
«Էյր Արմենիան» այս պահին մարդատար օդանավ չունի
Հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիայի» «Airbus A320» տիպի երկու օդանավերը դուրս են գրվել հայկական գրանցումից: Սա նշանակում է, որ դրանց շահագործողն այլեւս «Էյր Արմենիան» չէ:
EK-32039 եւ EK-32050 գրանցման համարներով ինքնաթիռները, ինչպես գրել ենք, ձեռք էին բերվել հոլանդական «AerCap» ընկերությունից: EK-32039-ը Հայաստան բերվեց 2013-ի նոյեմբերին: Ինքնաթիռը վարձակալվել էր 5 տարով: EK-32050-ը նույն ընկերությունից վարձակալվեց 2014-ի հուլիսին:
Ինչպես հայտնի է, անցյալ տարվա աշնանը ռուսական կողմի հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով խուճապ առաջացավ ընկերության ուղեւորների շրջանում, շատերը վերադարձրեցին գնված տոմսերը, «Էյր Արմենիայից» օգտվողների մեծ մասը հրաժարվեց նրա ծառայություններից: Զուգահեռաբար, ինչպես տեղեկացրեց փոխադրողը, նշված երկու ինքնաթիռները տեխնիկական սպասարկման ուղարկելու խնդիր առաջացավ, ընդ որում՝ մեկը՝ արտապլանային: Դրանից տուժեց չվացուցակի իրականացումը:
Երկու ինքնաթիռներն էլ ուղարկվել էին Հոլանդիա՝ Վունսդրեխտ, որտեղ կայանված են 2014-ի հոկտեմբերի 2-ից մինչ օրս: Բանից պարզվում է՝ Հոլանդիայում սեփականատեր «AerCap»-ը փոխել է օդանավերի գրանցման համարները՝ տալով իռլանդական գրանցում: Սա չպետք է զարմացնի ընթերցողին, քանի որ հոլանդական լիզինգային այս հոլդինգը ոլորտի խոշորագույններից է աշխարհում եւ իր ինքնաթիռները գրանցում է տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Հոլանդիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա: Տակավին վերջերս՝ փետրվարի 25-ին, EK-32039-ը ստացել է EI-CWU, իսկ EK-32050-ը՝ EI-CWV համարները: Այսինքն՝ մինչ այդ դրանք արդեն դուրս էին գրվել ՀՀ օդանավերի ռեգիստրից: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Airbus A320»-ները հայկական ռեգիստրից դուրս են գրվել դեռեւս անցած տարեվերջին: Ասել է թե՝ «Էյր Արմենիայի» ու հոլանդական սեփականատիրոջ պայմանագիրը խզվել է:
Իռլանդական գրանցումը ժամանակավոր բնույթ է կրել, քանի որ շատ շուտ «AerCap»-ը գտել է նոր վարձակալ այս երկու ինքնաթիռների համար: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ այս ամսին իսպանական «Iberia Express»-ը լիզինգով ձեռք կբերի «Էյր Արմենիայի» նախկին օդանավերը: Ընդ որում՝ դրանք արդեն իսպանական գրանցում են ստացել՝ EC-MEG եւ EC-MEH:
«Iberia Express»-ն Իսպանիայի ազգային փոխադրող «Iberia»-ի դուստր ընկերությունն է, որն իրականացնում է կարճ եւ միջին տարածությունների չվերթներ Մադրիդի օդանավակայանից: «Iberia»-ն եւ «British Airways»-ը 2011-ի հունվարից միավորվել են «International Airlines Group»-ի (IAG) մեջ: Հենց այս ձեռնարկությունն էլ 2011-ի հոկտեմբերին հիմնադրել է «Iberia Express»-ը, որը թռչել սկսել է 2012-ի մարտից:
«Էյր Արմենիայի» կողմից շահագործվող երրորդ ինքնաթիռը՝ EK-73797 գրանցման համարով «Boeing 737»-ը, չնայած շարունակում է մնալ հայկական ռեգիստրում, սակայն այլեւս չի շահագործվում այս ընկերության կողմից: Ներկայում դրա օպերատորը «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն է: Հիշեցնենք, որ այս օդանավի սեփականատերը ամերիկյան «ILFC» կորպորացիան է, որն իր հերթին պատկանում է հոլանդական վերոնշյալ «AerCap»-ին:
«Էյր Արմենիային» արգելվել է օտարել բաժնետոմսերը
Անցյալ տարվա աշնանը տեղի ունեցածից հետո «Էյր Արմենիան» հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ ստեղծված պայմաններում ղեկավարությունը որոշում է կայացրել «կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչեւ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Էյր Արմենիային» պատկանող երկու «Airbus A320» օդանավերը վերադարձնելու ուղղությամբ եւ դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքներն ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի»:
Սակայն դեկտեմբերի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարեց, որ չվերթները կվերսկսեն մարտ ամսից, քանի որ հունվար-փետրվարը պասիվ սեզոն են: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին ընկերության 49 տոկոսի բաժնետեր է դարձել «East Prospect Fund»-ը՝ պարտավորվելով կատարել 50 մլն դոլարի ներդրում: Այս ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որն օֆշորային գոտի է: Հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլյովը հայտարարեց, որ ընկերության պորտֆելը 2,5 մլրդ դոլար է ու ներառում է ներդրումներ Ուկրաինայի մի շարք ձեռնարկություններում:
Ըստ Բոբիլյովի՝ հիմնադրամի սկզբնական ներդրումը «Էյր Արմենիայում» կկազմի 30 մլն դոլար: Նշվեց, որ ընկերության չվերթների ուղղությունները կպահպանվեն, ծրագրվում են նաեւ նոր ուղղություններ դեպի արաբական եւ ասիական շուկաներ, բացի դրանից՝ ընկերությունը ներդրումների արդյունքում կունենա մոտ 5 օդանավ:
Չնայած հայտարարվածից անցել է շուրջ 3 ամիս, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Էյր Արմենիայի» բաժնետերերի վերաբերյալ որեւէ փոփոխություն չկա: Ըստ այդմ՝ ՓԲԸ-ի բաժնետերեր են շարունակում մնալ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, եւ գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի մայրը՝ Ռուզաննա Թովմասյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով:
Պարզաբանենք. ըստ պետռեգիստրի՝ անցյալ տարվա հոկտեմբերից «Էյր Արմենիան» գտնվում է դատական քաշքշուկներում: Ընկերության դեմ խոշոր գումարների հայցեր են ներկայացվել, ՓԲԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա տարբեր չափերով արգելանք է դրվել (իբրեւ հայցի ապահովման միջոց), պարտապանին արգելվել է օտարել բաժնետոմսերը:
Ինքնաթիռներից զրկվելու եւ նոր բաժնետիրոջ գրանցման հարցերի շուրջ չկարողացանք զրուցել Արսեն Ավետիսյանի հետ: Ընկերության աշխատակիցը նախ հայտնեց, որ նա ժողովի է, ապա զանգերին պատասխանող չեղավ: Տեղում չէր նաեւ մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը:
Մեկնաբանել