տեսել եմ մի քանի լուսանկարներում ու 15 օր փայտացած անկողին ընկել, ամբողջ դեմքս սթրեսից ծռվել էր»,- պատմեց Գայանեն:

Նա դատարանի որոշումը ստացել է ու շտապել «Հետքի» խմբագրություն. «Երբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կարդաց որոշման եզրափակիչ մասը՝ մասնակի բավարարել Գայանե Հովհանյանի բողոքը, հասկացա, որ արդարությունը մեռած չի, որ մեր պես հասարակ, անփող մարդկանց էլ է հիշում արդարադատությունը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գայանե Հովհանյանը: Նա պայքարում է հոր մահվան առեղծվածը պարզելու և մեղավորներին համարժեք պատժի դատապարտված տեսնելու համար:

Հիշեցնենք, որ Գայանեի հոր դին Արարատից 3 կմ հեռավորության վրա է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում: Գայանեն ու Հովհանյան ողջ ընտանիքը համոզված է, որ հոր հետ պատահածը սպանություն է: Նրանք վկա են եղել հուլիսի 25-ին նախորդած դեպքերին, երբ հայրը վախեցած եկել է տուն, ապա փախել-թաքնվել հարևանի հողամասում՝ ասելով. «Ասլանի տղերքը եկան, ինձ կսպանեն, խոստացել են»:

Ասլան Ավետիսյանն իր երկու որդիների՝ Հովհաննեսի ու Նարեկի հետ Արարատում գործող քարի արտադրամասի՝ «Ջի-ընդ Էյ» ՓԲԸ-ի սեփականատերն է, որտեղ 10 օր աշխատել է 65-ամյա Գյանջիրով Հովհանյանը: Ասլանն ու որդիները կասկածել են, թե Հովհանյանն ու իր հարեւանները քարի արտադրամասից գողություն են արել: Տեղի է ունեցել քաշքշուկ: Գայանեն վկա է եղել, թե ինչպես է հայրը ահաբեկված ու վախեցած պատմել Ասլան Ավետիսյանի տղաների մասին, ովքեր խոստացել են իրեն սպանել՝ ենթադրյալ գողության կասկածանքով:

Սակայն Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը դեպքից մեկ տարի հետո որոշում էր կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպք չլինելու պատճառաբանությամբ: Նույնատիպ որոշում էր կայացրել Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը: Ըստ Արթուր Ավետյանի` Գյանջիրով Հովհանյանին Ավետիսյան եղբայրները չեն սպանել եւ չեն դրդել ինքնասպանության, միայն Նարեկ Ավետիսյանն է ապտակել (ՔՕ 118 հոդված) նրան, իսկ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջին համաներման հիմքով: Այդ երկու որոշումների դեմ բողոք էր բերել մահացածի դուստրը, որը լսվել էր Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ:

Գայանեն պատմեց, որ մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելը դատարանում հայտարարել է, որ իրենց ընտանիքին միանգամից առաջարկել են փոխհատուցում, խոշոր գումար, տուն Երևանում, սակայն Հովհանյան ընտանիքը մինչև իսկ քաղաքացիական հայց չի ներկայացրել դատարանում՝ փոխհատուցման պահանջով: «Մենք շատ համեստ ենք ապրում, բայց ես միշտ եմ հայտարարել, որ իմ մեռելը չեմ ծախում: Ու հետո, եթե Ասլանի տղաները մեղավոր չեն, ինչո՞ւ էին ուզում մեզ գումարներ տալ, որ չբողոքենք: Եթե ունևոր, ազդեցիկ մարդիկ չլինեին, հիմա վաղուց սպանության հոդվածով կդատապարտեին»,-զարմացած է Գայանեն:

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն իր որոշման մեջ արձանագրել է, որ խախտվել են տուժողի իրավունքները, ուստի որոշում է կայացրել՝ պարտավորեցնել նախաքննական մարմնին վերացնել այդ խախտումները:

 Օրինակ՝ դատարանն արձանագրել է, որ Գյանջիրով Հովհանյանի դիակի հայտնաբերման վայրի զննության պահին և հետագայում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել արդյունավետ քննություն իրականացնելու համար: Մասնավորապես` դիակի հայտնաբերումից հետո Գյանջիրով Հովհանյանի հարազատների կողմից մատնանշված կասկածներից հետո էլ քրեական հետապնդման մարմինը ոչինչ չի ձեռնարկել դիակը սահմանված կարգով ընտանիքին ներկայացնելու համար: Ավելին՝ նրանց դիմում-բողոքները՝ դիակն իրենց ներկայացնելու և դիահերձումն առանց իրենց տեղյակ պահելու իրականացնելու մասին, մնացել են անհետևանք: Գործում կա արձանագրություն Գայանեի հոր դիակի հայտնաբերման ծառից փորձանմուշներ ներկայացնելու մասին, սակայն չկան ընթերականեր, իսկ այդ գործողությանը մասնակցած անձանց չեն բացատրվել իրենց իրավունքներն ու պարտականությունները:    

«Ճիշտ է, դատարանը մասնակի է բավարարել Գայանեի բողոքը, մերժել է վերացնել նախաքննական մարմնի ու դատախազության որոշումները, բայց, միևնույնն է, կարծում եմ՝ նոր քննություն պիտի հետևի դատարանի որոշմանը: Խախտվել են տուժողի իրավունքները, այն էլ այնքան կոպիտ ու ակնհայտ, որ առանց նոր քննության հնարավոր չէ վերականգնել Գայանե Հովհանյանի իրավունքները, մի մարդու, ով ինքն է, կարելի է ասել, շարժել ողջ նախաքննությունը մեկ տարի շարունակ՝ միջնորդություններով, դիմում-բողոքներով, որոնք, սակայն, հաճախ մնացել են առանց արձագանքի»,- ասաց Գայանեի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Մալխասյանը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Եթե արդարությունը մեր երկրում մեռած չլիներ ապա 70-80 տարի կյանք ապրածներից մեկը, կպատմեր, թե ինչպես որևէ չունեվոր, առանց ծանոթի, իրեն օրենքով հասանելիք իրավունքի տերն է դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter