HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր-1

Գոհար Ջրբաշյան

սկիզբը

1.Ֆոլաթթվի բացասական ազդեցության մասին

Մինչ ֆոլաթթվի քիմիական սինթեզումը 1943թ. մարդիկ երբևէ չէին ենթարկվել դրա ազդեցությանը: 1998թ. այն ներմուծվեց ԱՄՆ-ում որպես սննդի պարտադիր հարստացման բաղադրիչ՝ նյարդային խողովակի արատների (ՆԽԱ) կանխարգելման նպատակով: Սակայն, բժշկական հանրության մոտ աճող անհանգստություն կա ֆոլաթթվով պարտադիր հարստացման կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վրա հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ ( 19 ): Հաղորդվում է ֆոլաթթվի հավելումներ կամ ֆոլաթթվով հարստացված մթերք ընդունելուց հետո արյան շիճուկի մեջ չմետաբոլացված ֆոլաթթվի առկայության մասին ( 20 ): Վաղուց ճանաչում է ստացել այն փաստը, որ հավելյալ ֆոլաթթվի ընդունումը տարեց բնակչության մոտ կարող է քողարկել վիտամին B12 դեֆիցիտը և արագացնել կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խաթարումները ( 2122 ): Մեծահասակների մոտ օրական 400 մկգ-ից ավել ֆոլաթթվի սպառումը հանգեցրել է զգալիորեն ավելի արագ տեմպերով ճանաչողական անկման, քան հավելում չստացողների մոտ ( 23 ): Ֆոլաթթվով հարստացրած սնունդի, խմիչքի և կենսաակտիվ սննդային հավելումների շարունակական ընդունումը մտահոգություններ է առաջացնում անվտանգության առումով: Մեծագույն ռիսկերից մեկը կապված ֆոլաթթվի ընդունման հետ դա քաղցկեղի առաջացման ռիսկն է ( 24 ): Պատահական վերահսկվող փորձարկումը գտել է, որ ֆոլաթթվով ամեն օր 1 մգ համալրումը կապված է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի աճի հետ ( 25 ): Չիլիում ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու ծրագրի մեկնարկից հետո առանձնապես զգալի կերպով աճել է հաստ աղու քաղցկեղը՝ 45-64 տարիքային խմբում՝ 2,6 անգամ, 65-79 տարիքային խմբում՝ 2,9: Այդ նույն տարիքային խմբերում կրծքագեղձի քաղցկեղն աճել է համապատասխանաբար՝ 2,08 և 1,9 անգամ ( 26 ): Հետմենոպաուզալ առողջ կանանց մոտ գտել են հակադարձ կապ պլազմայում առկա չմետաբոլացված ֆոլաթթվի և բնական քիլլեր բջիջների ցիտոտոքսիկության միջև, որը մոտ 23%-ով ցածր է եղել չմետաբոլացված ֆոլաթթու ունեցող կանանց մոտ: Հակադարձ հարաբերակցությունն ավելի ուժեղ է եղել ≥ 60տ և ավել տարիքի կանանց շրջանում և ավելի զգալի չմետաբոլացված ֆոլաթթվի աճող կոնցենտրացիաների համար ( 27 ):

Իռլանդիայում, որտեղ սննդամթերքի կամավոր հարստացում է կիրառվում, ուսումնասիրել են տարեցների արյան պլազմայում չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը: Այն հայտնաբերվել է մասնակիցների 94.1%-ի մոտ, միջին կոնցենտրացիան 0,39 նանոմոլ/լիտր (միջակայք: 0.07-1.59 նանոմոլ/լիտր), կազմելով պլազմայի ընդհանուր ֆոլատի 1,3%-ը ( 28 ): Սրտամկանի ինֆարկտից փրկվածների պատահական կրկնակի կույր վերահսկվող կլինիկական փորձարկումների արդյունքները նշում են, որ հոմոցիստեին իջեցնողներ ֆոլաթթվի և վիտամին B12 հավելումների երկարաժամկետ օգտագործումը նպաստավոր ազդեցություն չունի սրտանոթային արդյունքների վրա ( 29 ): Նորվեգիայում, որտեղ սննդի ֆոլաթթվով հարստացում չկա, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների ֆոլաթթու և վիտամին B12 համակցված բուժումը կապված է եղել քաղցկեղի դեպքերի 21%, քաղցկեղի պատճառով մահացության 38%, և բոլոր պատճառներով մահացության 18% աճի հետ ( 30 ): Ֆոլաթթուն, B6 և B12 վիտամինների հետ համատեղող հավելումները չեն նվազեցրել սրտանոթային նշանակալի դեպքերը անոթային հիվանդություն ունեցողների մոտ: Այս հետազոտության արդյունքները ևս չեն աջակցում հոմոցիստեին իջեցնող ֆոլաթթվի և վիտամին B համալրումների օգտագործումը որպես կանխարգելիչ բուժամիջոց ( 31 ):

Երկաթի կամ երկաթի և ֆոլաթթվի համալրումների օգտագործումը առնչվում է հղիության ժամանակ անեմիայի և երկաթի դեֆիցիտի և ցածրաքաշ ծնունդների ռիսկի նվազման հետ: Ամենօրյա երկաթի համալրումը, սակայն, կապված է կանանց մոտ կողմնակի ազդեցությունների հետ, ինչպիսիք են փորկապությունը և այլ աղիքային հետևանքները, այդ թվում, սրտխառնոց, փսխում և լուծ, և հեմոգլոբինի (Hb) բարձր կոնցենտրացիաների ռիսկի աճ հղիության ուշ շրջանում: Սա կարող է վնասակար լինել մայրերի և երեխաների համար, և ասոցացվում է հղիության ուշ շրջանի հիպերտոնիայի, նախաէկլամպսիայի և հղիության բարդությունների հետ ( 32 ): Արդյո՞ք Հայաստանում հղիների նախաէկլամպսիայի և էկլամպսիայի տասնապատիկ աճը (1,14-ից 11,4՝ 1000 ծննդի հաշվով) 1990-2013թթ. պայմանավորված չէ հղիության ընթացքում երկաթի պրեպարատներ ընդունելու հետ ( 33 ):

Հետազոտվել է չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը հասուն և վաղաժամ ծնված նորածինների պորտալարի շիճուկում: Ծննդյան օրը չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է բոլոր (n=11) նորածինների մոտ: Կրկնակի հետզոտության համար հաջորդ անգամ շիճուկի նմուշ (n=9) վերցվել է 4 օր անց կաթնային խառնուրդով սնված երեխաներից: Բացի այն, որ չմետաբոլացված ֆոլաթթու առկա է եղել յոթ նորածինների շիճուկում, նրանցից վեցի մոտ դրա քանակն ավելացել էր: Հեղինակները եզրակացնում են, որ Իռլանդիայում, որտեղ պարտադիր հարստացում չի իրականացվում, նորածինները ծննդյան պահին հնարավոր է, որ ունենան չմետաբոլացված ֆոլաթթու (մայրերի ֆոլաթթվի համլրումների կամ կամավոր հարստացված սննդի պատճառով): Նորածինները ենթարկվել են չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցությանը նաև կաթնային խառնուրդով կերակրման արդյունքում: Չիմնալով հանդերձ, թե արդյոք պորտալարում առկա ֆոլաթթուն բացասական հետևանքներ կարող է ունենալ թե ոչ, անվտանգության նկատառումներից ելնելով կարելի է եզրակացնել, որ ինչքան երկար լինի ենթարկվածությունը չմետաբոլացված ֆոլաթթվին այնքան ավելի մեծ է պոտենցիալ վնասի ռիսկը ( 3435 ):

Կանադայում, որտեղ սննդամթերքի պարտադիր հարստացում է կիրառվում, կրծքով կերակրող 69 կնոջ պատահականորեն նշանակվել է 6 [S]-5-methylTHF կամ պլացեբո կամ ֆոլաթթու հետծննդաբերական 1-ին շաբաթվա ընթացքում: Կրծքի կաթի ընդհանուր ֆոլատը, ֆոլատ կապող սպիտակուցի (ՖԿՍ), և չմետաբոլացված ֆոլաթթվի կոնցենտրացիաները չափվել են փորձարկման սկզբում և 16-րդ շաբաթվա ընթացքում: Չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ուսումնասիրված կաթի նմուշների 96%-ում՝ ներկայացնելով կաթի ընդհանուր ֆոլատի կոնցենտրացիայի ≈8%: Զգալիորեն ավելի ցածր ՖԿՍ կոնցենտրացիան ի տարբերություն հարստացումից առաջ գրանցված ցուցանիշի և նույնիսկ հավելումներ չստացածների կաթում չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը (պարտադիր հարստացման հետևանքով) շեշտում է ֆոլաթթվով հարստացված սննդի երկարաժամկետ սպառման հնարավոր օգուտների և ռիսկերի շարունակական գնահատման անհրաժեշտությունը ( 36 ):

Տարիքի հետ մարդու մարմինը սկսում է ավելի դանդաղ փոխարկել սինթետիկ ֆոլաթթուն պիտանի տեսակի ֆոլատի: Ի լրումն ֆոլաթթվի նյութափոխանակության վատթարացմանը, կան նաև զգալի թվով մարդիկ (որոշ պոպուլյացիաներում >=5%), ովքեր ունեն ֆոլատի նյութափոխանակության գենետիկ շեղումներ, ինչը շատ դժվար կամ, որոշ հանգամանքներում, անհնար է դարձնում ֆոլաթթվի փոխարկումը պիտանի ֆոլատի: MTHFR գենի մուտացիան հանրային առողջապահության լուրջ խնդիր է, որն ամբողջությամբ անտեսված է, այնինչ, միլիոնավոր մարդիկ տառապում են թոքային էմբոլիայից, ֆիբրոմիալգիայից, վիժումներից, ծանր դեպրեսիաներից, քաղցկեղից, աուտիզմից, որոնք բոլորը կարող է կապված լինեն MTHFR գենի տարբեր մուտացիաների հետ ( 37383940 ): Ապացուցված է ֆոլատի ռեցեպտորի ֆունկցիան արգելափակող հակամարմինների առկայությունը աուտիզմ ունեցողների մոտ ( 41 ): Աուտիկ երեխաների մոտ գրանցված ֆոլատի մետաբոլիզմի խաթարումների հիմնական պատճառը գենետիկական պոլիմորֆիզմներն են: MTHFR C677T շեղումը աուտիզմի ռիսկի գործոն է, MTHFR A1298C բարձրացնում է աուտիզմի ռիսկը ( 42 ): Այլ տվյալներ ևս ցույց են տալիս ֆոլատ/մեթիլացման ցիկլի մուտացիաների հետ աուտիզմի կապի հավելյալ ռիսկ ( 43 ): Աշխարհի տարբեր երկրներում աուտիզմի տարածվածության աննախադեպ աճ է գրանցվել 1980-ականներից հետո ( 44 ): Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն (ՀՀ ԱՆ) Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակներում (ապրիլի 2) տեղեկացնում է. Միջազգային վիճակագրական տվյալներով աուտիզմով տառապող հիվանդների թիվն ավելացել է 10-15 անգամ, ինչը պայմանավորված է նաև ախտորոշման բարելավման հետ: ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ` գենետիկական գործոն, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոններ և այլն: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: 2007-2013թթ. ընթացքում հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 725 առաջնակի դեպք` համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118, 121, 150 ( 45 ): Հաշվի առնելով, որ աուտիզմի ախտորոշումը կատարվում է երեխայի 2-3 տարին լրանալուց միայն, փաստորեն՝ Հայաստանում աուտիզմը հայտնվել է ճիշտ այն ժամանակ, երբ հղիներին ՆԽԱ կանխման համար սկսվեց լայնորեն ֆոլաթթու նշանակվել 2000-ականների սկբից: Աուտիզմի տարածվածության կտրուկ աճի պատճառը ֆոլաթթվի և այլ սինթետիկ վիտամինահանքային հավելումների ու սննդի հարստացման կիրառումը չէ՞ արդյոք: 

Հյուսիսային Ամերիկայում ՆԽԱ նվազեցման նպատակով սննդամթերքի հավելումը ֆոլաթթվով ներդրվել է 1998թ.: Հայտնի է, որ կենդանիների մոտ ֆոլաթթվով հարուստ սննդակարգը կարող է ազդել ԴՆԹ-ի և հիստոն մեթիլացիայի վրա, որը հետագա սերունդների մոտ հանգեցնում է ֆենոտիպային փոփոխությունների: Մարդկանց մոտ հավելյալ ֆոլաթթվի ընդունումը հանգեցնում է արյան մեջ բնականից հանդիպող ֆոլատների ու չմետաբոլացված ֆոլաթթվի բարձր խտությունների: Արյան մեջ ֆոլաթթվի բարձր խտությունը կարող է առնչվել բնական քիլլեր-բջիջների ցիտոտոքսիկության նվազման հետ, և ֆոլատի բարձր խտությունը կարող է նվազեցնել պատասխանը մալարիայի, ռևմատիկ արթրիտի, փսորիազի և քաղցկեղի դեմ օգտագործվող հակաֆոլատ դեղերին: Տարեցների մոտ ֆոլատի բարձր խտության և վիտամին B12-ի ցածր մակարդակի համադրությունը կարող է հանգեցնել ճանաչողական անբավարարության և անեմիայի, իսկ հղի կանանց մոտ՝ ինսուլին ռեզիստենտության[3] և ճարպակալման ռիսկերի աճի նրանց երեխաների մոտ: Ֆոլաթթուն նպաստում է նախաքաղցկեղային բջիջների և արդեն առկա քաղցկեղների զարգացմանն ու աճին: Իսպանիայում, MTHFR C677T գենոտիպի տարածվածությունը մոտավորապես կրկնապատկվել է հղիության վաղ շրջանում ֆոլաթթվի հավելումների ներմուծումից հետո (1982թ.): Ֆոլաթթվի համալրումը կայունացնում է MTHFR ֆերմենտը և նվազեցնում է հոմոցիստեինի մակարդակը, որի արդյունքում նվազում է վիժման վտանգը, այսպիսով հանգեցնելով T ալելով ավելի շատ երեխաների ծննդի և գոյատևման: T ալելի կրողների մոտ մեծ է ինսուլտի, դեպրեսիայի, շիզոֆրենիայի, երկբևեռ խանգարման, տղամարդկանց անպտղության, նյարդային խողովակի արատների, և որոշ քաղցկեղների ռիսկերը: Բոլոր այն երկրներում, որոնք մտադիր են սնունդը հարստացնել ֆոլաթթվով, պետք է իրականացվեն երեխաների MTHFR գենոտիպի հաճախականության ուսումնասիրություններ հարստացումից առաջ և հետո: Այսպիսով, վիժման կամ չվերապրելու ենթակա պտուղների փրկումը կարող է հանգեցնել այնպիսի գենոտիպով երեխաների ծնվելուն, որոնք ենթակա են բազմաթիվ հիվանդությունների լրացուցիչ ռիսկի ( 46 ): Այս նկատառումներից ելնելով է, որ ֆոլաթթվով հարստացումը և համալրման օգտագործումը համարվում է «դանդաղ գործողության գենետիկ ռումբ» ( 47 ): Այսպիսով, ֆոլաթթվի մեծ քանակով ընդունումը կարող է շատ վնասակար լինել որոշ մարդկանց համար: Ավելին, կենդանիների մոտ ֆոլաթթվով հարուստ սննդակարգը կարող է ազդել ԴՆԹ-ի և հիստոն մեթիլացիայի վրա, որը հետագա սերունդների մոտ հանգեցնում է ֆենոտիպային փոփոխությունների: Իսկ մարդկա՞նց մոտ:

2.Ֆոլատի ոչ բնական իզոմերների անվտանգության հարցեր

Շատ կենսաբանական ակտիվ նյութեր կայրալություն (chirality) ունեն ( 48 ), այդ թվում, ԴՆԹ, սպիտակուցները, ամինաթթուները, ածխաջրերը, շաքարները, ֆերմենտները, ընկալիչները, ինհիբիտորները, և տեղափոխողներ: Կայրալության d(+)/l(-), D/L, R, Z/E, (P)/(M) տարբեր համակարգեր կան: d(+)/l(-) համակարգով կայրալ միացությունները կոչվում են նաև օպտիկապես ակտիվ, նրանց միջով անցնող բևեռացված լույսի հարթությունը աջ կամ ձախ պտտելու հատկության համար: Կայրալություն ունեցող միացությունները ստերեոընտրողական հատկություն ունեն ( 49 ): Բնական սննդամթերքի մեջ առկա ֆոլատները l, L կամ S տեսակի կենսաակտիվ կայրալութուն ունեն: Ֆոլաթթուն և հարակից միացությունները գոյություն ունեն երկու կայրալությամբ, և դրանցից միայն մեկն է կենսաակտիվ (l, L, կամ S), որոնք և ընդունված են որպես վիտամին B9: Այնպես, որ կենսաքիմիայի տեսակետից ոչ բոլոր ֆոլաթթուներն են վիտամին B9: Pteroyl-L-glutamic acid, Levomefolic acid և L-methylfolate երեքն էլ հստակ մատնանշում են մոլեկուլների կենսաբանորեն ակտիվ (L) կայրալությունը, և երեքն էլ սինթետիկ վիտամին B9 են, իսկ ահա 6 [R] 5-MTHF միացությունը չի կարող կոչվել վիտամին B9: Համարվում է, որ d(+), D և R կայրալության ստերեոիզոմերները չեն մետաբոլացվում և արտազատվում են: Սակայն, պարզվում է, որ օրինակ,  [R] 5-MTHF էնանթիոմերը չի մետաբոլացվում ու մնում է մարմնում: Ընդ որում, այս միացության ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրված չէ: Ավելին, ֆոլաթթվի մոլեկուլները որոշակի պայմաններում ինքնակազմավորվում են կայրալություն ունեցող սուպրամոլեկուլային միացությունների, ինչը կարող է տեղի ունենալ որոշ դեղերի ազդեցությամբ և այդ մեգամիացությունների ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես ուսումնասիրված չէ։ Այնպես, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ այս գործում:

Կայրալ նյութերի էնանթիոմերից մեկը կարող է խիստ տոքսիկ լինել ( 50 ):Բոլոր ֆարմակոկինետիկ պարամետրերը ցույց են տալիս, որ 5-MTHF բիոմատչելիությունն ավելի բարձր է ֆոլաթթվի հետ համեմատած: Միանգամյա 6 [R, S] 5-MTHF ընդունումից 1 շաբաթ անց, ֆոլաթթու ընդունելուց հետո արյան մեջ հայտնաբերվել է 6 [R] 5-MTHF, ինչը մատնանշում է այս իզոմերի պահպանումը մարմնում: Ոչ բնական 6 [R] 5-MTHF իզոմերի բարձր մակարդակի պահպանման վնասակար հետևանքները չի կարելի բացառել: 6 [R, S] 5-MTHF թթվի ռասեմիկ խառնուրդի[4] հետագա կլինիկական երկարաժամկետ հետևանքների հետազոտություններ են անհրաժեշտ՝ հնարավոր վնասակար հետևանքները գնահատելու համար» ( 51 ): Իսկ ինչու՞ են ռասեմիկ խառնուրդները վաճառում և ոչ թե բուժիչ հատկություն ունեցող մաքուր իզոմերը: Պարզվում է, պիտանի տեսակի մաքուր իզոմերն անջատելը բարդ է և թանկ արժի: Արդյոք պրեմիքսների համար օգտագործվող ֆոլաթթուն բացառապես L տեսակի կենսաակտիվ կայրալություն ունի թե՞ պարունակում է նաև D տեսակը: Ֆոլաթթվի D իզոմերի ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրվե՞լ է:

Կայրալային միացությունների ստերեոընտրողականությունը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ դեղերի և սինթետիկ վիտամինների ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի և տոքսիկության վրա: Օպտիկապես մաքուր դեղերը կարող են դառնալ ռասեմիկ in vivo, չեզոքացնելով մի էնանթիոմերի օգուտները կամ դրդելով անսպասելի հետևանքներ: Համապատասխան կայրալ հակաթույներ պետք է ընտրվեն բուժական արդյունք ստանալու և բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: էնանթիոմերները կարող են ունենալ տարբեր քաղցկեղածին (carcinogenicity) և հրեշածին (teratogenicity) հատկություններ ( 52 ): Արդյոք ուսումնասիրվե՞լ են, ֆոլաթթվի D կամ 6 [R] 5-MTHF ստերոիզոմերների երկարաժամկետ ազդեցությունը կենդանի օրգանիզմնեերի վրա:

Տետրահիդրոֆոլաթթուն (H4PteGlu) գործում է որպես կո-ֆակտոր մի մեծ խումբ ֆերմենտ կատալիզացված ռեակցիաների համար: Ստերեոընտրողականության շնորհիվ այդ ռեակցիաներում միայն մի ստերեոիզոմեր կարող է օգտագործվել: L-ֆոլաթթվի ՏՀՖ փոխարկման ժամանակ ասիմետրիայի երկրորդ կենտրոն է ստեղծվում՝ առաջացնելով 2 դիաստերեոիզոմերներ: Հավասար քանակությամբ կրկնակի կայրալության l, L-H4PteGlu և d, L-H4PteGlu է ստացվում Էլեկտրաքիմիական փոխարկումների արդյունքում ( 53 ): Մարդու սիրտը և ուղեղը էլեկտրականության գեներատորներ են և էլեկտրաքիմիական ռեակցիաների միջավայր: Ֆոլաթթվի փոխարկման արդյունքում 2-րդ կարգի կայրալության d ստերեոիզոմերի առաջացումը ստուգվե՞լ է արդյոոք: Չէ՞, որ այն կարող է տոքսիկ լինել:

Ֆոլաթթվի ածանցյալների դենդրիտային օլիգո(L- կամ D-գլուտամիկ թթվի) հատվածներից կազմված հիերարխիկ կայրալ կառուցվածքները դրդում են սուպրամոլեկուլային կայրալություն ֆոլաթթվի ինքնակազմավորված սյունաձև կառույցներում: Ֆոլաթթվի մոլեկուլներն ինքնակազմավորվում են պտերին օղակների միջմոլեկուլային ջրածնի կապերով՝ ձևավորելով սկավառականման տետրամերներ: Ալկալիական մետաղերի աղերի ավելացումը կայրալություն է դրդում սյունաձև ֆազաներում: Նատրիումի տրիֆլատի (sodium triflate) ներկայությամբ ֆոլաթթուն ձևավորում է կայրալ սյունաձև կառույցներ օլիգո(L-գլուտամիկ թթվի) հատվածներով: Ֆոլաթթվի էնանթիոմերը դրդում է հակառակ սպիրալային պտույտի սյունաձև կառուցվածքների ստեղծում: Չբևեռացվող լուծիչ դոդեկանի (dodecane) կիրառումը դրդում է ֆոլաթթվի ածանցյալներին ձևավորել ինքնակազմավորված կայրալ կառույցներ, իոնների բացակայության պայմաններում:

Այս դեպքում, լիպոֆիլային փոխազդեցությունները նպաստում են նանոֆազի անջատմանը, որը խթանում է կայրալ սյուների ձևավորմանը: Հետաքրքրական է, որ դիաստերեոմերի կայրալ սուպրամոլեկուլային կառուցվածքը դրդում է առավել ինտենսիվ շրջանաձև դիխրոնիզմ (most intense circular dichroism): Երկու դեպքում էլ oլիգո(գլյուտամատային) հատվածների մոլեկուլային կայրալությունն առաջացնում է սուպրամոլեկուլային կայրալություն ֆոլաթթուների մոլեկուլներում ( 54 ): Ֆոլաթթվի ածանցյալների ջրածնով կապված սկավառակներից համալիր միացության առաջացումը, որն ունի oligo(glutamic acid) հատվածներ և lipophilic alkyl շղթաներ, ոչ կայրալ իոնների հետ միասին հանգեցնում է ինքնակազմավորված Pm3n խորանարդ և հեքսագոնալ սյունաձև կայրալ կառույցների առաջացմանը ( 55 ): Որոշ դեղերի ազդեցությամբ, չմետաբոլացված ֆոլաթթվի մոլեկուլները կարող են ինքնակազմավորվել և կենսաբանորեն գերակտիվ սուպրամոլեկուլներ առաջացնել: Արդյոք ստուգվե՞լ է դրանց ազդեցոււթյունը կենդանի օրգանիզմների, ներառյալ մարդկանց, առողջության վրա:

3. Բնական սննդի աղբյուրներից ստացված ֆոլատը լավագույնն է

Միանգամայն ակնհայտ է, որ ֆոլատով հարուստ սննդի բավարար քանակով սպառումը կարևոր է առողջության համար: Ֆոլատը նվազեցնում հոմոցիստեինի մակարդակն արյան մեջ, օժանդակում է նոր բջիջների առաջացմանը, ԴՆԹ նորոգմանը, արյան կարմիր բջիջների լիակատար զարգացմանը, նպաստում է սերմնաբջիջների որակի բարելավմանը, և աջակցում է նյարդային համակարգի գործառույթներին: Լավ հայտնի է նաև ֆոլատի նորածինների նյարդային խողովակի արատների կանխարգելման նշանակալի դերը, այնպես որ վերարտադրողական տարիքի կանայք պետք է բավարար քանակով ֆոլատ ընդունեն հղիությունից անմիջապես առաջ և բեղմնավորումից սկսած մինչև 21-28 օրերը՝ երբ սաղմի նյարդային խողովակը փակվում է: Գերադասելի է ֆոլատով հարուստ սննունդ ընդունել հղիության առաջին եռամսյակի ողջ ընթացքում:

Սննդային ֆոլատի գերազանց աղբյուր են լատուկը (հազար), սպանախը, շաղգամի, բազուկի, մանանեխի փրերը, լոբեղենը, ոսպը, ընդեղենը, արևածաղկի սերմերը, և այլ կենդանական ու բուսական սննդամթերքներ ( 12 ): Ֆոլատի մինչև 50 տոկոսը կարող է ոչնչանալ պահելու, մշակման կամ սննդի պատրաստման ընթացքում, հատկապես, երբ ենթարկվում է ջերմության և լույսի ազդեցության: Հետևեք, որպեսզի ձեր կերակուրը պատասատված լինի որակյալ թարմ էկոլոգիապես մաքուր սննդամթերքից, ցանկալի է` ուտելուց անմիջապես առաջ: Ֆոլատով հարուստ բուսական և կենդանական սննդատեսակները շատ բազմազան են և մատչելի: Ֆոլատի անբավարարության կարող է հանգեցնել նաև սննդամթերքի պահպանման և պատրաստման կանոնների խախտումը:

4. Սննդի պատրաստման և պահեստավորման ազդեցությունը ֆոլատի մակարդակի վրա

Ջրում լուծվող շատ վիտամինների նման, ֆոլատը հաճախ կարող է քայքայվել սննդի վերամշակման ժամանակ: Ֆոլատի էական կորուստներ են լինում պահածոյացման ժամանակ: Մթերքի մշակման ընթացքում կորսված ֆոլատի քանակը կախված է սննդամթերքից և կիրառված վերամշակման մեթոդից: Որոշ օրինակներ. Մի բաժակ եփած սիսեռը (պատրաստված չորացրած սիսեռից) կարող է տրամադրել ավելի քան 275 մկգ ֆոլատ, իսկ նույնքան պահածոյացված սիսեռը կտրամադրի մոտ 75 մկգ: Մեկ բաժակ եփած ծնեբեկը կարող է պարունակել ավելի քան 265 մկգ ֆոլատ, նույն քաշով պահածոյացված ծնեբեկը լավագույն դեպքում կապահովի մոտ 170 մկգ ֆոլատ: Երբ վայելում եք պահածոյացված սննդի հարմարությունը, հիշեք, որ բավարար քանակով ֆոլատի ստացումն ապահովելու համար կարելի է դրանք համատեղել ֆոլատով հարուստ մթերքներով, ինչպիսիք են կանաչ տերևազարդ բանջարեղենը: Ֆոլատի կորուստը նվազագույնի հասցնելու համար ցանկալի է հնարավորինս խուսափել ջերմային մշակումից և ավելի շատ օգտագործել սննդամթերքի այն տեսակները, որ կարելի ուտել թարմ և/կամ քիչ եփած վիճակում: Թարմ (չեփած) սննդամթերքը սառնարանում պահելու դեպքում ֆոլատի զգալի կորուստ չի լինում 2-3 շաբաթվա ընթացում ( 56 ):

Մանրէների տեսակների և մշակման պայմանների խելամիտ ընտրության միջոցով հնարավոր է ավելացնել էական սնուցիչ ֆոլատի մակարդակները յոգուրտների և ֆերմենտացված կաթի մեջ ( 57 ): Կենդանիների վրա փորձարկումները հաստատել են, որ ֆոլատ արտադրող մի քանի տեսակի բիֆիդոբակտերիաների կիրառման արդյունքում աճել է ֆոլատի մակարդակը պլազմայում, դրանով մատնանշելով դրանց ունակությունը վիտամինն արտադրել in vivo: Նույն տեսակի պրոբիոտիկների կիրառումը մարդկանց մոտ հանգեցրել է ֆոլատի կոնցենտրացիայի զգալի աճի կղանքում: Ամեն դեպքում ֆոլատ արտադրող բիֆիդոբակտերիաները կարող են տրամադրել վիտամինի կոմպլեմենտար էնդոգեն աղբյուր ֆոլատի անբավարարությունը կանխելու համար ( 58 ): Որոշ կաթնաթթվային կուլտարաներ խմորման (թթվեցման) ընթացքում գրեթե կրկնապատկում են թարմ բանջարեղենում եղած 5-CH3-H4folate ֆոլատի քանակը: Կաղամբի թթուն ֆոլատի, ինչպես նաև այլ վիտամինների շտեմարան է ( 59 ): Բացի սննդամթերքների տարբեր տեսակներից, ֆոլատ կա նաև խմիչքների մեջ, օրինակ գարեջրի մեջ: Խմորիչից (դրոժ) և խմորման պայմաններից զատ ֆոլատի ընդհանուր պարունակությունը նկատելիորեն ավելացել է ակտիվատորների (activators) ազդեցությամբ ( 60 ):

Հացի և այլ կերակուրների մեջ ֆոլատի պարունակությունը կարելի է բարձրացնել ֆոլատով հարուստ մթերք ավելացնելով: Իսպանացի հետազոտողները պարզել են, որ սպիտակ և ամբողջական ցորենի հացի թխման ընթացքում խմորին խառնելով շվեյցարական բազուկի ճավ կամ սպանախ 40 գ/100 գ հաշվով, զգալիորեն ավելացել է ընդհանուր ֆոլատի քանակը՝ 19,9-ից մինչև 57,9 մգ՝ 100 գ սպիտակ հացի մեջ և 37,4-ից մինչև 75.,5 մգ՝ 100 գ ամբողջական ցորենի հացի մեջ ( 61 ): «ժինգյալով» հացը սրա հայկական գերազանց տարբերակն է:

Ճիշտ ընտրված բակտերիաների միջոցով ֆերմենտացիան հանգեցնում է B12 վիտամինի ավելացմանը շատ յուրօրինակ ճապոնական սև թեյի մեջ ( 62 ): Մի մոռացեք նաև այն մասին, որ թարմ բանջարեղենը, լոբեղենը և մրգերը պարունակում են նաև մեծ քանակությամբ բջջանք, որը կարևոր է մարսողության համար

4.1.Սնուցիչներ, որ պետք է ուտել միասին. Ֆոլատ և վիտամին B12

Հարվարդի բժշկական դպրոցի «Ողջ Ճշմարտությունը վիտամինների և հանքանյութերի մասին. առողջ մնալու համար անհրաժեշտ սնուցիչների ընտրությունը» հատուկ առողջապահական զեկույցի (2014) համաձայն, վիտամիններով հարուստ սնունդ ուտելն ավելի լավ է, քան վիտամինային հավելումներ ընդունելը: Պատճառներից մեկը, թե ինչու է դա ճիշտ, այն է, որ բնական մթերքները պարունակում են սնուցիչների խառնուրդներ, որոնց բաղադրիչները համագործակցում են միմյանց հետ: Վիտամին B12 և վիտամին B9 ֆոլատը կազմում են սնուցիչների լավագույն զույգերից մեկը: B12 օգնում է մարմնին կլանել ֆոլատ, և երկուսն աշխատում են միասին աջակցելու բջջի կիսումը և վերարտադրությունը, որը թույլ է տալիս փոխարինել մահացած բջիջները: Այս գործընթացը շատ կարևոր է և մանկական աճի շրջանում և մեծահասակների համար: Օրինակ, տղամարդու սերմնաբջիջները, ստամոքսի լորձաթաղանթի և մազերի ֆոլիկուլների բջիջները կիսվում և վերարտադրվում են հաճախ: Վիտամին B12 լավ սննդային աղբյուր են՝ միսը, ձուն, կաթը: Բուսակերները, ովքեր միս և այլ կենդանական սնունդ չեն ուտում, կարող է ունենան B12 վիտամինի անբավարարություն: Նրանք, ովքեր վատ են սնվում կամ ալկոհոլ են չարաշահում կարող է ունենան ֆոլատի անբավարարություն: Որևէ մեկի կամ երկու վիտամինների անբավարարություն կարող է հանգեցնել մակրոցիտիկ կոչվող չարորակ սակավարյունության: B12 անբավարարությունը կարող է առաջացնել նաև ծակոցների մեղմ զգացողություններ և հիշողության կորուստ: Սննդային ուղեցույցները խորհուրդ են տալիս օրական ընդունել 2,4 մկգ B12 և 400 մկգ ֆոլատ: Սա հեշտությամբ կարելի իրագործել հավասարակշռված սննդակարգով սնվելով ( 63 ):

Կրկին, վիտամինների սպառումն իրենց բնական վիճակում,  շատ ավելի ապահով է և ավելի արդյունավետ:  Մեր մարմինն իրականում կարիք ունի ոչ թե սինթետիկ ֆոլաթթվի, այլ
բնական ֆոլատի
:

(շարունակություն

Ծանոթագրություններ

[3]Ինսուլին ռեզիստենտությունը (insulin resistance) ֆիզիոլոգիական վիճակ է, երբ բջիջները չեն կարողանում արձագանքել ինսուլին հորմոնի նորմալ գործունեությանը: Օրգանիզմն արտադրում է ինսուլին, սակայն մարմնի բջիջները դառնում են կայուն ինսուլինի հանդեպ և չեն կարողանում այն արդյունավետ օգտագործել, ինչը հանգեցնում է հիպերգլիկեմիայի: Արդյունքում` ենթաստամոքսային գեղձը սկսում է ավելացնել ինսուլինի արտադրությունը, որի հետևանքով առաջանում է հիպերինսուլեմիա: Սա հաճախ ընթանում է աննկատ և կարող է նպաստել երկրորդ տիպի շաքարախտի կամ թաքնված աուտոիմուն շաքարային դիաբետի առաջացմանը մեծահասակների մոտ:

[4]Ռասեմիկ խառնուրդ (Racemic mix) – օպտիկապես ոչ ակտիվ նյութ, հավասար քանակությամբ d և l իզոմերների խառնուրդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter