HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսանտի դիմանկար.Հասան Հասանով-3

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ 

սկիզբ

Սոցիալական ցանցերում Հասան Հասանովի բոլոր երեք էջերում հայտնաբերված նյութերը, անդամակցած խմբերը կարեւոր տեղեկություն են տալիս նրա աշխարհայացքի, քաղաքական հայացքների, ծավալած գործունեության մասին:

Հասանը դրանցում տարածել է հակահայկական բնույթի, Արցախին ու մասնավորապես Ջաբրայիլին վերաբերող նյութեր, ադրբեջանական բանակի, նրա տեխնիկական հագեցվածության, վերջին տարիներին Բաքվում անցկացված ռազմական շքերթների, հատուկ նշանակության ջոկատների վարժանքների մասին նկարներ ու տեսանյութեր:

Նկար Հասան Հասանովի ալբոմներից. ամենեւին բացառված չէ, որ Հասանն ինքն էլ կա նման նկարներից որեւէ մեկում…

Նմանատիպ նկարներ (այդ թվում՝ ռազմական շքերթների ժամանակ հատուկ ջոկատայինների կադրերով) անխտիր հանդիպում են երկու ռազմական հաստատություններում նրա հետ սովորած կուրսընկերների էջերում… Ի վերջո, Ռամիլ Սաֆարովն էլ ունի նկարներ (օրինակ՝ այս տեսանյութում, 3:14-ին), որտեղ նա եւս անճանաչելի է, եւ չլինեին նրան նվիրված տեսանյութերը, դժվար կլիներ նույնականացնելը:


Odnoklassniki ցանցում Հասանը անդամակցել է մի շարք փակ խմբերի: Դրանցից մեկը "НАХИЧЕВАНКА"-так мы ее называли խումբն է: Այս խմբին անդամակցում են Ջամշիդա Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանում տարբեր տարիներին սովորած կամ դասավանդած զինվորականներ: Հասանը նաեւ անդամակցում էր իր սովորած երկու ռազմական հաստատությունների շրջանավարտների մի քանի բաց խմբերի (օրինակ՝ Бакинское Высшее Общевойсковое Командное училища/БВОКУ им.Верховного Совета Аз), կամ՝ Бакинское Военное Училище  им. Нахичеванского, կամ՝ БВОКУ-55):

Հասանի անդամակցած մյուս փակ խմբերն են՝ Մեծ, միացյալ Ադրբեջան՝ BÜTÖV AZƏRBAYCAN BİRLİYİ, կամ՝ KÖNÜLLÜLƏR BATALYONU/Կամավորների բատալիոն, ŞANLI AZƏRBAYCAN ORDUSU/Փառապանծ բանակ, Джебраильцы-Ҹәбрајыллылар-Cəbayıllılar:

Նա անդամակցել է նաեւ հետեւյալ բաց խմբերին՝ CEBRAYIL/Ջաբրայիլ, Cəbrayıllı iş adamları/ Ջաբրայիլի գործարարներ (http://ok.ru/group/51727784542306), DOGMA YURDUM CEBRAYILIM /Ջաբրայիլ հայրենի հող, Карабах, земля Азербайджанцев!!! եւ այլն:

Մասնագիտական հետաքրքրասիրությամբ պայմանավորված՝ նա այդ սոցցանցում անդամակցել է նաեւ Оружие и военная техника բաց խմբին, որը նախատեսված է զենքի եւ զինտեխնիկայի սիրահարների համար: Ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունից էլ դարձել է Интернет магазин “Авто мир” բաց խմբի անդամ:

Ինչպես արդեն նշել ենք, Հասան Հասանովի պահպանված ֆեյսբուքյան էջն անհամեմատ ավելի քիչ տեղեկություններ է պարունակում նրա կապերի մասին: Թեպետ նույնիսկ այդ էջում զետեղված լուսանկարներից ու որոշ նյութերից ակնհայտ են Հասանի մասնագիտական հակումները դեպի ռազմական գործն ընդհանրապես, ու դեպի հետախուզական-դիվերսիոն գործունեությունը՝ մասնավորապես: Ահավասիկ որոշ նկարներ նրա ալբոմներից.

Հասան Հասանովի այլեւս վերացված ֆեյսբուքյան էջում շատ ավելի տեսանելի էին զինվորական ու քաղաքական շրջանակների, դեմքերի հետ նրա կապերը: Այդ էջով Հասան Հասանովը անդամակցել է Bütün dünya Türkləri, birləşin!/Թուրքեր բոլոր երկրների, միացե՛ք, խմբին: Հասանի ընկերների շարքում կարելի էր գտնել Թուրքիայի բազում քաղաքացիների, որոնց հետաքրքրությունները նույնպես վերաբերում էին քաղաքականությանը, ռազմական գործին: Հասանի՝ Թուրքիա ճամփորդություններից բազում նկարներ կային նրա ալբոմներում, որոնք, ցավոք սրտի, չենք հասցրել պահպանել մինչեւ էջը վերացնելը: Ըստ երեւույթին, դրանք նույնպես կարեւոր տեղեկատվություն կարող էին տալ նրա թուրքական կապերի մասին…

Նրա վերացված տարեգրքում ոչ միայն շատ էին թուրք-ադրբեջանական միասնությանը վերաբերող նկարները, այլեւ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությանը վերաբերող նյութերը՝ ելույթներ, հոդվածներ եւ այլն: Ամենեւին պատահականություն չէ, որ, ինչպես անդրադարձել ենք հոդվածաշարի նախորդ մասում, նրա թաղման ժամանակ ծածանվում էին թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական դրոշները, որոնք նաեւ տեղադրված էին նրա գերեզմանաքարի աջ եւ ձախ կողմերում:

Լուսանկարը՝ Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջից Հասանի գերեզմանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները

Նա նաեւ անդամակցում էր ANTİ-İRAN խմբին: Հասանի հակաիրանյան դիրքորոշումը պայմանավորված էր Հյուսիսային Ադրբեջանով ու այն մեծ եւ միացյալ Ադրբեջանի կազմում տեսնելու իդեալով: Դրա համար էլ նա, ի հավելումն այս ամենի, օդնոկլասնիկյան ցանցում անդամակցում էր «Մեծ, միացյալ Ադրբեջան» փակ խմբին: Ի դեպ, ինչպես կնկատենք ստորեւ, Հասանը ճամփորդում էր նաեւ Իրան՝ ոչ ամենեւին տուրիստական նկատառումներով, այլ Արցախ ներթափանցելու համար…

Մեր կողմից առանձնացված եւս երկու՝ քաղաքականությանը վերաբերող խմբերից էր Нова Україна-ն. Հասանի համակրանքը ռուս-ուկրաինական պատերազմում միանշանակ Ուկրաինայի կողմն էր: Երկրորդը CƏBRAYIL (JABRAİL) խումբն էր իր 1680 անդամով:

«Ջաբրայիլ» խումբը եւ 2012-ին Հասանի «հայտնությունը» դրանում

Այս խմբին անդրադարձը կարեւոր է ամենեւին ոչ այն առումով, որ մի խումբ ծագումով ջաբրայիլցիներ շփվում են միմյանց հետ ու կապ պահպանում, վերհիշում Ջաբրայիլն ու հուշեր փոխանցում այնտեղ չծնված երիտասարդ սերնդին, միասին ոգեկոչում Ադրբեջանի կողմից շրջանը կորցնելու տարելիցները: Մեր կողմից ծավալուն անդրադարձի պատճառն այն է, որ այդ խմբի որոշ անդամներ, այդ թվում՝ տակավին երիտասարդներ, 2012թ.-ից սկսեցին ներթափանցել Արցախ, եւ այդ գործում մեծ էր այնտեղ ներդրված Հասան Հասանովի եւ Ադրբեջանի հատուկ/հետախուզական ծառայությունների գործակալների դերակատարումը…

Խումբը ստեղծվել է 2010թ. դեկտեմբերի 16-ին մի ադրբեջանուհու՝ Նարմի Նուրալիեւայի ֆեյսբուքյան գրառման հետքերով, որին հավանություն տվեց 1660 օգտատեր: «Ջաբրայիլ» խմբի մեկամյակին նվիրված հոբելյանական միջոցառման տեսանյութում կարելի է ծանոթանալ թե՛ նրա նախապատմությանը, թե՛ ակունքներում կանգնած մարդկանց, թե' նաեւ մեկ տարվա ընթացքում ծավալած գործունեության հաշվետվությանը:

Համայնքի անդամներին է՛լ ավելի համախմբելու նպատակով հիմնվել է Ջաբրայիլին նվիրված թանգարան, երիտասարդների շրջանում կազմակերպվում են ֆուտբոլի ջաբրայիլյան առաջնություններ, պարգեւատրում են հաղթող թիմերին: Նաեւ բացվել է Խուդաֆերին (Արաքսի վրա հին, գեղատեսիլ կամրջի անունն է կրում) հիմնադրամի հաշվեհամար, որտեղ փոխանցումներ են կատարվում խմբի գործունեությունը ապահովելու համար: Ի սկզբանե խմբի համար պարծանք եւ հերոս է եղել իրենց հայրենակիցը՝ ջաբրայիլցի Ռամիլ Սաֆարովը: Ստեղծման տարվանից սկսած՝ խմբի ամեն մի տարեդարձի օրը՝ օգոստոսի 26-ին, խմբի անդամներն այցելել են Ռամիլի տուն, հանդիպել ընտանիքի անդամների հետ: Այդ ամբողջը ներառված է տեսանյութում:

Մինչեւ 2011թ. Հասան Հասանովին չենք հայտնաբերել խմբի գործունեությանը վերաբերող եւ ոչ մի տեսանյութում կամ լուսանկարում: Մինչդեռ, Հասանն արդեն ամենուրեք կա 2012թ. միջոցառումներում: Բացի այն, որ այդ միջոցառումներին Հասանի մասնակցության վերաբերյալ լուսանկարներ առկա էին հենց իր եւ ընկերների էջերում, նրան կարելի է տեսնել նաեւ հեռուստառեպորտաժներում, ինչպես, օրինակ, այստեղ:

Առաջին նկարում Հասանից ձախ Ալի Ակրամն («Քյոհնա դոստ»/հին բարեկամ) է, ով Հասանի սպանությունից հետո սոցիալական ցանցերում առավել ակտիվներից մեկն էր պրոպագանդայի տեսակետից:

Հասան Հասանովը դստեր հետ Շահիդների ծառուղում, Լեռնային Ղարաբաղի «օկուպացիային» վերաբերող հերթական տարելիցի ժամանակ:  Հասան Հասանովն իր աղջկա հետ առանձին:

Իր ավագ դստերը ջաբրայիլցիների հերթական միջոցառմանը բերելը հիացմունքի առարկա էր դարձել խմբում, եւ շատերը այն մեկնաբանում էին իբրեւ հայրենասիրություն՝ ջաբրայիլասիրությունը սերնդին փոխանցելու դրսեւորում: Թերեւս չառարկենք, սակայն, մյուս կողմից, այսպիսի անմեղ մուտքը խումբ նաեւ իր վրա կասկածներ չբերելու հնարք էր դառնում. բացարձակ պետք չէր, որ խմբում իմանային, որ Հասանը Ադրբեջանի հատուկ/հետախուզական ծառայություններն է ներկայացնում: Հատկապես, որ խումբը շատ բարդ կազմ ուներ, ու դրան անդամակցում են նաեւ ընդդիմադիր «Մուսավաթը» ներկայացնող դեմքեր:

Խմբի գործունեության երկու տարվան նվիրված տեսանյութում Հասանը շատ տեղերում է երեւում: 2012-ի գարնանից սկսած՝ թե՛ խմբի գործողություններն են ավելի բուռն դարձել, թե՛ նաեւ Հասանի պարտադիր մասնակցությունը դրանց:

Ահավասիկ՝ օգոստոս 23-յան երթի բազում լուսանկարներում, երթի մեջ՝ 1:48-1:49, խմբի հետ լուսանկարվելիս՝ 2:34-2:35, խմբի անդամների հարցազրույցների խորապատկերին՝ 3:25, Ռամիլ Սաֆարովի տուն այցելելիս՝ 4:09:


Ռազմական ուսումնարանի համակուրսեցի, այժմ էլ Ադրբեջանի հետախուզության կադրեր Տոլիկ Օրուչովը եւ Հասան Հասանովը (ամենավերջին շարքում՝ ձախից) 2012թ. օգոստոսի 23-ին Շահիդների ծառուղում: 

Ինչպես նշել ենք հոդվածի նախորդ մասում , երիտասարդների այդ տարվա շապիկները «ազատություն» էին պահանջում Ղարաբաղի ու Ռամիլ Սաֆարովի համար: Նկարի մի քանի երիտասարդներ (կքանստածներից) նույն թվականին արդեն ներթափանցել էին Ջաբրայիլ…

Հասան Հասանովը (ձախից) եւ «Ջաբրայիլ» խմբի անդամները 2012թ. օգոստոսի 26-ին Ռամիլ Սաֆարովի տանը՝ նրա հոր հետ հանդիպման ժամանակ

Այս տարվա տեսանյութերում Ռամիլի հայրը՝ Սախիդ Սաֆարովը, չափազանց ուրախ է. ոչ միայն Հասանը, այլեւ Սախիդը գիտեին Ռամիլի մոտալուտ վերադարձի մասին: Ի վերջո, նրան վերադարձնելու՝ Իլհամ Ալիեւի քայլը հանրային աջակցություն էր պահանջում, եւ այս խումբը նախապատաստված էր դրա դրոշակակիրը լինելուն: Բացի խմբի՝ ի սկզբանե առկա համակրանքը դեպի Սաֆարովի «հերոսությունը», Հասանը եւս կար ուղղորդողների մեջ, որպեսզի ջաբրայիլցիների համայնքը հանդես գա իբրեւ «զորակցության խումբ»:

Ադրբեջանի իշխանությունը եւ ընդդիմությունը «Ջաբրայիլ» խմբում

Ի դեպ, Ջաբրայիլ խումբը բավական բարդ կազմ ունի: Այնտեղ ներկայացված են ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս իշխանամետ դեմքերի, հետախուզության մամինների կողմից խմբում ներդրված Հասանի ու այլ զինվորականների կամ Ղարաբաղյան պատերազմի վետերանների, այլ նաեւ ընդդիմության՝ «Մուսավաթ»-ին հարող ջաբրայիլցիներ նույնպես կան: Խմբի անդամներից է Ալի Աքրամը (Քյոհնա դոստը), ով հարում է «Մուսավաթ»-ին եւ մտերիմ է եղել Հասանի հետ: 

Ալի Աքրամը (Քյոհնա դոստը)՝ աջից Ջաբրայիլցի Ալի Աքրամը: Լուսանկարը՝ «Մուսավաթի» ռեպորտաժից
Ալի Աքրամը երիտասարդ հասակում՝ զինվորական համազգեստով Ալի Աքրամը օգոստոս 23-յան երթում եւ երթի «ընդդիմադիր թեւը». թեպետ չի բացառվում, որ նա նույնպես հետախուզության «մարդն» է  ընդդիմության մեջ

«Ջաբրայիլ» խմբին անդամակցում են նաեւ «Մուսավաթի» կուսակցական այլ դեմքեր եւս: Օրինակ՝ նրա կենտրոնական դիվանից Ռազիմ Ամիրասլանլին, ով նույնպես ծագումով Ջաբրայիլից է: Ալի Աքրամից ոչ պակաս նա էլ էր սգում Հասանի մահը՝ իր էջում տեղադրելով բազում լուսանկարներ թաղման արարողությունից: Այս պերսոնաժը հետաքրքիր է այն առումով, որ նույնպես իր անձնական օրինակով ու յուրօրինակ ձեւով երիտասարդներին «կանչում է» Ջաբրայիլ: Նրա այդ նկարները եւս լայնորեն տարածվել են «Ջաբրայիլ» խմբում:

«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարն ու Ռազիմ Ամիրասլանլին


Ի տարբերություն Հասան Հասանովի ու խմբի այլ երիտասարդների, Ջաբրայիլի շրջանին նա մոտեցել է Արաքսի այն կողմից՝ Իրանից
Ռազիմ Ամիրասլանլին Խուդաֆերին կամրջի ու Ջաբրայիլի շրջանի լքված գյուղի խորապատկերին Արաքսի իրանական ափից արված այլ լուսանկար

Խմբում ընդդիմադիր եւ իշխանական ջաբրայիլցիների ներկայությունն է պատճառը, որ իշխանական ու ընդդիմադիր լրատվամիջոցների վերաբերմունքը նրա հանդեպ նույնական է, ի տարբերություն այլ հարցերի: Այսպես. ինչպես որ Ալիեւի վարչակազմն էր հպարտանում Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ու նրա «հերոսությամբ», նույն կերպ «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը աչքալուսանք տվեց Սաֆարովի ընտանիքին՝ նրա վերադարձի կապակցությամբ ու այն դրական փաստ գնահատեց Ադրբեջանի համար:

Կամ՝ եթե 2014-ի ամառային լարվածության ժամանակ Ալիեւի վարչախումբը զայրացած էր «Մուսավաթի» լրատվամիջոցների կողմից իրադարձությունների լուսաբանման առնչությամբ, ապա Հասան Հասանովի, քարվաճառյան դիվերսանտների վերաբերյալ նրանց քարոզչությունը գրեթե նույնական էր: Մենք քարվաճառյան դիվերսիոն խմբի հետ կապված նմանատիպ հավելյալ փաստեր էլի կվկայակոչենք հոդվածաշարի հաջորդ մասերում: «Մուսավաթի» լրատվամիջոցներն ամեն տարի պարտաճանաչ լուսաբանել են նաեւ «Ջաբրայիլ» խմբի օգոստոսյան երթերը: Զորօրինակ՝ 2013-ինը:

Ջաբրայիլյան խմբի առավել զգուշավոր անդամները (Ռազիմ Ամիրասլանլիի նման) բավարարվում էին Ջաբրայիլը Արաքսի իրանական ափերից նկարահանելով (օրինակ՝ հետեւյալ տեսանյութը, կամ այս մեկը): Իսկ առավել համարձակները սովորեցին նաեւ ներթափանցել Ջաբրայիլ: Հենց նրանց մոտիվացնելն ու անհրաժեշտ ռազմական-մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն էր Հասան Հասանովի առաքելությունը խմբում:

Հասան Հասանովի առաքելությունը «Ջաբրայիլ» խմբում

Հասան Հասանովի համար «Ջաբրայիլ» խումբը սոսկ հայրենակիցների հետ շփվելու հնարավորություն չէր: Հասանը այնտեղ այլ առաքելություն ուներ՝ հավաքագրել երիտասարդների, ովքեր կներթափանցեին Արցախ:

Աշխարհի ամենատարբեր հակամարտությունների գոտիների փորձը ցույց է տալիս, որ փախստականները որպես խոցելի խումբ ամենալավ ավազանն են մարտիկներ, վրիժառուներ հավաքագելու համար: Թերեւս, ամենաթարմ օրինակներից մեկը, որին անդրադարձել ենք, Սիրիայի հյուսիսից Թուրքիա գաղթածներն են, որոնք Իսլամական պետության համար գրոհայիններ հավաքագրելու (նաեւ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների աջակցությամբ) լավագույն հումքն են եղել եւ մնում:

Ադրբեջանի իշխանությունների կողմից նման «վրիժառուների» (ովքեր օբյեկտիվ դրդապատճառներ ունեն՝ վրեժ լուծելու հայերից) դրսեւորումը Ռամիլ Սաֆարովն ու Հասան Հասանովն են: Հենց դրա համար էլ «Ջաբրայիլ» խմբի քարոզչության հիմնական թիրախներից մեկը ոչ միայն երիտասարդ սերնդին Ջաբրայիլի պատմությանը ծանոթացնելն է, այլեւ նրանց վրեժխնդրությունը խթանելը:

Խմբում հաճախ կարելի է տեսնել նյութեր/տեսանյութեր ղարաբաղյան պատերազմի ժամանակ ջաբրայիլյան ջոկատների կամ զոհված ջաբրայիլցիների, հայերի հանդեպ գործած դաժանությունների մասին: Այս առումով խմբին կցված պատերազմի վետերանները կամ զինվորականները հիմնականում զբաղված են երիտասարդների «ռազմահայրենասիրական դաստիարակությամբ», ովքեր էլ սոցցանցերում բավական արագ տարածում, քննարկում են հրամցված «հոգեւոր սնունդը»:

Հասանի հետ խմբի գործունեությանը «մասնակցող» Տոլիկ Օրուչովի տարածած նկարներից մեկը, որը վերնագրված է  «Վրիժառուն» Մեկ այլ լուսանկար Ջաբրայիլի Սոլթանլի գյուղի ջոկատից
Ջաբրայիլ խմբում տարածված լուսանկարներից մեկը՝ Qəhrəman döyüşçü Rafael Məmmədov/ «Հերոս, ազատամարտիկ Ռաֆայել Մամադով» գրառումով Խմբի ադմինիստրատորներն ու անդամները հայերի հանդեպ թշնամանքը, գերակայությունը ամրապնդելու համար անգամ ցինիկ քննարկումներ են վարում Ադրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի այս լուսանկարի տակ

Բացի ղարաբաղյան պատերազմում կռված/զոհված ջաբրայիլցի շահիդների օրինակով երիտասարդների շրջանում «հայրենասիրություն»՝ հայասպանություն ներարկելը, վերջին երկու տարիների ընթացքում ժամանակակից «հերոսերից» լայնորեն քարոզվել են քնած Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը (նրա մասով բերված փաստերը արդեն բավական են), Մուբարիզ Իբրահիմովը, ով 2010-ի հունիսի 18-ին դիվերսիոն գործողություններ էր իրականացրել՝ ներխուժելով Արցախի հայկական դիրքեր ու սպանել 4 հայ քնած զինծառայողի (մարտական հերթապահություն իրականացնող հայ զինծառայողներից մեկը, մարտի բռնվելով դիվերսանտի հետ, սպանել էր նրան):

Հետեւաբար, պատահական չէ, որ Հասանի վերացված ֆեյսբուքյան էջում նրա ընկերների թվում բավական մեծ թիվ էին կազմում երիտասարդները, ովքեր ուսանում են Ադրբեջանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դժվար թե նեղ զինվորական աշխարհայացք ու հետաքրքրություններ ունեցող Հասանը մեծ ընդհանրություններ ունենար Բաքվի համալսարանական երիտասարդության հետ. ինչպես մեր համակողմանի դիտարկումներն են ցույց տալիս, նա Ադրբեջանի հատուկ/հետախուզական ծառայությունների կողմից խմբին կցված էր հենց երիտասարադության հետ աշխատելու, նրանց հավաքագրելու, Ջաբրայիլ ներթափանցելը քաջալերելու ու սովորեցնելու համար:    

Տոլիկը եւ Հասանը (առաջին շարքում՝ ձախից) Ջաբրայիլ խմբի երիտասարդների հետ: 

Այս խմբի բոլոր նկարներում Հասանի կեցվածքը, վարքագիծը մեկ բառով կարելի է բնորոշել՝ հրահանգիչ-հսկիչ: Նա ներկա է այլոց հարցազրույցներին ու հետեւում է, թե ինչ են խոսում: Նա մարզչի նման հետեւում է սաներին: Իսկ խմբի մի քանի երիտասարդներ 2012-ին արդեն այցելել էին Ջաբրայիլ: Եւ Հասանը, ակնհայտորեն, այդ ներթափանցումների կնքահայրերից ու թրեյներներից էր, դրանից բացի՝ ներթափանցողներից մեկը: Այս առումով վավերագրված փաստերը բազմաթիվ են….

1-ին լուսանկարում` Հասան Հասանովը 2012թ. օգոստոսի 23-ին Շահիդների ծառուղում, Ջաբրայիլի ու Ֆիզուլիի «օկուպացիայի» հերթական տարելիցին (լուսանկարը՝ Հասանի վերացված ֆեյսբուքյան էջից)

շարունակելի

Մեկնաբանություններ (4)

Ստեփան Սաֆարյան
Հարգարժան Հովսեփ, հոդվածաշարի նպատակը եւ հիմնական եզրահանգումը ամենեւին այն չէ, որ մեր ԱԱԾ-ը չի աշխատում: Պետք է նաեւ գիտակցել, թե որքան դժվար բացահայտելի բան են քաղաքացիական դիվերսիաները: Քարվաճառյան դիվերսիան դրա վառ օրինակն է, երբ մեկ շաբաթ պահանջվեց խմբին վնասազերծելու համար: Վստահ եմ, ավելի վատ աշխատանքի դեպքում մենք ավելի վատ վիճակ կունենայինք: Այն ներթափանցումները կամ դրանց կասկածները, որոնք կհայտնենք հաջորդ մասում, կոչված են Ադրբեջանական քաղաքականությունը համակողմանի քննարկելու համար: Մի բան ակնհայտ է. ներթափանցումների մի քանի հաջող փորձերը նույնպես իրենց բացասական դերն են կատարել, որ Իլհամ Ալիեւը մտածի, թե կարող է մտնել Արցախ: Հետեւոթյունը մեկն է, հայկական կողմը ռազմական, հատուկ ծառայոթյունների, սահմանային միջադեպերին արձագանքելու առումներով պետք է միշտ հակառակորդին ապացուցի իր գերակայությունը, որպեսզի նա միշտ մտքում ունենա, որ պարտվելու է: Իսկ եթե մտածում է, որ մի քանի հաջողված ներաթափանցումները արդեն իր գերակայության մասին են խոսում, ուրմեն նաեւ դիմում է արկածախնդրության, ինչպես այս ամառ: Թերեւս այ շարքի ամենահիմնական ասելիքներից մեկը դա է: Իսկ հատուկ ծառայություններն էլ, իմ կարծիքով, պետք է այս ամենից դաս քաղեն, թե որտեղ պետք է փնտրել ապագա ներթփանցողբերին: Բարեբախտաբար ինտերնետի դարաշրջանը, համացանցերում այդ խմբերի հրապարակային ակտիվությունը կարող է օգնել, որպեսզի պատրաստ լինենք նման փորձերի: Այդ դեպքում կկանխվեն անցանկալի զարգացումները: Շնորհակալ եմ, որ շարքը հետաքրքրել է ձեզ:
Գայանե
կարծում եմ, արժե այս կովկասյան թաթարների հայատյացությունը իրենց դեմ գործածել ու դա անել միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով դրանց կամիկաձեների ուղղությամբ... այս աստիճան ատելության սերմանումը մի երկրում վտանգ է ոչ միայն հայերի, այլև հայերի ճշմարտությունը իմացող ու սատարող այլ ազգերի համար: սրան պետք է լրջորեն մոտենալ ու տարածել՝ կանխելու համար արմենոֆոբիայի տարածումը
Karen
վիդեոներինը հլը չեմ հասկանում,։) ֆեյսբուկի ջաբրաիլ էջում գրածները մոտավորապես վայ մեր գյոզալ հայրենիք,(salam olsun anar vatar, bura vatendir) առանց ղարաբաղ չկա ադրբեջան ոճի մեջ են, բնականաբար համեմված միայն կովկասյան թուրքերին բնորոշ բացառիկ դիվային գազանությամբ ուղղված հայկականի ամեն ինչի դեմ
Հայ
Շնորհակալություն Հետք-ին, գերեազանք աշխատանքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter