
Ովքե՞ր կարող են պայմանական ազատվել. Յուրի Վարդանյանի որդին ազատազրկման վայրում չէ
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ 30-ամյա Դավիթ Վարդանյանը, ազատության մեջ է: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատություն: Մամուլում տարածած այս լուրը «Հետքի» հետ զրույցում հաստատեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Դավիթ Վարդանյանը պատիժ է կրել «Գորիս» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Դավիթ Վարդանյանին օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու և մաքսանենգություն կատարելու մեջ` դատապարտելով 4 տարվա ազատազրկման (ՔՕ հոդված 215 մաս 2, հոդված 268 մաս 3): Դավիթն այդ ժամանակ արդեն մեկ տարի կալանքի տակ էր:
Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել Իրանում առանց իրացնելու նպատակի 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց ձեռքբերելու համար, որից 7 գրամ թմրամիջոցը նա փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել էր ձեռքի պայուսակում և 2013-ի հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով՝ Հայաստանի պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել էր Հայաստան:
Հարցին, թե ինչ հիմքով է Դավիթ Վարդանյանի նկատմամբ կիրառվել պայմանական ազատում, արդյոք նա մասնակցել է որևէ միջոցառման, սովորել բուհում, աշխատել, մասնակցել կրթական, ստեղծագործական ծրագրերի, ստացել խրախուսանքներ, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ Դավիթ Վարդանյանը դրական է բնութագրվել:
Մինչդեռ քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են, որ պայմանական վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: «Հետքին» դիմած դատապարտյալ Արամ Գասոյանն, օրինակ, ամուսնացել էր բանտում, կին, երեխաներ, հիվանդ մայր ունի: Սակայն Արամն արդեն 7 անգամ մերժում է ստանում ու չի կարողանում ազատվել: Արամի նման շատերը կան բանտերում, ում նկատմամբ համառորեն ու անհասկանալի կերպով չի կիրառվում պայմանական ազատումը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ վաղաժամկետ ազատություն էր վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը, ով 2004 թ.-ին մեղադրվել է իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011 թ.-ին, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ.-ի փետրվարի 29-ի գիշերը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել