
Աղքատության նպաստ ստացողը գույքի գրավադրմամբ միլիոններ է պարտք տալիս
«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիներին միավորողը դրամական խնդիրն է, որը նրանց կանգնեցրել է սեփական բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Նրանք պատմեցին, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու պատճառով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից:
Սերգեյ Զաքարյանն (լուսանկարում) այսօր ապրում է Մխչյան գյուղում՝ վարձով: Մինչ գրավի պատմության մեջ ընկնելը ապրել է Երևանում՝ Շիրակի փողոցում: Պատմում է, որ 2008-ին աներձագն է խնդրել իր տունը գրավ դնել: Կենտրոնի նոտարում տեսել է Վարուժան Մարգարյանին, ում հետ և կնքել են պայմանագիրը. «Ինչ արել ա, աներձագս ա արել, ես ուղղակի ստորագրողի դերում եմ եղել: Ընկանք տոկոսի տակ: 4 միլիոն դրամը դարձավ 8 ու կես միլիոն: Երկու տարի դատարանների դռներից դուրս չեմ եկել, հետո ոստիկանություն եմ դիմել, բայց ասացին, որ ապացույց չունեմ, թե տոկոսով փող են տվել: Մաքուր են աշխատում ուղղակի: Մեջք ունեն: Ուրեմն ինչ-որ մեկը վերևից թելադրում ա: Էդքան դատեր ա շահում: Աներձագիս ասելով՝ 4 միլիոնը տարել-մուծել ա, բայց ստացական չեն տվել: Էսքան գործեր են անում, էդքան գումարներ են տալիս, կարող ա մեկը իրա գումարներն ա ֆռռացնում»,- պատմեց տունը կորցրած Սերգեյ Զաքարյանը:
Գումարի բռնագանձման պահանջով որպես պատասխանող հանդես եկող Սերգեյ Զաքարյանից դատարանի վճռով հօգուտ Վարուժան Մարգարյանի բավարարվել է 22.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջը: Այդպես քաղաքացին մնացել է անօթևան: Դատարանում Սերգեյ Զաքարյանը իմացել է, որ նմանատիպ էլի գործեր կան տարբեր դատարաններում, որ Վարուժանը միայնակ չի գործում, այլ քրոջ՝ Անահիտ Մարգարյանի ու կնոջ՝ Նաիրա Ասատրյանի հետ:
Միայն Նաիրա Ասատրյանի անունով 19 բնակարան է գրավադրվել
Ահա այն բնակարանների հասցեները, որոնք տրամադրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Դրանք բոլորն էլ գրավադրվել են Նաիրա Ասատրյանի անունով:
Լուսանկարում նշված վերջին՝ Գեղաշեն համայնքի 6-րդ փողոցի, թիվ 20 տունը Սիրեկան Մարտիրոսյանի մոր՝ Քնարիկ Հայրապետյանի անունով է: Սիրեկանը «Հետքին» պատմեց, որ գումարի կարիք է ունեցել, ծանոթներից մեկը տվել է Նաիրա Ասատրյանի անունը: Մնացածը եղել է նույն սցենարով. պայմանագիր է կնքվել Կենտրոնի նոտարական գրասենյակում:
«Հենց գնում ես նոտար, արդեն զգում ես, որ խաբեություն է, բայց գումարը անհրաժեշտ է, ու ընկնում ես ծուղակը: Սկզբից չասացին, որ 8 միլիոն դրամ է գրվելու պայմանագրի մեջ, հետո նոտարում պարզվեց, որ պայմանագրում նշված է ավելին, քան տալու են ինձ: Տվել են 8 հազար դոլար մեկ տարով՝ 10 տոկոսով: Հանգիստ բացատրեց, որ տոկոսները պայմանագրի գումարի մեջ է ներառել, որ իրեն ապահովագրի: 1000 դոլար էլ տվել եմ միջնորդավճար: Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից էին տոկոսները վերցնում, բայց ստացական չի եղել: 10 տոկոսը էնքան մեծ է, որ չէի կարողանում վճարել, իրենք դիմեցին դատարան գումարի բռնագանձման պահանջով ու շահեցին»,- պատմեց Սիրեկան Մարտիրոսյանը:
Սիրեկանը դիմել է ոստիկանություն, հետո համոզել են, որ դիմումը հետ վերցնի, դրանից 1 ամիս հետո Նաիրա Ասատրյանը մտել է դատարան: Նա պատմեց նաև, որ մի անգամ, երբ տոկոսները չի կարողացել վճարել, զանգեր է ստացել փակ համարից, ներկայացել են 6-րդ վարչության աշխատակիցներ, ասել. «Կգաս ստեղ՝ ոտներդ կջարդենք»: Սիրեկան Մարտիրոսյանը գնացել է ոստիկանություն՝ հերթապահ մաս, հայտնել կատարվածի մասին, ստուգել են դեպքի հանգամանքները: Պարզվել է, որ 6-րդ վարչությունը ոչ մի կապ չունի. «Ուղղակի ինձ ուզում էին վախեցնել: Փաստորեն, գործում է վաշխառուների խումբ, բայց քրեական գործ չի հարուցվում նրանց դեմ, իսկ մարդիկ շարունակում են կորցնել սեփական բնակարանները: Խոսքն ահռելի գումարների մասին է: Էսօր եղբայրը եղբորը պարտքով գումար չի տալիս: Որտեղի՞ց նրանց էդքան գումար»,- ասում է մեզ դիմած Սիրեկան Մարտիրոսյանը:
Հովհաննիսյանների բնակարանն այսօր աճուրդում է
Մարի Հովհաննիսյանը «Հետքին» պատմեց, որ քրոջն ու փեսային հիփոթեքով տուն գնելու համար գումար է անհրաժեշտ եղել: Անշարժ գույքի գործակալներից մեկն ասել է, որ կա մեկը, ով տոկոսով գումար է տալիս: Քույրն ամուսնու հետ գնացել է այդ կնոջ՝ Նաիրա Ասատրյանի մոտ: Իմացել են, որ Երևանի տարածքում ամսական 5 տոկոսով է գումար տալիս, իսկ Երևանից դուրս՝ 10 տոկոսով: Գրավադրում է անշարժ գույքը: Նոտարական ձևակերպումը միայն Կենտրոն նոտարիատում է արվում:
«Ես դեմ էի այս գործարքին, բայց խնդիրը անհապաղ լուծման կարիք ուներ: Ամեն օր հետաձգում էր Նաիրան ու չէր ներկայացնում պայմանագիրը: Երբ ստորագրեցինք անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը, որևէ տող չկար, որ գումարը տրվում է տոկոսով: Երբ արդեն մեր օրինակը մեր ձեռքում էր, տեսանք, որ գումարը շատ ավելին է, քան մեզ տրվում է: Հանգիստ բացատրեցին, որ դա իրենց ապահովագրության համար է: Միանգամից առաջին ամսվա տոկոսը վերցրեցին ու միջնորդավճարը, որն էլ փոխանցվեց Վարուժան Մարգարյանին: Այդ ժամանակ մենք չգիտեինք, որ Անահիտն ու Վարուժանը քույր ու եղբայր են, իսկ Նաիրան նրանց հարսն է: Բայց որևէ ստացական մեզ չտրվեց: 1 շաբաթ հետո մենք պատրաստ էինք մայր գումարը վերադարձնել, բայց Նաիրան պատասխանեց, որ հաջորդ երկու ամիսների տոկոսն էլ պիտի տանք: Պայմանագիրը կնքել էինք 3 ամսով»,-պատմեց Մարի Հովհաննիսյանը:
Ստիպված Հովհաննիսյանները երկրորդ անգամ 10.000 ԱՄՆ դոլար են վերցրել նույն Նաիրա Ասատրյանից, բայց ձախողվել են: Նաիրա Աստրյանը դիմել է դատարան 31.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջով:
«Նաիրան բազմիցս սպառնացել է, որ իր թիկունքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, որ ոչինչ չենք կարող անել, որ ինքը կմտնի դատարան ու մեր տունն էլ կխլի»,- ասաց Մարի Հովհաննիսյանը, ով որպես պատասխանող համասեփականատեր հնարավորություն չի ունեցել իր իրավունքները պաշտպանել. գտնվել է արտերկրում:
Այժմ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող Հովհաննիսյանների բնակարանը աճուրդի է դրված, թեպետ նրանք 19. 000 դոլար տոկոս են վճարել Նաիրային, իրենց պնդմամբ: «Կամ գալիս էր մեր տնից էր տանում տոկոսները կամ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից: Միայն 4000 դոլար մայր գումարը տալիս ստացական էինք վերցրել, որն էլ միամտաբար քույրս առանց պատճենահանելու տվել էր փաստաբան Ճարոյանին, ով հետո ասաց, թե կորցրել է այդ թուղթը: Դա միակ ապացույցն էր»,-ասաց Մարին:
Պարտքով հսկայական գումարներ տվողները սոցիալապես անապահով քաղաքացիներ են
Դատական տեղեկատվական համակարգում կան գործեր՝ Նաիրա Ասատրյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին: Դիմողը նրա ամուսինն է՝ Վարուժան Մարգարյանը, իսկ դիմելու պատճառ է նշված սոցիալական վատ վիճակը. երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում, խնամում է Նաիրայից ունեցած 2 տղաներին և ցանկանում է օգտվել ընտանեկան նպաստից: Իսկ Նաիրա Ասատրյանը թողել է իրեն ու երեխաներին ու հեռացել Չարենցավան քաղաքից: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է այս հայցը 2013թ.-ին՝ 2011թ. ապրիլի 1-ից ճանաչել Նաիրա Ասատրյանին անհայտ բացակայող:
Սակայն, Նաիրա Ասատրյանի գտնվելու վայրն ամենևին էլ անհայտ չէ. նա գործարքներ է կնքում, միջնորդավճար տալիս ամուսնուն և այլն: 2011թ. նույն Նաիրա Ասատրյանը դիմել է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վերացնի մեկ այլ որոշում` իրեն ու քրոջը անհայտ բացակայող ճանաչելու մասին: Դատարանը բավարարել է այն, քանի որ Նաիրա Ասատրյանը նշել է, որ բնակվում է Երևանի Ն. Տիգրանյան փողոցի 5-րդ շենքի 6-րդ բնակարանում (իր բնակարանը չէ), Արաբկիրի ՍԾՏԲ-ում գրանցված է որպես աղքատության նպաստառու: Այս ընտանիքը 2005թ.-ից հաշվառված է որպես սոցիալապես անապահով: Նաիրան ոչ մի տեղ չի աշխատել ու չի աշխատում:
«Հետքը» փորձեց զրուցել Նաիրա Ասատրյանի հետ, բայց նա պատճառաբանեց, թե հարմար չէ խոսելն ու անջատեց հեռախոսը:
Մենք զրուցեցինք նրա ամուսնու քրոջ՝ Անահիտ Մարգարյանի հետ, ով պատասխանեց մեր հարցերին. «Ես իմ գումարի տերն եմ: Նստել գրել են, որ վերցրել են առանց տոկոսի, էլ ինչից են բողոքում: Նույնիսկ էսօր ղեկավար մարդիկ շատ դժգոհում են էս պահվածքից: Երբ որ քեզ փող ա պետք եղել, գնացել աղաչում ես: Հիմա չես կարողանում տաս, գնում բոլոր մարմիններին բողոքո՞ւմ ես»,- ասաց Անահիտը:
Հարցին, թե տոկոսներ վճարել են Հովհաննիսյանները, Անահիտ Մարգարյանը պատասխանեց. «Չէ, ընդամենը մայր գումարից բերել 4000 դոլար էին տվել: Իրանք տոկոս բացարձակապես չեն տվել: Չեն տվել, դրա համար էլ ապացույց չունեն: Իրանք էդպիսի մարդիկ չեն, որ տային ու չպահանջեին ստացական: Մենք էլ տոկոսով գումար չենք տվել: Մի քանի ժամով նույնիսկ ուզեցին»:
Իսկ երբ նշեցինք, որ միայն Նաիրայի անունով 19 գրավադրված բնակարան կա, Անահիտը պատասխանեց. «19 նման գործից 10 տարի ա անցել: Կոպիտ ասած` հիմա ոչ մի ասնավանի չունեն 19 հատ գործը հանելու: Գումար տալը կամ չտալը օրենքից դուրս չի: Եթե իմ գումարն ա սեփական, ում ուզեմ` կարամ տամ»:
«Ձեր թիկունքում կա՞ն ինչ- որ մարդիկ» հարցին Անահիտ Մարգարյանը պատասխանեց այսպես. «Էդ հարցը թող մնա տենց անորոշ, որ իմանան չի կարելի…»:
Անահիտը ասաց, որ Վարուժանը իր եղբայրն է, իսկ Նաիրան բաժանված է եղբորից, ուրիշ տեղ է ապրում: Ասաց, որ ինքը 63 տարեկան է, չի կարող աշխատել, 2-րդ խմբի հաշմանդամ է: Խորհուրդ տվեց խոսել իրենց փաստաբանի հետ:
Ամուսինների շահերը դատարաններում ներկայացնում է փաստաբան Ղևոնդ Պապոյանը, ով ասաց, որ տոկոսով գումարների մասին հարցեր բարձրացվել են նաև դատարանում, անգամ հակընդդեմ հայցով Հովհաննիսյաննները մտել են դատարան, բայց մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ: «Ես տեղյակ չեմ 19 գործից, ներկայացրել եմ նրանց շահերը 2-3 գործով: Ճանաչում եմ Նաիրա Ասատրյանին ու Վարուժան Մարգարյանին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում եռյակի գործողություններում
Փաստաբան Սեդա Սաֆարյանը ծանոթ է այս գործին, անձամբ է հաղորդում ներկայացրել ոստիկանապետին ու գլխավոր դատախազին հանցագործության մասին, սակայն քրեական գործերի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Մինչդեռ, ըստ փաստաբանի, այստեղ կա խարդախության հանցակազմ:
«Այն, որ շատ են գործերը, արդեն արհեստի մասին է խոսում: Մեր նախաքննական մարմինները չեն կարողանում նման գործերը բացահայտել ու ապացուցման բեռը դնում են բողոքաբերի վրա: Նախանքննական մարմինները չեն գնում գործերի հետևից: Ոչ միայն պիտի նախաքննական մարմինը ինքը գտներ ապացույցներ, այլ 19 գործի հետևից գնար, կանչեր, հարցաքններ այն մարդկանց, ովքեր տներ էին գրավադրել: Բայց, կարծում եմ, նախաքննական մարմինը գործերի բացահայտման ցանկություն չունի: Էնքան պրիմիտիվ քննություն են իրականացնում, խելագարվում ես: Քննությունը մի դարձրեք պատի տակի բամբասանք՝ էս մեկն էս ասեց, էն մեկն էն ասեց, չեմ կարողանում ապացուցել, լավ, փակեմ գործը, գնա: Այո, ես որպես Սեդա Սաֆարյան, շատ դժգոհ եմ քննության որակից, մասնավորապես` խարդախության գործերով»:
Թե ինչն է պատճառը, որ Նաիրա Ասատրյան- ՎարուժանՄարգարյան-Անահիտ Մարգարյան եռյակի սոցիալական վատ վիճակը՝ մի կողմից ու բնակարանների գրավադրմամբ միլիոնավոր դրամներ փոխառությամբ տալու կայուն ձեռագիրը՝ մյուս կողմից չեն դառնում իրավապահների մտահոգության առարկա, անհասկանալի է:
Լուսանկարում Սերգեյ Զաքարյանն է
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել