
Եթե դատավորներն իրենց գրպանից վճարեին ԵԴ վճիռների համար, անարդար դատավճիռները կնվազեին
Երևանի Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանի ընտանիքը 9 տարի ապրում է վարձով: Պետության կարիքների անվան տակ իրացված տան դիմաց չնչին փոխհատուցումով ինչպես նա, այնպես էլ հարյուրավոր այլ քաղաքացիներ չեն կարողացել 2004-2005թթ. բնակարան գնել: Հետագայում նրանց միակողմանի հանել են նաև գրանցումից: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը 9 տարի պայքարում է իր ու պետական կարիքներից տուժած այլ քաղաքացիների սեփականության իրավունքի իրացման համար: ՄԻ Եվրոպական դատարանը նոյեմբերի 13-ին վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` բավարարելով Սեդրակի ու նրա երկու հարևանների հայցերը: ԵԴ վճռով երեք ընտանիքներին միասին ՀՀ պետական բյուջեից պիտի վճարվի 160.000 եվրո փոխհատուցում: Սակայն Սեդրակ Բաղդասարյանը մտահոգ է: Պատճառների մասին «Հետքը» զրուցել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հետ:
- Հաղթել եք ՄԻ Եվրոպական դատարանում, սակայն ասում եք, որ մտահոգություններ ունեք: Ի՞նչն է պատճառը:
- Եթե ժամանակին մեր դատարանները արդարացի որոշումներ կայացնեին, եթե հանցագործությունները կանխվեին, բյուջեից հսկայական գումարներ դուրս չէին գա փոխհատուցման համար: Տեսեք` մինչև այս տարվա նոյեմբերի 13-ը ԵԴ վճիռներով մեր պետական բյուջեից պետական կարիքների համար տուժած քաղաքացիներին 8 գործերով 500.000 դոլար գումար է վճարվել: Իսկ վերջին երեք վճիռներն էլ գումարած ստացվում է մոտ 700.000 եվրո գումարի պահանջ: Այս հսկայական գումարները կարող էինք չվճարել, եթե մեր երկրում արդար դատաքննություն լիներ: Սա դեռ բավական չէ, այդ ամենը պիտի վճարվի պետական բյուջեից, այսինքն` դարձյալ քաղաքացիների հաշվին: Ստացվեց, որ ՀՀ քաղաքացին կրկնակի է տուժում:
- Ձեր կարծիքով` արդարացի՞ կլիներ, եթե փոխհատուցումները վճարեին այն դատավորները, ովքեր խախտումներ են թույլ տվել:
- Բազմաթիվ ապօրինությունների հեղինակները ջրից չոր են դուրս գալիս, ես դա չեմ հասկանում: Այո, եթե ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները, մեր գործերը քննած դատավորները ստիպված լինեին իրենց գրպանից վճարել այդ գումարները, հավատացեք` անարդար դատավճիռների թիվը կնվազեր: Ինչու՞ պիտի հիմա Հայաստանի քաղաքացին կրկնակի տուժի, իսկ հանցագործություն կատարողները շարունակեն պաշտոնավարել:
- 9 տարի ապրել եք վարձով, ինչպե՞ս եք պայքարել, արդյո՞ք պայքարողները շատ էին:
- Անգամ այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր ասում, որ 5000 պայմանագիր է կնքվել, բայց միայն 20-25 մարդ է բողոքում: Սակայն չեմ մեղադրում, քչերն են հավատում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Բայց պայքարողներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ մյուսներն էլ տեր կանգնեն իրենց իրավունքներին: Հիշում եմ`դատարանը վճռել էր, որ «Գրիար» ՍՊԸ-ն իմ ընտանիքին 23.000 դոլարի փոխհատուցում պիտի տար: 10 տոկոս էլ եկամտահարկ պահեցին: Հետո, իհարկե, դա խախտում ճանաչվեց ու հետ վերադարձրին այդ 10 տոկոսները, բայց այդ գումարով մենք չկարողացանք տուն գնել: Անշարժ գույքի գները սրընթաց աճում էին: Այդ գումարով 1 սենյականոց բնակարան Նոր Նորքի 9-րդ զանգվածում էլ չէիր գնի: Ու այդպես` 9 տարի է մենք վարձով ենք ապրում, բայց ոչ միայն մենք: Հիմա էլ 340 ընտանիք անտուն է` Ֆիրդուսի տարածքից, Տերյան, Արամի, Գլխավոր պաղոտայի մի մասից, Կոնդից: Անտուն են, որովհետև չկա կամք անդրադառնալու քաղաքացիների գույքային իրավունքներին:
- Իսկ ինչո՞ւ կոնկրետ բնակարան չէին առաջարկում Ձեզ:
- Դատավարություններից մեկի ժամանակ դատավորը կառուցապատման ԾԻԳ-ի ներկայացուցչին հարց տվեց` ի՞նչ եք կառուցելու: Այդ ներկայացուցիչը ասաց` բնակելի շենքեր: Երբ դատավորն ասաց` տեղի նախկին բնակիչներին էլ տներ տվեք այդ շենքերում, ԾԻԳ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք էլիտար բնակարաններ են կառուցում էլիտար մարդկանց համար: Բայց բնակարանի խնդիր եղել է: Երբ 2009թ. Եվրոպական դատարանը Սեմերջյանների գործով կայացրեց նախադեպային որոշում, կառավարությունը զգաց, որ պարտվելու է նմանատիպ այլ գործերով նույնպես: Այդ ժամանակ մեզ առաջարկեցին 3 բնակարան երեք ընտանիքների համար: 2 օր անց մեզ կանչեց այն ժամանկվա Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը և ասաց` կառուցապատողի փոխհատուցած գումարը կտաք, բնակարանը կտանք: Բայց ԵԴ որոշման մեջ չկա նման բան, որ մենք պիտի գումար տանք մեր բնակարարնների համար: Դիմեցինք նաև Կադաստր, պարզվեց` այդ 3 բնակարանները վաղուց այլ տերեր ունեն: Մենք ստիպված դիմեցինք ԵԴ, որ վերսկսեն գործը, և ահա հաղթանակը:
- Այս բոլոր խախտումների մասին պարբերաբար բարձրաձայնել եք: Որևէ պատասխանատվություն հետևե՞լ է:
- Մամուլով, մեր ակտիվությամբ միշտ բարձրաձայնել ենք, որ կառավարության 2004թ. որոշումն ապօրինի է, որ դրանով Երևանի քաղաքապետի միջնորդությունը հաշվի առնելով` թույլ են տվել առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով կնքել պայմանագրեր կառուցապատող կազմակերպությունների հետ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի կառուցապատման նպատակով: Այդ ընկերությունների թվում էր նաև «Վիզկոն» ՍՊԸ-ն, որը նույնիսկ լիցենզավորված կազմակերպություն չէր: Իսկ այդ ընկերության հիմնադիր Պավել Անդերսոնը երկու տարի առաջ հայտնեց, որ Սիմոն Աղազարյանի միջոցով 550.000 դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որպեսզի «Վիզկոնը» ընդգրկվի կառուցապատողների ցանկում: Մյուս ընկերությունը, ով առանց մրցույթի զբաղվել է կառուցապատմամբ, «Գաբշինն» է, որը Արամի 72, 80 հասցեում բնակարաններ է վաճառել. 1 բնակարանը 5 հոգու վրա: Ստացվում է, որ դա բացարձակապես պետական կարիքի հետ կապ չուներ: Անգամ ԾԻԳ-ի պետը այդ շենքում բնակարան ունի: «Հետքը» լրագրողական հետաքննություններ է արել ու շատ ապօրինություններ հենց այդ ճանապարհով են ի հայտ եկել: Բայց հարցերի հարցը մնում է այն, որ հանցագործություններ անողները, խրախուսողները պատասխանատվության չեն ենթարկվել, փոխարենը պետական բյուջեից պիտի կատարվեն փոխհատուցումներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել