
Հայաստանը պատվաստանյութ է նվեր ստացել՝ տարօրինակ պարտավորություններ ստանձնելով
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Արդեն գրել ենք այն մասին, որ առողջապահության նախարարությունն ու «The Task Force for Global Health» ամերիկյան կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի» միջեւ անցյալ տարի կնքվել է գրիպի 60.000 հատ պատվաստանյութի նվիրաբերության մասին հուշագիր: Խոստացել էինք ներկայացնել հուշագրի մանրամասները, որոնք բավականին հետաքրքիր են ու հարցեր առաջացնող:
Հիշեցնենք, որ ԱՆ-ին մի շարք հարցեր էինք ուղղել այս փաստաթղթի վերաբերյալ, որոնց պատասխանները նույնպես ուշագրավ են: Մասնավորապես, ցանկացել էինք իմանալ, թե կոնկրետ երբ են նախարար Արմեն Մուրադյանն ու «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ի գործադիր փոխնախագահ Թոմաս Ռոսենբերգերը ստորագրել այս հուշագիրը: ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը գրել է, որ հուշագիրը մեկանգամյա նվիրաբերության վերաբերյալ է ու ստորագրվել է կառավարության 2014-ի հոկտեմբերի 30-ի որոշման համաձայն: Մենք կառավարության որոշման մասին նախորդ հոդվածում գրել ենք, սակայն պատահական չէինք հարցրել հուշագրի ստույգ ժամկետների մասին: Բանն այն է, որ կառավարության որոշման հավելվածում փաստաթղթի գործողության կոնկրետ ժամկետներ նշված չեն, սակայն դրա համար տեղ է նախատեսված` նշումով, որ կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դադարեցնել հուշագրի գործողությունը` դրանից 30 օր առաջ ծանուցելով մյուս կողմին: Փաստորեն, ԱՆ-ն այդպես էլ հստակ պատասխան չի տվել հարցին, ինչը տարօրինակ է:
Հուշագրով սահմանված են կողմերի պարտավորությունները: Եթե «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնը» միայն պարտավորվել է մատակարարել «Կանաչ խաչի» տրամադրած պատվաստանյութը, ապա ԱՆ-ի առաջ մի շարք պայմաններ են դրվել: Ներկայացնենք դրանցից ամենահետաքրքիրները:
|
Արդյո՞ք այս կետը պատվաստանյութի ստեղծման հեղինակային իրավունքի պաշտպանությունն է ապահովում, թե՞ դոնորները ցանկանում են գաղտնի պահել պատվաստանյութի իրական բաղադրությունը, որքան էլ որ դրա մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարած լինի: Հուշագրում ամրագրված է, որ դրա նկատմամբ կիրառվում է ՀՀ իրավունքը, այսինքն՝ մեր օրենսդրությունը: «Դեղերի մասին» օրենքը, որը վերաբերում է նաեւ իմունակենսաբանական պատրաստուկներին, սահմանում է, որ դրանք նույնպես ենթակա են պետական գրանցման: Գրանցում կատարվում է դեղերի, պատրաստուկների փորձաքննության եզրակացության հիման վրա: ՀՀ-ում դեղերի փորձաքննություն իրականացնում է ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն:
Նախարարությունը մեզ հայտնել է, որ գրիպի պատվաստանյութերն այս կենտրոնում ենթարկվել են փաստաթղթային եւ մասնակի լաբորատոր փորձաքննության, ինչպես նաեւ տեսողական զննում են անցել ՀՀ ներկրելուց հետո: «Պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից նախաորակավորված է, ներկրված չափաբաժիններն ունեն որակի համապատասխան սերտիֆիկատներ: Պատվաստանյութերի վարման միջազգային ստանդարտ ընթացակարգերի համաձայն, եթե պատվաստանյութն ունի ԱՀԿ նախաորակավորման սերտիֆիկատ, ապա երկրների ազգային կանոնակարգող մարմնի կողմից (ՀՀ-ի դեպքում` «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն») պահանջվում է ներմուծելիս իրականացնել միայն փաստաթղթային փորձաքննություն»,- հայտնել է ԱՆ-ն:
Նախորդ հոդվածում գրել ենք, որ չնայած Հայաստանը գտնվում է հյուսիսային կիսագնդում, ու մեր երկրում գրիպի սեզոնն էլ սեպտեմբեր-մայիսին է, ՀՀ-ն ստացել է հարավային կիսագնդի սեզոնային (մարտ-նոյեմբեր) գրիպի պատվաստանյութ: ԱՆ-ն հայտնել է, որ դրանց բաղադրությունը նույնն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույն շտամներն է սահմանել 2014 թ. հարավային կիսագնդի եւ 2014-2015 թթ. հյուսիսային կիսագնդի սեզոնների համար:
Ըստ ԱՆ-ի՝ ՀՀ-ին մատակարարված պատվաստանյութն արտադրվում է Հարավային Կորեայի «Green Cross Corporation» ընկերությունում, արտադրական անվանումն է՝ «GC FLU® ինակտիվացված»: Դեպի Հայաստան արտահանումը կատարվել է Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլից:
Գրիպի պատվաստանյութն արտադրվում է Հվ. Կորեայի Հուասուն շրջանի այս գործարանում
Պատվաստվածների թիվը գաղտնի է պահվում
|
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ուղղակի վիճակագրական տվյալների հավաքման եւ հետագա վերլուծությունների համար է արվում (այդուհանդերձ, անհասկանալի է, թե նվիրատուներին ինչու պետք է հետաքրքրի, մասնավորապես, մնացորդային պաշարի գտնվելու ճշգրիտ տեղը): Դժվար չէ կռահել, որ հուշագիրը կազմողներն ու կնքողները հենց այդպես էլ կպատճառաբանեն, սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ ինֆորմացիայի հավաքագրումը մատակարարի կողմից, ապա եւ դրա հնարավոր բաշխումը այլ՝ մեզ անհայտ կազմակերպությունների մարդկանց վրա կատարվող փորձարկումների հերթական օղակը չէ:
ԱՆ-ին հարցրել էինք, թե քանի մարդ է պատվաստվել մինչեւ հունվարի 23-ը: Նախարարությունը, ըստ հուշագրի, այս թիվը պիտի վաղուց ներկայացրած լիներ դոնոր կենտրոնին, այսինքն՝ նրա համար բացարձակ խնդիր չէր տվյալը ներկայացնելը, սակայն մեզ ուղղված պատասխանում նշված է. «Պատվաստումներն իրականացվել են ռիսկի համապատասխան խմբերում»: ԱՆ-ն չի հայտնում ստույգ թիվ, որովհետեւ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունի: Պաշտպանության նախարարութունում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ գերատեսչությունը հրաժարվել է վակցինայի օգտագործումից: Հատկանշական է, որ նվիրաբերությունն ընդունելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ գրիպով եւ սուր շնչառական վարակների հիվանդացության դեպքերը ակնհայտ աշխուժացել են զինված ուժերում: Մյուս կողմից՝ ԶՈւ-ն թվաքանակով, թերեւս, ամենամեծ թիրախային խումբն է: Փաստորեն, ԱՆ-ի ու ՊՆ-ի մասնագետների միջեւ հակադրությունը գրիպի պատվաստանյութերի հարցում ակներեւ է: Հետաքրքիր է, թե այս դեպքում ամերիկյան կողմին պատվաստվածների ինչ թիվ է ցույց տվել ԱՆ-ն իր հունվարյան հաշվետվության մեջ:
Նվեր՝ «փաթեթավորված» պարտավորություններով
|
Փաստորեն, ստացվում է, որ եթե կենտրոնը հետ չվերցնի պատվաստանյութերը, ԱՆ-ն նույնիսկ հրաժարվելուց հետո պիտի ստիպողաբար սպառի արդեն մատակարարված խմբաքականը: Նախարարությունը մեզ հայտնել է, որ ամբողջն (60.000 հատ) արդեն ներկրվել է: Ի՞նչ են մտածել ԱՆ պաշտոնյաներն ու կառավարությունը, երբ նման հուշագրի հավանություն են տվել: Եվ ո՞րն է հուշագրի իրական նպատակը՝ գրիպի դեպքերը կանխարգելե՞լը, թե՞ պատվաստանյութ փորձարկելը:
|
Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը առողջական խնդիրներ ունենա, կամ, աստված մի արասցե, առավել ծանր ելք լինի այս պատվաստանյութերի կիրառումից, ապա ամբողջ պատասխանատվությունը պիտի կրի ԱՆ-ն (փոխհատուցում եւ այլն), ասել է թե՝ պետբյուջեն, ավելի պարզ՝ մենք՝ շարքային հարկատուներս:
Բուժաշխատողների կարեւորագույն առաքելությունն ու Հիպրոկրատի երդումը մարդկանց չվնասելու մասին Հայաստանի առողջապահության նախարարության ղեկավարները, կարծես, հակառակ են ընկալել:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել