HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

600.000 դոլարի նվեր Հայաստանին` գրիպի դեմ պայքարելու համար

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

Անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին կառավարությունը կայացրել է մի որոշում, որով ընդունել է ամերիկյան «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի» նվիրաբերությունը մեր երկրին:

Նվիրաբերությունը սեզոնային գրիպի 60.000 պատվաստանյութ է, որի տրամադրման մասին առողջապահության նախարարությունն ու նշված կենտրոնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Անվճար դեղորայքի հերթական բարեգործության մասին հուշագիրը բավականին հետաքրքիր դրույթներ է պարունակում, ինչը կասկածներ է առաջացնում այս նվիրաբերության վերաբերյալ:

Նախ ասենք, որ առողջապահության նախարարության կայքում զարմանալիորեն ոչ մի նորություն չկա հուշագրի մասին: Անցյալ աշնանը միայն լրատվամիջոցները թռուցիկ անդրադաձան այս նորությանը, այն էլ` կառավարության պաշտոնական լրահոսի հիման վրա: Այժմ հասկանանք, թե ինչու է կառավարությունը որոշել ընդունել անվճար դեղորայքը, եւ ինչ է այն:

Նախարարության հիմնավորումը

Որոշման նախագծի փաթեթը գործադիրում ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հենց ԱՆ-ն էլ կազմել է փաստաթղթերը, այդ թվում` հուշագիրն ու հիմնավորումը: Նախարարությունը նշել է, որ դեռ 2012-ին կառավարության հաստատած Պատվաստումների ազգային օրացույցում ներառված չէ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների պլանային կարգով իրականացումը: «Վերջին տարիներին գրիպով հիվանդացման աշխուժացման հետեւանքով հանրապետությունում գրանցվում է անբարենպաստ համաճարակային իրավիճակ, որի արդյունքում վտանգվում է հատկապես ռիսկի խմբերի անձանց առողջությունը»,- ասված է նախարարության հիմնավորման մեջ: ԱՆ-ն իբրեւ այդպիսի խմբեր է նշել զինված ուժերը, այսինքն` բանակը, բուժաշխատողներին, մանկատների սաներին եւ անձնակազմին, ծերանոցները եւ այլն:

Հետաքրքիր է, որ ԱՆ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ որ տարիներին է աշխուժացել գրիպով հիվանդացությունը, սակայն նախարարության վիճակագրական տարեգրքերն այլ բան են ցույց տալիս: Ըստ դրանց՝ գրիպով հիվանդանալու դեպքերը 2009-2013 թթ. 1990-ականների կամ 2000-ականների սկզբների եւ կեսերի համեմատ կտրուկ նվազել են: Ինֆոգրաֆիկայով ներկայացնենք գրիպով հիվանդացության պաշտոնական տվյալները` բացարձակ եւ հարաբերական (100.000 մարդու հաշվով) թվերով: 2012-ին դեպքեր չեն արձանագրվել:

| Create infographics

ԱՆ-ի հիմնավորման մեջ գրված է.

«Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի արձանագրվում են գրիպի բազմաթիվ դեպքեր, պայմանավորված գրիպի տարբեր տեսակներով եւ ենթատեսակներով, որոնք տարբեր տարիքային, խոցելի խմբերում արտահայտվում են հիվանդացության տարբեր ինտենսիվությամբ, որն էլ եւ մեծացնում է առողջապահական համակարգերի վրա հիվանդության ազդեցության բեռը: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները վկայում են այն մասին, որ հանրապետությունում արձանագրվում է հիվանդության երկու պիկ, համապատասխանաբար` սեպտեմբեր-հոկտեմբեր եւ հաջորդող տարվա փետրվար ամսին, որը շարունակվում է մինչ ապրիլ ամսվա վերջը:

Սեզոնային գրիպի՝ հիմք ընդունելով վերջինիս օդակաթիլային փոխանցման մեխանիզմը, լավագույն կանխարգելիչ միջոցառումը խոցելի խմբերի կանխարգելիչ պատվաստումներն են: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` անհրաժեշտ է գրիպի յուրաքանչյուր սեզոնի շեմին կանխարգելիչ պատաստումներում ընդգրկել խոցելի խմբերին, քանի որ վերջիններիս շրջանում առավել հաճախ են հանդիպում գրիպից բարդությունները, այդ թվում՝ մահացու ելքով:

Հիվանդանոցային մահեր թոքաբորբից | Create infographics

ՀՀ-ում վերջին տարիներին գրիպի առաջնային կանխարգելում չի իրականացվում, որի հետեւանքով սեզոնի ընթացքում դիտվում է գրիպով եւ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացման ախուժացում: Վերջինս իր բացասական հետեւանքներն է թողնում ինչպես ուսումնական կրթական հաստատություններում սովորողների եւ անձնակազմի հաճախելիության վրա, այնպես էլ բնակչության լայն խմբերի շրջանում` պատճառելով գրիպի բարդությունների եւ առանձին դեպքերում ծանր ելքով դեպքերի գրանցման: Նշվածը ակնառու էր հատկապես անցյալ սեզոնի ընթացքում ՀՀ զինված ուժերի շրջանում:

ՀՀ-ում գրիպի առաջնային կանխարգելում իրականացվել է ոչ ամբողջական ծավալով` պայմանավորված անբավարար ֆինանսական միջոցներով: Առանձին տարիներին ձեռք է բերվել միայն չնչին քանակությամբ պատվաստանյութ, եւ ոչ բոլոր ենթակա խմբերն են ընդգրկվել պատվաստումներում:

«Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի» կողմից առաջարկվում է գրիպի պատվաստանյութի նվիրատվություն, որը ներկայումս երկրի կարիքների համար խիստ անհրաժեշտ է: Պայմանավորված պատվաստանյութերի համաշխարհային շուկայի առանձնահատկություններով, ինչպես նաեւ գրիպի սեզոնային հիվանդացության ակտիվացման հետ` առկա է անհամապատասխանություն պատվաստանյութի պահանջարկի եւ առաջարկի միջեւ»:

Ըստ ԱՆ-ի` պատվաստանյութերի ընդհանուր արժեքը մոտ 600.000 դոլար է, այսինքն` 1 հատը` շուրջ 10 դոլար:

Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» կազմակերպության գործադիր փոխնախագահ Թոմաս Ռոսենբերգերը:

Ի՞նչ պատվաստանյութ է ստացել Հայաստանը

Հայաստանին տրամադրվել է հարավային կիսագնդի սեզոնային գրիպի պատվաստանյութ: Ինչպես հայտնի է, գրիպով հիվանդանալու հիմնական ժամանակահատվածը աշուն-գարունն է: Իսկ քանի որ Երկիր մոլորակի հյուսիսային ու հարավային կիսագնդերում այս շրջանը լինում է տարբեր ամիսների (հյուսիսային կիսագնդում` սեպտեմբեր-մայիս, հարավայինում` մարտ-նոյեմբեր), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մշակել է պատվաստանյութերի պատրաստման երկու ֆորմուլա ու կիրառման երկու փուլ: Եվ չնայած Հայաստանը գտնվում է հյուսիսային կիսագնդում, ու գրիպի բռնկումներն էլ, ըստ ԱՆ-ի, հենց սեպտեմբեր-մայիս հատվածում են լինում, ՀՀ-ին տրամադրվել է հարավային կիսագնդի սեզոնային գրիպի պատվաստանյութ:

Այդուհանդերձ, երկու կիսագնդերի համար նախատեսված պատվաստանյութերը շատ չեն տարբերվում: Երկուսի բաղադրության մեջ էլ մտնում են գրիպի A տեսակի H1N1 (հայտնի է իբրեւ «խոզի գրիպ»), H3N2 («թռչնի գրիպ») ենթատեսակների ու B տեսակի վիրուսներ: Նշենք, որ հենց A եւ B տեսակի գրիպը կարող է համաճարակի (էպիդեմիա) կամ համավարակի (պանդեմիա) մասշտաբներ ստանալ, ինչը չի լինում C տեսակի դեպքում: Այսինքն` դրանց տարրերով ստեղծված պատվաստանյութերը տրամաբանորեն պիտի միտված լինեն համաճարակներն ու պանդեմիաները կանխելուն:

Ովքե՞ր են պատվաստանյութի դոնորները

Ինչպես վերը նշվեց, ԱՆ-ին պատվաստանյութերը տրամադրել է «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնը»:

«The Task Force for Global Health» (TFGH, «Գլոբալ առողջության աշխատանքային խումբ») շահույթ չհետապնդող ամերիկյան կազմակերպությունը հիմնադրվել է 1984-ին: Կազմակերպությունն ի սկզբանե կոչվում էր «Երեխաների փրկության աշխատանքային խումբ» եւ ծառայում էր իբրեւ համաշխարհային առողջապահական կազմակերպությունների (ՅՈւՆԻՍԵՖ, ԱՀԿ, «Ռոքֆելլեր» հիմնադրամ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ) կոնսորցիումի քարտուղարություն: Հետագայում կազմակերպությունն իր` չեզոք կազմակերպչի ու գործընկերոջ ուղղվածությունը փոխեց եւ սկսեց զբաղվել առողջապահական գլոբալ ծրագրերով` փոխելով նաեւ անունը: TFGH-ն ծրագրեր է իրականացնում  առողջապահական մի քանի ոլորտներում, որոնցից մեկը պատվաստանյութերն են: Հենց դրանցով էլ զբաղվում է 2011-ին ստեղծված «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնը»: «Ֆորբսի» տվյալներով` 2013-ին TFGH-ն ԱՄՆ-ի շահույթ չհետապնդող կազմակերպությունների մեջ երրորդն էր մասնավոր դոնորային ծրագրերի ծավալով:

TFGH-ի հիմնադիրը ԱՄՆ-ի առողջապահության նախարարության գործակալություններից մեկի` CDC-ի (Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ) նախկին տնօրեն Ուիլյամ Ֆեգին է: Պատահական չէ, որ կազմակերպության գործընկերներից են նույն CDC-ն, ինչպես նաեւ Էմորի համալսարանը: Հիշեցնենք, որ այս համալսարանում է գտնվում Սննդի հարստացման նախաձեռնության (FFI) քարտուղարությունը: FFI-ն աշխարհում ալյուրի հաստացման ծրագրի հեղինակն է: 

Պատվաստանյութերը «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ը ստացել է «Green Cross» ընկերությունից  համապատասխան համաձայնագրի հիման վրա՝ «Լուծումներ գլոբալ առողջության համար» (Global Health Solutions, GHS) շահույթ չհետապնդող կազմակերպության միջոցով, որն աջակցում է TFGH-ին:

Առողջապահության նախարարությանը մարտի 25-ին մի շարք գրավոր հարցեր ենք ուղղել այս թեմայի վերաբերյալ: Մինչ օրս պատասխան չենք ստացել: Առաջիկայում մանրամասն կներկայացնենք կնքված հուշագիրն ու դրա ուշագրավ դրույթները:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Ruzanna
Мне было любопытно узнать, что эти вакцины для наших военнослужащих и детей, мои опасения подтверждаются- удар по слабому месту!
Harutik
Avoid all western organizations as if it's the black plague.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter