HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանի խնամին և պատգամավորի որդին՝ Արմավիրի քաղաքապետի ընտրությունների կիզակետում

Մարտի 15-ին մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Արմավիր քաղաքում ևս ընտրություններ են լինելու, այստեղ քաղաքապետ են ընտրելու, և ինքնառաջադրվել է 6 թեկնածու: Դատելով առաջադրված թեկնածուներից՝ սպասվում է, որ Արմավիրում պայքարը հարթ չի ընթանալու: Այս քաղաքում վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրություններն են ուղեկցվել ծեծուջարդով, կրակոցներով, առևանգումներով:

Քաղաքապետի աթոռի համար ինքնաառաջադրվել է գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը: Նա նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ով հայտնի է իր անվան շուրջ տարածված սկանդալներով:

Հաջորդ ինքնաառաջադրվածը ոչ պակաս սկանդալային Արտակ Գևորգյանն է: Վերջինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի որդին է:

Արտակ Գևորգյանը բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա անունը կապվեց նաև Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Մերուժան Մխոյանին իր տնից տանելու և դաժան ծեծի ենթարկելու հետ: Այն ժամանակ Մխոյանի հարազատները հենց Արտակի անունն էին տալիս, ով պատգամավորության թեկնածուին ծեծել էր գերեզմանոցում:

Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն նաև Արմավիրի քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը, ովքեր ՀՀԿ անդամներ են, ինչպես նաև անկուսակցական Էդվարդ Վարդումյանը:

Արդեն խոսակցություններ կան, որ ինքնառաջադրված թեկնածուների մի մասը չի շարունակելու ընտրապայքարը և ինքնաբացարկ է ներկայացնելու: Հիմնական պայքարն ընթանալու է գործող քաղաքապետ Խլղաթյանի և պատգամավորի որդի Գևորգյանի միջև:

Լուսանկարում` գործող քաղաքապետ Ռ. Խլղաթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter