
Երևանի քաղաքապետարանը միլիոնավոր դրամների հուշանվերներ է գնել
Երևանի քաղաքապետարանը ոչ միայն կոնյակի, այլև հուշանվերների «սիրահար» է: Երևանի զինանշանի տեսքով հուշանվերները քաղաքապետարանի` 2014 թ. մեկ անձից կատարված գնումների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում:
Նախորդ տարվա ապրիլի 3-ին քաղաքապետարանը 5 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Էյ Դաբլյու Այ Գրուպ»-ի գործադիր տնօրեն Հրաչ Կապրիելյանի հետ, որով Երևանի զինանշանով 200 հատ «AWI» հուշանվեր-ժամացույցներ է ձեռք բերել, որի միավորի գինը 25.000 դրամ է:
Սեպտեմբերի 17-ին քաղաքապետարանը «Սիթիթայմ» ՍՊԸ-ի հետ պայմանագրով 3 զինանշան է գնել: Յուրաքանչյուրի գինը 310.000 դրամ է (ընդհանուր վճարվել է 930.000 դրամ):
Ֆիզիկական անձ Սպարտակ Գևորգյանից 3 պայմանագրերով ձեռք է բերել Երևանի բրոնզե զինանշաններ: Ընդհանուր Երևանի 36 բրոնզե զինանշան-հուշանվեր է գնվել՝ ավելի քան 1,5 միլիոն դրամ արժեքով (մեկ հատի գինը սկզբում եղել է 73.000 դրամ, իսկ հաջորդող 2 պայմանագրերում՝ 71.000):
Քաղաքացի Կարինե Ներսիսյանի հետ մի քանի պայմանագրերով էլ (կնքվել են տարբեր ամիսների) քաղաքապետարանը ձեռք է բերել «Արգիշտի», «Նարեկացի», «Սասունցի Դավիթ» հուշանվերներ: Այդ հուշանվերների համար քաղաքային իշխանությունը վճարել է շուրջ 2.930.000 հազար դրամ:
Անհատ ձեռներեց Աշոտ Գրիգորյանի հետ կնքած պայմանագրերով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել հուշանվեր հանդիսացող ապակեպատ խորհրդանիշ մանրանկարչություն (լոգոյով և գրվածքով, փորագրված), ինչպես նաև այբուբեն-մանրանկարչություն (աղոթքներ): Կնքվել է 615. 000 ընդհանուր արժեքով 2 պայմանագիր:
Վաճառող Սարգիս Սահակյանից էլ գնվել են «Էրեբունի» կոմպիզիցիաներ (ինչպես նշվում է պայմանագրում՝ ոսկեզօծ, 925 հարգի արծաթ, օնիքսե): Մի պայմանագրով ձեռք է բերվել 382.000 դր արժողությամբ մեկ հատ կոմպոզիցիա, մեկ այլ պայմանագրով՝ 2 կոմպոզիացիա՝ 360.000 դրամով (ընդհանուր՝ 720.000 դրամ):
Կարինե և Լևոն Աճեմյաններից էլ քաղաքապետարանը գնել է շրջանակով հուշանվերներ՝ հայկական պատկերներ, բրոնզե հրեշտակ, բրոնզե առյուծ, բրոնզե արձանիկներ «Հայաստան» (հատը` 70.000 դր) ու «Վիկտորիա» (հատը` 57.000 դր): Այս անձանց հետ առանձին պայմանագրեր են կնքվել տարբեր ամիսների: Մեկ անգամ 200.000 դրամի պայմանագիր կնքվել է Կարինե Աճեմյանի հետ, իսկ Լևոն Աճեմյանի հետ` ավելի քան 2,6 մլն-ի 5 պայմանագիր:
Անհատ ձեռներեց Աղասի Ղազարյանն էլ ավելի քան 900.000 դրամի կավե ափսեներ ու բաժակներ է վաճառել Երևանի իշխանություններին: Իսկ Հասմիկ Մուրադյանը 200.000-ի նկարազարդված կերամիկական ափսեներ է իրացրել:
Այսպիսով` երևանցի հարկատուների գումարների շնորհիվ ոմանց տները կամ աշխատասենյակներն այսօր զարդարում են մի քանի տասնյակ հազարանոց արձանիկներ, կոմպոզիցիաներ ու այլ հուշանվերներ: Քաղաքապետարանում բավականին շռայլ են ուրիշների հաշվին թանկ նվերներ բաժանելու հարցում այն դեպքում, երբ մայրաքաղաքում բազմաթիվ կարևորագույն խնդիրներ կան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել