
Ռետրո պատառիկներ՝ 80-ականների երաժշտական գունապնակից
Նաիրա Հայրապետյան
1987 թվականի սկզբին իր անհատական կարիերայի նախնական շրջանում Ջորջ Մայքլը դուետով հանդես եկավ սուլ երաժշտության խորհրդանիշ Արեթա Ֆրանկլինի հետ: «I Knew You Were Waiting (For Me)» երգը շրջադարձային եղավ երգչի ստեղծագործական կյանքում: Ինչպես ասում են, երգիչը մի հարվածով միանգամից երկու նշանակետի խփեց: Այս զուգերգն օգնեց Ջորջ Մայքլին իրականացնել իր մեծագույն երազանքներից մեկը՝ երգել իր ամենասիրելի երգչուհու, և աշխարհում ամենահայտնի աստղերից մեկի հետ, ում անունը վաղուց հատել էր աշխարհագրական սահմաններ: «I Knew You Were Waiting (For Me)» -ին, իր հաջող ընդունելությամբ նաև խոստումնալից «բարև» էր՝ ուղղված հանդիսատեսին: Երգը, ինչ խոսք, փայլուն ընտրված տարբերակ էր հաջողության դռներ բացելու, սակայն սա ամենևին չի նշանակում, որ այն միակ առանձնահատկությունն էր կամ գերագույն նպատակը հասնելու դժվար ու այդչափ կարևոր ինքնուրունության:
Ջ. Մայքլի ձայնը հնչում էր տարբեր երաժշտական ռադիոկայաններից, «I Knew You Were Waiting (For Me)» -ին գրավել էր առաջին դիրքերը ոչ միայն Բրիտանական, այլև համաշխարհային հիթերի շարքերում: Սա սեփական ուժերի հանդեպ վստահ քայլերի հաղթարշավի թերևս սկիզբն էր`մեծ իմաստով: Մայքլի ու Արեթա Ֆրանկլինի այս կատարումը 1988թ-ին կայացած «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ երկու անվանակարգում հաղթեց` «R&B» ոճում «Լավագույն երգ» և «Լավագույն վոկալ դուետ»:
Անհնար է չխոստովանել, որ փոփ երաժշտության պատմության մեջ ամենաինքնատիպ արտիստներից մեկը ամերիկացի հայտնի երգիչ, երաժիշտ և դերասան Փրինսն է: Նրա երաժշտական աշխարհն ընդգրկում և միավորում է ծայրահեղ տարբեր ուղղություններ՝ ռոք, R&B, սոուլ, ֆանք, հիփ-հոփ, փսիխոդելիկ տրամադրություններ, ջազ, դիսկո, փոփ…
1984թ. թողարկվեց նրա «Purple Rain» ալբոմը, որում ընդգրկված էր «When Doves Cry» երգը` որպես առաջատար սինգլ: Այն շատ արագ համաշխարհային հիթ դարձավ՝ նաև հանդիսանալով Փրինսի առաջին կատարումը, որը գլխավորում էր ամերիկյան հայտնի հիթ-շքերթները հինգ շաբաթ շարունակ: «Billboard magazine»-ի տվյալների համաձայն՝ այն տարվա ամենաշատ վաճառված երգն էր: Շուտով «When Doves Cry»-ը երկու միլիոն օրինակով վաճառվելուց հետո «Recording Industry Association of America»-ի կողմից պլատինե ճանաչվեց: Երգը համարվում է նաև Փրինսի ձեռագրային ստեղծագործություններից մեկը և ընգրկվել է «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն երգեր» ցանկում:
«Black» անվամբ բրիտանական խումբը ևս 80-ականների ծնունդ է. այն հիմնադրվել է 1980թ, Լիվերպուլում: Խմբի կազմում էին Քոլին Վիրնքոումբը, Դեյվ Դիկին և Ջիմի Սենգսթերը: Եռյակի առաջնորդը, ստեղծագործական, կատարողական և ոճային առումով, վոկալիստ Վիրնքոումբն էր: Այս երաժշտից պարզապես անբաժան էր ռոմանտիզմը, սրանից բխող լույսն ու խաղաղությունը: Շնորհիվ այս հատկության՝ ուրվագծվեց նաև խմբի դիմագիծը՝ դարձնելով նրան բրիտանական ամենահայտնի փոփ -քնարական խումբը:
«Wonderful life». այս խորագրով երգ-խոստովանություններ աշխարհում շատ են ծնվել, սակայն «Black»-ի տարբերակը առանձնահատուկ է և ամբողջությամբ բնորոշում է եռյակի երաժշտական ուղղությունը: Այն խմբի ամենահայտնի երգերից է, որն ընդգրկված էր 1987թ-ի «Black» համանուն ալբոմի կազմում:
«Wonderful life»-ը կրկնակի անգամ որպես սինգլ թողարկվեց և խմբին մեծ հաջողություններ բերեց ոչ միայն ճանաչելիության առումով, այլև կոմերցիոն:Երգը շրջում էր եվրոպական լավագույն երաժշտական տարածքներում՝ ընդգրկվելով Շվեյցարիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների լավագույն թեժ տասնյակում: Հանդիսատեսին առանձնահատուկ տպավորությամբ «շահեց» նաև երգի տեսահոլովակը՝ սև-սպիտակ կադրերով, պարզ, հասարակ ու ամբողջական մի պատմությամբ: 80-ականներին բնորոշ ռետրո տրամադրությունների մեջ «Wonderful life»-ն իր խաղաղությամբ հաճելի զգացողություններ է արթնացնում մինչ օրս:
Մեկնաբանել