
Վարչապետի խորհրդականը և նրա ռուս գործընկերները կտիրանան նաև Խդեբանցու ոսկու պաշարներին
ՀՀ Սյունիքի մարզի Խդեբանցու ոսկու հանքավայրի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար «Դի ԷՅ Մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է լիցենզիա: 354 հա տարածք է տրամադրվել ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
«Դի ԷՅ Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Աջափնյակի նախկին թաղապետ, հանգուցյալ Արծրունի Խաչատրյանի որդիները՝ Դավիթ Սեդրակյանը և Արտակ Խաչատրյանը: Երիտասարդները հավասարապես կիսել են ընկերության բաժնետոմսերը: Դավիթ Սեդրակյանն իր կենսագրականի մեջ էլ նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ՍՊԸ-ի 50 %-ի բաժնետերն է:
2013-ի մարտին ընկերությունը գրանցվել է, սակայն դեկտեմբերին 100% բաժնետեր է դարձել «ԱՏ-Մետալս» ՍՊԸ:
Հիշեցնենք՝ այս ընկերությունն է պատրաստվում շահագործել նաև Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը: Իսկ «ԱՏ-Մետալս» սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա և իր որդիները մեծ բաժնեմաս ունեն ընկերությունում:
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «ԱՏ-մետալս»-ում 50.2 % -ը ռուսական բաժնեմասն է: Այն հավասարապես կիսում են նույն հասցեում գրանցված ռուսական երկու ընկերություն` «Ավիատեխնալոգիա գրուպ» ՍՊԸ-ն և «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ն: Մնացյալ 49,8-ը՝ հայկական է: Որից՝ 45 %-ի սեփականատերը հայկական «Վենտմայն» ՍՊԸ-ն է: 4,8 %-ն էլ պատկանում է Կարեն Համլետի Հովսեփյանին:
45 %-ի սեփականատեր «Վենտմայն» ընկերությունը գերազանցապես ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանեկան բիզնեսն է: Այս ընկերությունում Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները՝ Վարդան և Կարեն Հովսեփյանները 30-ական տոկոսի բաժնետեր են, մնացյալ 10 %-ը քաղաք Աբովյանում գրանցված Հայկ Մեժլումյանինն է: Վերջինս Համլետ Հովսեփյանի ընկերն է և «ԱՏ-մետալս»-ի գործադիր տնօրենը:
Համլետ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ այդ ընկերությունն իրենցն է և այն ձեռք են բերել Մեղրասարի ոսկու հանքավայրի համար նախատեսած գործարանի կառուցման և տարածքներն ընդլայնելու նպատակով:
«Այնտեղ քանի որ գործարան է կառուցվում, հիմա տարբեր մետաղների կորզման գործարանն ենք կառուցում, դրա համար էդ էլ ենք վերցրել ընդլայնելու համար»,-ասում է նա:
Վարչապետի խորհրդականը նաև նշում է, որ Խդեբանցու ոսկու հանքերակները հայտնաբերելու ուղղությամբ ուսումնասիրությունները կվերսկսեն գարնանը:
Մեկնաբանել