HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր

Գոհար Ջրբաշյան

Ֆոլատ եզրույթն օգտագործվում է սննդամթերքում առկա բնական ջրալույծ վիտամինների խմբի համար, և հայտնի է որպես վիտամին B9: Սինթետիկ ֆոլաթթու բնական սննդամթերքում չկա: Բնական B9 վիտամինին բնորոշ որոշ հատկություններ ունենալու համար սինթետիկ ֆոլաթթուն և հարակից այլ միացություններ նույնպես կոչում են վիտամին B9 և օգտագործում սննդային հավելումներում և սննդի հարստացման համար: Ֆոլատ և ֆոլաթթու եզրույթները հաճախ օգտագործվում են փոխարինաբար, համարելով, որ դրանք նույնն են: Այնինչ, ֆոլատի և ֆոլաթթվի միջև կան շատ էական տարբերություններ, դրանցից ամենանշանակալին թերևս այն է, որ բնական ֆոլատը մետաբոլացվում է բարակ աղիում, իսկ արհեստական ֆոլաթթուն՝ լյարդում:

Ֆոլաթթուն պիտանի տեսակի ֆոլատի փոխարկման մարդու լյարդի թույլ ունակության պատճառով՝ չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համարգում և մեծ վնաս հասցնում մարդու առողջությանը: Ֆոլաթթվի հավելումների և սննդի ֆոլաթթվով հարստացման առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունն ապացուցող բազմաթիվ լայնածավալ կլինիկական փորձարկումների արդյունքներն օր օրի ավելանում են: Բացասական ազդեցությունների ընդգրկուն շարքում է նաև MTHFR գենի մուտացիան: Այս նկատառումներից ելնելով է, որ ֆոլաթթվով հարստացումը և համալրումը համարվում է «դանդաղ գործողության գենետիկ ռումբ»:

Սննդամթերքում առկա բնական ֆոլատններն ունեն կենսաբանորեն ակտիվ l(-), L կամ [S] կայրալության մոլեկուլները: Սինթետիկ ֆոլաթթուն և հարակից միացությունները և բնական և ոչ բնական կայրալության են: Համարվում է, որ ոչ բնական կայրալության ստերեոիզոմերները չեն մետաբոլացվում և արտազատվում են: Այնինչ, ապացուցված է, որ բնական կայրալության չմետաբոլացված ֆոլաթթվի նման, ոչ բնական կայրալության 6 [R] 5-MTHF էնանթիոմերը մնում է մարմնում: Ավելին, ֆոլաթթվի մոլեկուլները որոշակի պայմաններում կարող են ինքնակազմավորվել բնական և ոչ բնական կայրալության սուպրամոլեկուլային միացությունների: Դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրված չէ:

Հոդվածը ներկայացնում է (1) Ֆոլատը, ֆոլաթթուն, և դրանց տարբերությունները; (2) Հարստացման և համալրման ազդեցությունը շրջանառվող ֆոլաթթվի մակարդակի վրա, (3) Ֆոլաթթվի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հիմնավորված ապացուցողական բժշկության համակարգված վերլուծությունների փաստացի տվյալներով; (4) Ֆոլատի սինթետիկ կայրալ իզոմերների անվտանգության հարցեր; (5) Բնական ֆոլատը; սննդի պատրաստման, պահեստավորման և մշակման ազդեցությունը բնական ֆոլատի մակարդակի վրա, ինչպես նաև B9 և B12 վիտամինների սնուցիչների լավագույն զույգերից մեկը լինելը: Հավելվածում ներկայացված են բնական ֆոլատի որոշ պարենային աղբյուրներ:

Հոդվածն ընթերցելուց հետո, դատեք ինքներդ՝ արդյո՞ք հնարավոր է ֆոլաթթուն անվտանգ համարել: Ի համեմատ վիտամինահանքային հավելումների մեծ դեղաչափերի, սննդի պարտադիր հարստացման համար օգտագործվող ավելի փոքր դեղաչափերի ազդեցությունն ընդամենը ժամանակի հարց է, չէ՞, որ չմետաբոլացված ֆոլաթթուն կուտակային ազդեցություն ունի: Եզրակացություն. Վիտամինների սպառումն իրենց բնական վիճակում, շատ ավելի ապահով է և ավելի արդյունավետ: Մեր մարմինն իրականում կարիք ունի ոչ թե սինթետիկ ֆոլաթթվի, այլ բնական ֆոլատի: 

1.  Ֆոլատը, ֆոլաթթուն և դրանց տարբերությունները

Ֆոլատ և ֆոլաթթու անվանումներն առաջացել են լատիներեն «folium»՝ տերև բառից: Ֆոլատը (folate) էական սնուցիչ է, կրիտիկական կո-ֆակտոր մեկ-ածխածնային նյութափոխանակության համար: Ֆոլատը գեներիկ եզրույթ է, որն օգտագործվում է ջրային լուծելի վիտամինների խմբի համար, և հայտնի է որպես վիտամին B9: Կաթնասունների բջիջները չեն կարող սինթեզել ֆոլատ և այն նորմալ մակարդակներում պահելու համար կարիք ունեն լրացնել վիտամինի պաշարները բնական սննդի միջոցով: Ֆոլատով հարուստ բուսական և կենդանական սննդատեսակները շատ բազմազան են ու մատչելի ( 12 ):

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում առաջանում է ֆոլատի անբավարարություն, օրինակ. ֆոլատով աղքատ սննդակարգի, ֆոլատի լրացուցիչ պահանջի (օրինակ. հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում), գենետիկ շեղումներով կամ դեղերի փոխազդեցությամբ պայմանավորված ֆոլատի վատ ներծծման և/կամ ֆոլատի նյութափոխանակության փոփոխության հետևանքով: Ֆոլատի անբավարարություն առաջացնող այլ հանգամանքների շարքում կարելի է նշել ֆոլատի շատ ավելի դժվար ներծծվելը աղիներում, համեմատած այլ ջրային լուծելի վիտամինների հետ:

Այդ պատճառով աղիների հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ֆոլատի ստացմանը: Ֆոլատի անբավարարությունն առնչվում է նյարդային խողովակի արատների, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, ճանաչողական դիսֆունկցիայի, և սակավարյունության ռիսկերի աճի հետ ( 3 ): Այսպիսով ֆոլատն անհրաժեշտ է առնվազն. ԴՆԹ սինթեզի և վերանորոգման, նոր բջիջների արագ աճի և նրանց կիսման, և սաղմի նյարդային խողովակի ճիշտ ձևավորման համար:

Մինչ ֆոլատ եզրույթը վերաբերում է բնական սննդամթերքի մեջ առկա տետրահիդրոֆոլատի (tetrahydrofolate) տարբեր ածանցյալների, ֆոլաթթու (folic acid) եզրույթը վերաբերում է լիովին օքսիդացած սինթետիկ միացության, որն օգտագործվում է կենսաակտիվ սննդային հավելումներում և սննդի հարստացման համար: Ֆոլաթթուն արհեստական է և մարդու մարմնում կենսաբանական ակտիվություն ձեռք է բերում լյարդում մարմնի համար պիտանի տեսակի ֆոլատի փոխարկվելուց հետո միայն:

Ի տարբերություն բնական ֆոլատների, որոնք փոխարկվում են տետրահիդրոֆոլատի (ՏՀՖ) բարակ աղիքի լորձաթաղանթում, ֆոլաթթուն ենթարկվում է նախնական փոխարկման ու մեթիլացման լյարդում, որտեղ ՏՀՖ ձևի փոխարկման համար պահանջում է դիհիդրոֆոլատ ռեդուկտազ (dihydrofolate reductase) ֆերմենտը: Բացառապես մարդուն հատուկ դիհիդրոֆոլատ ռեդուկտազ ֆերմենտի թույլ գործունեությունն ու ֆոլաթթվի նույնիսկ համեստ ֆիզիոլոգիական չափաբաժնի տևական, ամենօրյա ընդունումը կարող է, հագեցնել լյարդի ֆոլատ-մոնոգլուտամատի նախնական պաշարները: Սրա հետևանքով չմետաբոլացված ֆոլաթթուն քրոնիկ կերպով հայտնվում է արյան շրջանառության համակարգում, որոշ հանգամանքներում դրդելով անկանխատեսելի հետևանքներ ( 4 ):

Այսպիսով, երբ դուք ընդունում եք ֆոլաթթվի (արհեստական վիտամին B9) հավելում, կամ ուտում ֆոլաթթվով հարստացրած սնունդ, ֆոլաթթուն աղիներում ներծծվելուց հետո ուղարկվում է լյարդ, որտեղ դրա միայն մի փոքր մասն է փոխարկվում պիտանի տեսակի ՏՀՖ-ի: Մարդու լյարդը միջին հաշվով ավելի քիչ ֆոլաթթու է փոխարկում այն քանակի 2%-ից, որ առնետի լյարդը կարողանում է փոխարկել ֆիզիոլոգիական pH-ի դեպքում: Ֆոլաթթվի փոխարկման չափազանց ցածր մակարդակը հիմք է տալիս ենթադրելու, որ ֆոլաթթուն մեծ չափաբաժիններով ընդունելու օգուտը շատ սահմանափակ է հատկապես լյարդի միջինից ցածր գործունեություն ունեցողների համար ( 5 ):

Տղամարդկանց և պտղաբեր տարիքից անց կանանց սինթետիկ ֆոլաթթուն բնավ անհրաժեշտ չէ՝ նույնիսկ կարող է վնասակար լինել: Տարիքի հետ լյարդի ֆունկցիայի թուլացման հետ ավելի շատ չմետաբոլացված ֆոլաթթու կշրջանառի նրանց արյան համակարգում: Հայաստանում լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը կարելի է մոտավոր գնահատել ելնելով ճարպակալման, ալկոհոլի չարաշահման և հեպատիտի տարածվածության ցուցանիշներից: Հայաստանի 15 տարեկանից բարձր տարք ունեցող բնակչության 23.3%-ը ճարպակալում ունի (5.8%՝ 15-19տ., 9.5%՝ 20-29 տ., 19.4%՝ 30-39տ., 31.4%՝ 40-49տ., 34.7%՝ 50-59տ., 38,4%՝ 60-69տ., 70+ տարեկանների խմբում`24,1%): Ալկոհոլի չարաշահումը 20 և բարձր տարեկան տղամարդկանց շրջանում կազմում է 11.2%, առավելագույն արժեք` 19.1% (30-39 տ.) և 18.5% (60-69տ.): 1990թ. ի վեր վրուսային հեպատիտի ցուցանիշը 30 անգամ նվազել է գրանցելով շատ նշանակալի առաջընթաց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ օրինակ. 2013թ. վիրուսային հեպատիտով վարակված 213 հոգին այլևս խոցելի խմբում են ում ֆոլաթթուն արգելված պետք է լինի ( 6 ):

Միայն ճարպակալման ցուցանիշի հիման վրա և ենթադրելով, որ ալկոհոլ չարաշահողների ու վիրուսային հեպատիտով վարակվածներից ոչ բոլորն է, որ ճարպակալում ունեն, ստացվում է, որ Հայաստանի բնակչության առնվազն 25-30%-ը լյարդի թույլ ֆունկցիա ունեն և ենթակա են չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցության: Սրան պետք է ավելացել նաև երեխաներին ու ճարպակալում չունեցող տարեցներին, ովքեր չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցության առանձնակի մեծ ռիսկի կենթարկվեն, քանի որ եթե միավոր քաշի համեմատ երեխաները շատ են ուտում, հատկապես, հացաբուլկեղեն, ապա հացը այդ ծերերից շատերի հիմնական սնունդն է:

Այնուամենայնիվ, ինչու՞ սննդային հավելումներում և սննդի հարստացման համար կենսաբանորեն ակտիվ ֆոլատի փոխարեն սինթետիկ ֆոլաթթու է օգտագործվում: Պարզվում է, որ առանձնացված ֆոլատը շատ արագ օքսիդանում է և կորցնում իր բիոլոգիական օգտակարությունը, իսկ ֆոլաթթուն ավելի էժան է և այն ավելի հեշտ է օգտագործել: Լինելով լիովին օքսիդացած միացություն, ֆոլաթթուն ավելի կայուն է: Չնայած, որ ֆոլաթթվի մետաբոլիզմն էապես տարբերվում է բնական ֆոլատի մետաբոլիզմից, այնուամենայնիվ, ֆոլաթթվի մի մասը փոխարկվում է ՏՀՖ-ի, և ֆոլաթթվով համալրումը կամ հարստացված սննդի օգտագործումը օգնում են կանխել ֆոլատի անբավարարության դեպքում առաջացող սպինա բիֆիդա նյարդային խողովակի արատների (ՆԽԱ) 20-50%-ը: Հայաստանի պարագայում, լավագույն դեպքում հնարավոր կլինի կանխել 30-40 ՆԽԱ: Արդյո՞ք այս հանգամանքն արդարացնում է ֆոլաթթվով հարստացման պարտադրանքը:

Առողջապահության շատ գործիչներ պնդում են, որ ֆոլատն ու ֆոլաթթուն հիմնականում նույն սնուցիչն են և հաճախ այդ եզրույթներն օգտագործում են փոխարինաբար, գուցե նաև տուրք տալով արտադրողների մարկետինգային հնարքին: Ֆոլաթթուն հաճախ համարվում է ֆոլատի հավելյալ ձև, մինչդեռ, նրանց միջև կան շատ էական տարբերություններ, այդ թվում.

  1. Ֆոլատը բնական սննդամթերքում կա:
  2. Քիմիական բանաձևերը տարբեր են ( 7 ):
  3. Բնական սննդամթերքից ստացվող ֆոլատի հետ միասին մարդը ստանում է համալիր այլ վիտամիններ ու միկրոտարրեր, և բջջանք, որը շատ կարևոր է մարսողության համար:
  4. Ֆոլատը հակաօքսիդանտ է
  5. Ֆոլատի մետաբոլիզմը տեղի է ունենում բարակ աղիքում:
  6. Ֆոլատը ջրալույծ վիտամին է և սպառման վերին սահման չունի՝ օրական ընդունած ֆոլատների չյուրացված/չմետաբոլացված մասը արտազատվում է մեզի հետ:
  7. Ֆոլատը կանխում է որոշ քաղցկեղների առաջացումը, նպաստում է հոմոցիստեինի նվազմանը, որի բարձր մակարդակն առնչվում է սրտանոթային հիվանդությունների հետ: Ֆոլատը շատ ընդունելու հետ կապված առողջական ռիսկեր հայտնի չեն։
  8. Բնական սննդամթերքում առկա ֆոլատններն ունեն կենսաբանորեն ակտիվ (l), (L) կամ [S] կայրալության մոլեկուլներ ( 8 ):

Այնինչ․

  1. Ֆոլաթթու բնական սննդամթերքում չկա: Այն լաբորատորիայում սինթեզված արհեստական միացություն է:
  2. Ֆոլաթթուն մետաբոլացվում է լյարդում:
  3. Ֆոլաթթուն լիովին օքսիդացած միացություն է:
  4. Ֆոլաթթվի օրական անվտանգ սպառման առավելագույն սահման է համարվում 1մգ:
  5. Ֆոլաթթվի շարունակական ընդունումը հանգեցնում է չմետաբոլացված ֆոլաթթվի կուտակային ազդեցության:
  6. Ֆոլաթթվի բարձր մակարդակը քողարկում է վիտամին B12-ի անբավարարությունը, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների և չարորակ սակավարյունության:
  7. Ֆոլաթթուն մեծ չափաբաժնով ընդունելը առնչվում է իմունային ֆունկցիայի թուլացման, որոշակի քաղցկեղների զարգացման կամ առաջընթացի, սրտանոթային հիվանդությունների և ճանաչողական դիսֆունկցիայի ռիսկի աճի հետ:
  8. Ֆոլաթթուն, բոլոր սինթետիկ վիտամինների նման, մեկուսացած միացություն է, որը մարդու համար պիտանի միացության փոխարկվելիս սպառում է մարմնի ռեսուրսները:
  9. Սինթետիկ ֆոլաթթուն և հարակից միացությունները և բնական և ոչ բնական կայրալության են: Ֆոլաթթվի մոլեկուլները որոշակի պայմաններում ինքնակազմավորվում են կայրալություն ունեցող սուպրամոլեկուլային միացությունների:

Ֆոլաթթվի, վիտամին B12, և երկաթի փոխգործակցությունը բավականին բարդ է: Մեկի ավելցուկը կարող է քողարկել մյուսի սակավությունը, այնպես, որ այդ երեքը միշտ պետք է հավասարակշռության մեջ լինեն 91011 ): Բնավ կարիք չկա առողջ մարդկանց վիտամինահանքային հավելումներ տալ կամ նրանց սնունդը հարստացնել ֆոլաթթվով ու երկաթով, և ինչպես պարզվում է նաև ցինկով ու վիտամին A-ով, և անկայունացնել այն փխրուն հավասարակշռությունը, որ բնական ճանապարհով ձեռք է բերվում ֆոլատով, վիտամին B12, և երկաթի միացություններով հարուստ հավասարակշռված սնունդ ընդունելով, և ակտիվ ու առողջ ապրելակերպով:

2. Հարստացման/համալրման ազդեցությունը շրջանառվող ֆոլաթթվի մակարդակի վրա

Ալյուրի պարտադիր հարստացումը ֆոլաթթվով հանգեցրել է ԱՄՆ բնակչության «ֆոլատի»[i] ստացման և էրիթրոցիտային ու պլազմային «ֆոլատի» կոնցենտրացիաների աճի: Արդյունքում ստացվել է, որ օրական ընդունած «ֆոլատի» քանակը կրկնակի ավել է քան ակնկալվում էր ( 12 ): Սա տեղի է ունեցել հիմնականում ֆոլաթթվի հավելումների բարձր սպառման ֆոնի վրա ( 13 ):

Պարտադիր հարստացման մեկնարկից 7 տարի անց, պլազմայում չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ուսումնասիրությանը մասնակցած հետդաշտանադադրի կանանց 78%-ի մոտ, գիշերային ծոմապահությունից հետո: «Ֆոլատի» ամենօրյա ընդունած քանակը գնահատվել է 304 (ՍՇ 126) մկգ սննդամթերքից և 255 (ՍՇ 285[ii]) մկգ հավելումներից ( 14 ): Հարստացված հացով 1 մգ ֆոլաթթվի ընդունումը, որպես մեկ չափաբաժին կամ տարածված երկու, երեք, չորս կամ հինգ չափաբաժինների մեջ մեկ օրվա ընթացքում, առողջ կամավորների մոտ հանգեցրել է շիճուկի մեջ չմետաբոլացված ֆոլաթթվի հայտնվելուն բոլոր կամավորների մոտ, 1մգ ֆոլաթթվուն ընդունելու բոլոր սխեմաների դեպքերում:

Կուտակային ազդեցությունն ակնհայտ է եղել անգամ ամենափոքր դոզայի դեպքում: Չմետաբոլացված ֆոլաթթվի ամենաբարձր կուտակումը գրանցվել է ֆոլաթթվով հարստացրած հացը հինգ անգամ 200 մկգ սխեմայով ընդունելու դեպքում ( 15 ): Ակնհայտ է, որ ֆոլաթթվի ընդունումը հարստացված սննդից և համալրումներից հանգեցնում է չմետաբոլացված ֆոլաթթվի պլազմայում հայտնվելուն, ինչը համեմատական է ընդունած չափաբաժնին: Ինչպես երևում է կա նաև չմետաբոլացված ֆոլաթթվի կուտակային ազդեցություն ֆոլաթթվի շարունակական ընդունման դեպքում: Ընդգծվում է նաև այն փաստը, որ քիմիաթերապիայի ժամանակ հակաֆոլատային դեղեր են օգտագործվում, ինչի համար հիմք է ծառայել ֆոլատի կրիտիկական դերը ԴՆԹ սինթեզի և բջիջների արագ բազմացման մեջ ( 16 ): Այսպիսով, չմետաբոլացված ֆոլաթթուն կուտակային ազդեցություն ունի:

«Չմետաբոլացված ֆոլաթթուն շիճուկում. հարստացված սնունդ և հավելումներ սպառողների զգայուն հետազոտություններ» հետազոտությունն այնքանով է հետաքրքիր, որ տպագրված լինելով 1997թ. արդեն իսկ նշվում է արյան պլազմայում չմետաբոլացված ֆոլաթթվի առկայության մասին: Իհարկե պատճառների մասին այստեղ խոսք չկա: Բնականաբար խոսք չկա նաև այն բազմաթիվ բացասական հետևանքների մասին, որ վերջին տարիներին են հայտնաբերվել: Այսպիսով. Ֆոլաթթվի սպառումը բեղմնավորումից առաջ և հետո (± 28-30 օր) նվազեցնում է նյարդային խողովակի արատների դեպքերը: Հիմնական սննդամթերքների ֆոլաթթվով համընդհանուր հարստացման ծրագիրը ներկայացնում է չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցությանը ողջ կյանքի ընթացքում ենթարկվելու հեռանկար: Շրջանառվող ֆոլաթթվի ազդեցության ռիսկերի մեջ գլխավորը կաբալամինի (վիտամին B12) անբավարարության ախտորոշման քողարկումն է՝ պատճառ հանդիսանալով չարորակ սակավարյունության և նեյրոլոգիական հիվանդությունների առաջընթացի: Այս հետազոտությունն ուսումնասիրել է չմետաբոլացված ֆոլաթթվի կտրուկ հայտնվելը շիճուկում ի պատասխան երիտասարդ և տարեց կամավորների կողմից որոշ հարստացված սննդամթերքի սպառման: Փորձի մասնակիցները օրական 5 անգամ իրենց բնականոն դիետայի ընդունման հետ ուտում էին հարստացրած շիլա և հաց, ընդունելով շեմային 266 մկգ ֆոլաթթու մեկ սննդառի ժամանակ, որի արդյունքում, չփոխարկված ֆոլաթթուն հայտնվել է շիճուկում: Շեմը, որի դեպքում չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվել է շիճուկում, եղել է >200մկգ, փորձի այն մասնակիցների համար, ում ֆոլաթթուն տրվել է իզոտոնիկ լուծույթի, կաթի կամ սպիտակ հացի մեջ:

ԱՄՆ-ում սննդի սպառման կառուցվածքը հաշվի առնելով, քիչ հավանական է, որ ալյուրի հարստացման իրականացումը 1.4մգ/կգ չափաքանակով հանգեցնի չփոխարկված ֆոլաթթվի հայտնվելուն շիճուկում, ենթադրելով, որ սպառումը տարածված է ամբողջ օրվա վրա: Հարստացման մակարդակի բարձրացումը, կարող է հանգեցնել ֆոլաթթվի շիճուկում կրկին ու կրկին հայտնվելուն շատ տարիների ընթացքում, մասնավորապես, մեծ քանակությամբ հարստացված սննդամթերքներ սպառող չթիրախավորված բնակչության շրջանում: Ֆոլաթթվի ընդունման ապահով մակարդակը 1 մգ/օրական, սահմանված ԱՄՆ Պարենի և դեղերի վարչության կողմից, կարող է հանգեցնել շիճուկում ֆոլաթթվի հայտնվելուն: Բացի այդ, շիճուկում չմետաբոլացված ֆոլաթթուն կրկին ու կրկին կարող է հայտնաբերվել շատ կանանց մոտ, ովքեր օրական 400 մկգ ֆոլաթթու են ընդունում ՆԽԱ կանխելու համար ( 17 ): Հարկ է նշել, որ չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվում է ոչ միայն արյան պլազմայում այլև, ինչպես հաջորդիվ կպարզվի, կրծքի կաթի մեջ:

Կանադայում սպիտակ ալյուրից և մշակված (թեփը հանած) հացահատիկեղենից սննդամթերքի պարտադիր հարստացումը ֆոլաթթվով մեկնարկել է 1998թ.: Այս ուսումնասիրությունը նպատակ է հետապնդել գնահատել «ֆոլատի» քանակը ֆոլաթթվով հարստացված շատ սպառվող ուտելու համար պատրաստ որոշ սննդամթերքներում: Ստացված տվյալները համեմատվել են «Կանադական սնուցիչների շտեմարանի» (ԿՍՇ) (Canadian Nutrient File - 2007b, CNF) և սննդամթերքի մակնշման պիտակների տվյալների հետ: Հետազոտված մթերքների մեջ «ֆոլատի» պարունակությունը միջին հաշվով կազմել է ԿՍՇ արժեքների 88-214%-ը, առավելագույն տատանումը «քրաքեր» (cracker) տեսակի թխվածքաբլիթներում է գրանցվել 38-418%: Ֆոլաթթվով հարստացված սպիտակ ալյուրից պատրասված սննդամթերքներում՝ մակարոնեղենի, հացի և «փաթիլների» մեջ, «ֆոլատի» իրական քանակը չի համապատասխանել ազգային չափորոշիչներին և եղել է ֆոլաթթվի մակնշված արժեքի 90-377%-ի չափով ( 18 ):

2009թ.-ի կանադական այս հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան բարդ է մթերքի մատակարարների համար ճշգրիտ գնահատել ուտելու համար պատրաստ սննդի մեջ առկա «ֆոլատի» քանակը՝ սահմանված չափորոշիչները չխախտելու և պատշաճ մակնշում անելու համար: Միանգամայն ակնհայտ է, որ եթե նույնիսկ Կանադայի նման օրինապաշտ երկրում այսպիսի շեղումներ են արձանագրվել, ապա դժվար չի պատկերացնել թե հայկական միջավայրում դրանք ինչ աստիճանի կարող են հասնել: Մյուս կողմից, ակնհայտ է, որ սննդամթերքի մեջ «ֆոլատի» մակարդակի մոնիտորինգ  իրականացնելու համար հարկավոր է նախքան որևէ միջամտություն կատարելը բոլոր սննդամթերքների մեջ առկա բոլոր հիմնական վիտամինահանքային տարրերի գնահատում կատարել և ստեղծել «Հայկական սնուցիչների շտեմարան»: Ի դեպ, այս գնահատումը մեկտեղված բնակչության սննդի սպառման հետազոտության հետ (ինչպես օրինակ Շվեդիայում իրականացված «350 հարց սննդակարգի և ապրելակերպի այլ գործոնների, ինչպես նաև սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ» հարցախույզը 1987-1999թթ.) անհրաժեշտ է կատարել ամեն դեպում, առաջին հերթին պարզելու համար թե արդյո՞ք Հայաստանի բնակչությունը սննդի վիտամինահանքային հարստացման կարիք ունի իրականում, և նաև, որպեսզի հնարավոր լինի գնահատել որևէ միջամտության ազդեցությունը հետագայում:

 (շարունակություն)

Ծանոթագրություններ



[i] «ֆոլատ» - այստեղ՝ սննդամթերքից ստացած բնական ֆոլատները և համալրում / հարստացումից ստացած ֆոլաթթվի փոխարկումից ստացված ֆոլատները միասին սննդամթերքի վերջնական ուտելու համար պատրաստ վիճակում, օրինակ՝ սպանախ պարունակող մակարոնը խաշելուց հետո:

[ii] ՍՇ - ստանդարտ շեղում: Ստանդարտ շեղման (285) ավելի մեծ լինեը միջին արժեքից (255) մատնանշում է հակաֆոլատային պրեպարատների ընդունումը որոշ անձանց կողմից:

Մեկնաբանություններ (1)

Գայ
Ասացեք խնդրեմ։ Կարո՞ղ է արդյոք ալյուրի հավելումը սրացնել ասթմատիկ երեւույթները։ Կանխավ շնորհակալ եմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter