
Արամ Խաչատրյանի անվան XI միջազգային մրցույթի կախարդական փայտիկը` Արմեն Սմբատյանի ձեռքում
Երևանում ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան XI միջազգային մրցույթը (6-14 հունիս, 2015) ջութակ մասնագիտությամբ` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարողացավ ապահովել իրեն անրաժեշտ արդյունքները:
Մրցույթն իրականացվեց միջազգային մրցույթի թափանցիկության կանոնների լուրջ խախտումներով: Մրցույթի մասնակիցների որոշ մասի տեսագրություններն ընդհանրապես չհեռարձակվեցին, իսկ որոշ տեսագրություններ ժամանակավորապես հեռարձակվելուց հետո չտեղադրվեցին մրցույթի պաշտոնական կայքում՝ ի տարբերություն միջազգային հեղինակավոր մրցույթների, որտեղ բոլոր մասնակիցների կատարումների տեսագրությունները հասանելի են բոլորին, անգամ՝ մրցույթի ավարտից հետո։ Մրցույթի պաշտոնական կայքի հանդիսատեսի համակրանքի քվեարկության համար նախատեսված կոճակով անհնար էր քվեարկել, իսկ մրցույթի մեկնարկից առաջ Իվա Միլետիչին վերագրվել էր Չայկովսկու մրցույթի երկրորդ մրցանակ:
Այս ամենը հնարավորություն ընձեռեց ստեղծել այն կոռումպացված մթնոլորտը, որի մասին երաժշտասեր հասարակությունը, մասնագետները և մասնակիցներն ահազանգում էին մրցույթի առաջին իսկ փուլից։
Ըստ մրցույթի պաշտոնական հաղորդագրության` հանդես են եկել 17 երկրներ ներկայացնող 25 մասնակիցներ, որոնցից 5-ին տրվել են հետևյալ գլխավոր մրցանակները. 1. Իվա Միլետիչ, Սերբիա, 2. Դավիթ Արդուխանյան, Ռուսաստան /Անդրեա Օբիսո, Իտալիա, 3. Պիեռ Ֆրապիեր, Ֆրանսիա/Մարիամ Վարդանյան, Հայաստան:
5 հաղթողներից 2-ը ժյուրիի անդամների ուսանողներն են. Իվա Միլետիչը` Իգոր Պետրուշևսկու, Դավիթ Արդուխանյանը` Սերգեյ Կրավչենկոյի, իսկ երրորդը` Մարիամ Վարդանյանը, Արմեն Սմբատյանի մոր` Տատյանա Հայրապետյանի աշակերտը: Ըստ հաղթողների կատարումների ցածր մակարդակից վրդովված և բարկացած հանդիսատեսի, երաժշտասեր հասարակության, մասնագետների` Մարիամ Վարդանյանին շնորհված երրորդ մրցանակն Արմեն Սմբատյանի՝ իր մորն ուղղված հարգանքի ժեստ է։ Պիեր Ֆրապիերին շնորհված մրցանակը փոխհատուցում է Սերգեյ Սմբատյանին` Արմեն Սմբատյանի որդուն` Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորին սույն թվի հունիսին հանձնված` Ֆրանսիայի Արվեստի և Գրականության շքանշանի, իսկ Անդրեա Օբիսոյի մրցանակը շնորհվել է ի երախտագիտություն Սերգեյ Սմբատյանին ներկայացնող IMG Artists գործակալության, որը ներկայացնում էր ժյուրիի երրորդ անդամ Պաոլո Պետրոչելին:
Այսպիսով, 5 գլխավոր մրցանակակիրներից և ոչ մեկի հաղթանակը պատահական կամ առավել ևս արդարացի չէր, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանց կատարումների մակարդակը պատշաճ չէր Մրցույթների Միջազգային Ֆեդերացիայի կարգավիճակ ունեցող մրցույթի հաղթողներին և զգալիորեն զիջում էր եզրափակիչ չանցած որոշ ջութակահարների մակարդակին` Մերուերտ Կարմենովա/Ղազախստան, Լեոն Նիքոլ/Վենեսուելա, Արեգ Նավասարդյան/Հայաստան, Կիմ Յոկյունգ/Կորեայի Հանրապետություն, Այկո Կամիշիկիրյո/ Ճապոնիա, Ելենա Տարոսյան/ Ռուսաստան՝ ի թիվս այլոց:
Մանրամասնենք, որ մրցույթի հաղթողներն աչքի են ընկնում ակնհայտորեն միջին/միջինից ցածր, Միջազգային Մրցույթների Ֆեդերացիայի մրցույթի կարգավիճակ ստացած` Արամ Խաչատրյանի անվան մրցույթին ոչ վայել մակարդակով: Ելույթներին բնորոշ է տեխնիկական անպատրաստությունը, ռիթմիկ և ինտոնացիոն լուրջ թերություններ և անգամ զուտ տեքստային, նույնիսկ միջին երաժշտական ուսումնարաններին, ուր մնաց թե միջազգային մրցույթին ոչ վայել սխալներ: Այսպես, օրինակ, առաջին մրցանակ ստացած Իվա Միլետիչի, որն, ի դեպ, արդեն իր մասնագիտական կայացման վերջին փուլում է, 27 տարեկան, ընդհանուր երաժշտական պատրաստվածությունը համապատասխանում է մինչ այդ ունեցած իր որոշ ձեռքբերումներին մրցույթներում, որոնք Միջազգային Ֆեդերացիայի կարգավիճակ չունեն և ոչ մի կերպ չի համապատասխանում արդեն այդ կարգավիճակը ստացած Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին մրցանակին: Ինտոնացիոն, ձայնային, ռիթմիկ և ոճային սխալներով հագեցած առաջին փուլին հաջորդեց վիրտուոզ պիեսի տեխնիկական ձախողումը և սոնատի ձայնային և ոճային օրենքների, անգամ` տեքստի չիմացությունը՝ երկրորդ փուլում, որ անընդունելի է անգամ միջին մակարդակի մրցույթի համար: Իբրև «պարգևատրում» երկրորդ փուլի ձախողման համար Միլետիչն անցնում է երրորդ փուլ, որպեսզի հանդիսատեսին և միջազգային հանրությանը զարմացնի, ի թիվս տեխնիկական խնդիրների, նաև` երաժշտական բնագիր տեքստի մեկնաբանման իր բացարձակ անընդունակությամբ՝ Մոցարտի Ջութակի կոնցերտում և տեքստի կոպիտ չիմացությամբ՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտում: Այս բոլոր «նվաճումների» համար Իվա Միլետիչին շնորհվում է առաջին պատվավոր մրցանակ, 15 հազար ամերիկյան դոլար, Դել Ջեզու հիմնադրամի կողմից շնորհված ջութակ…
Առաջին մրցանակի արժանացած ջութակահարի կատարումների այսպիսի ցածր մակարդակից հետո արդեն լոկ անմեղ վրիպումներ են թվում երկրորդ մրցանակի արժանացած Դավիթ Արդուխանյանի (25 տարեկան) միջին տեխնիկական պատրաստվածությունը, անհետաքրքիր կատարումները, որոնք ևս համապատասխանում են մինչ այդ նրա որոշ ձեռքբերումներին միջազգային լուրջ հեղինակություն չունեցող` միջին կարգի մրցույթներում
Այս ֆոնին Դավիթ Արդուխանյանի հետ միասին երկրորդ մրցանակը ստացած Անդրեա Օբիսոյին (21 տարեկան), կարծում ենք, հանուն երաժշտական վառ անհատականության և դեռ երիտասարդ տարիքի կարելի է ներել որոշ տեխնիկական թերություններ, որոնք, սակայն, ինչպես և վկայում է նրա կենսագրությունը, աններելի են համարել միջազգային լուրջ հեղինակություն ունեցող մրցույթները:
Յուրաքանչյուր մրցույթ, այդ թվում և` երաժշտական մրցույթ, համեմատություն է, և իբրև այդպիսին` երրորդ մրցանակով պարգևատրված Պիեր Ֆրապիեի (25 տարեկան), որի բացարձակապես միջին կատարումները նույնպես մինչ այդ չեն արժանացել միջազգային մրցույթների ուշադրությանը, պարզապես փայլուն են թվում նույն մրցանակային տեղը նրա հետ կիսող Մարիամ Վարդանյանի (17 տարեկան) համեմատությամբ:
Մարիամ Վարդանյանի բոլոր կատարումները` սկսած առաջին փուլից, չեն բավարարում Մրցույթների միջազգային ֆեդերացիային պատկանող մրցույթի չափորոշիչներին: Ջութակահարների մրցույթներին հատուկ է առաջին փուլում ջութակահարի տեխնիկական, ռիթմիկ և ոճային գրագիտությունը ստուգել Պագանինիի կապրիսների և Բախի սոնատների կամ պարտիտաների միջոցով, որոնք էլ հանրությանը ցուցադրեցին Մարիամ Վարդանյանի տեխնիկական անպատրաստ լինելը (ինտոնացիոն, ձայնային, ռիթմիկ, տեքստային կոպիտ սխալներ): Սակայն, Մարիամ Վարդանյանն անցել է երկրորդ փուլ` հանդիսատեսին «հիացնելու» Բրամսի սոնատի և Ռավելի «Գնչուհու» տեխնիկական, ձայնային, ռիթմիկ, ոճային կատարյալ ձախողմամբ և անգամ` Խաչատրյանի պիեսի տեքստային չիմացությամբ: Ավելորդ է ներկայացնել այն բացարձակ դիլետանտիզմը և տեքստային աղաղակող սխալները, որ ներկայացվեցին եզրափակչում նրա կատարմամբ հնչած Մոցարտի և Ա.Խաչատրյանի Ջութակի կոնցերտներում:
Ժյուրիի կազմում ընդգրկված երկու անդամները` Իգոր Պետրուշևսկին և Սերգեյ Կրավչենկոն, Արմեն Սմբատյանի հետ համատեղ, «Ռիչարդ Վագներ» ակադեմիայի համահիմնադիր/պրոֆեսորներ են, իսկ Ինո Միրկովիչը մոտ 15 տարի համագործակցում է պրն Սմբատյանի հետ` իբրև Երևանի պետական կոնսերվատորիայի ավարտական քնննությունների հանձնաժողովի նախագահ: Նույն Կոնսերվատորիայի պրոֆեսոր և լարային ֆակուլտետի դեկանն է ժյուրիի նախագահ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը: Սակայն, անհասկանալի է, թե ինչ շահ էր հետապնդում պրն Թադևոսյանը՝ հեղինակազրկելով ոչ միայն իր, այլև` մրցույթի պատիվը, չէ՞ որ նրա ուսանող Անի Փարսադանյանին, որը, համենայն դեպս Մարիամ Վարդանյանի համեմատ, մրցունակ էր, չանցավ եզրափակիչ: Բոլորովին այլ է Արմեն Սմբատյանի, Իգոր Պետրուշևսկու և Սերգեյ Կրավչենկոյի շահերի խնդիրը, որ նվազագույն արհեստավարժ, անկախ հետազոտությունն իսկ կարող է և, համոզված ենք, պարտավոր է բացահայտել: Հեշտ է կռահել, որ Իվա Միլետիչին` Վագներ Ակադեմիայի ուսանողին շնորհելով առաջին մրցանակ, որին նա արժանի չէր, նրանք փորձում են, ի թիվս այլ նպատակների. 1. գովազդի միջոցով կեղծ հեղինակություն և ուսանողական կազմ ապահովել իրենց նորաստեղծ կոնսերվատորիայի համար, որը կարգավիճակ է ստացել միայն 2013 թվականի սեպտեմբերին, 2. փորձել վերականգնել Իգոր Պետրուշևսկու խարխլված հեղինակությունն ու մասնագիտական գործունեությունը և ցրել նրա անվան շուրջ պտտվող սկանդալային ասեկոսեներն այն բանից հետո, երբ Լոնդոնի Թագավորական Ակադեմիան խզեց նրա հետ կնքած պայմանագիրը 3. Դել Ջեզու հիմադրամի կողմից տրամադրվող ջութակը տնօրինել Վագներ ակադեմիայի շրջանակներում, 4. Իվա Միլետիչի համար վերջապես ապահովել Միջազգային ֆեդերացիայի կարգավիճակ ունեցող գոնե մեկ մրցույթի դափնեկրի կոչում, որը նրան չէր հաջողվել ստանալ 2014 թվականին Էնեսկուի անվան միջազգային մրցույթում, որտեղ պրն Պետրուշևսկուն չհաջողվեց Իվա Միլետիչին նույնիսկ եզրափակիչ փուլ հասցնել:
Ինչպես տեսնում ենք, ժյուրիի որոշ անդամներ լռում են, մյուսներն՝ ակնհայտորեն շահում, սակայն բոլորը ստորագրում են այն ամոթալի խայտառակության տակ, որով միջազգային հանրությանը ներկայացավ Արամ Խաչատրյանի անվան XI Միջազգային մրցույթը: Մեծ առումով և բոլոր վերոհիշյալ կետերով շահում է Արմեն Սմբատյանը` ապահովելով իր բարեկեցությունն ու համբավը կեղծ գովազդների և կեղծ մրցանակակիրների միջոցով:
Եվ կրկին Արմեն Սմբատյանի հաշիվները վճարում ենք մենք` հարկատուներս, մեր գրպանից, մեր պետության բյուջեից` մեր ազգային արժեքների, Արամ Խաչատրյանի ավանդույթների ոտնահարման գնով:
Մրցույթի արդյունքների ամփոփման ֆոնին խիստ զավեշտական է հնչում Արմեն Սմբատյանի մաղթանքն՝ ուղղված մասնակիցներին. « …արժանի պայքարում ծնված հաղթանակ»: Անպատժելիության և ամենաթողության որպիսի¯ բարձրագույն գրավականի դեպքում կամ հովանու ներքո կարող էր պրն Սմբատյանն անել այդպիսի պատասխանատու հայտարարություն, այն դեպքում, երբ ոչ միայն հայկական, այլև միջազգային երաժշտական բավական լայն ոլորտներին հայտնի էին մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած 5 մասնակիցներից 3 -ի անունները (Իվա Միլետիչ, Դավիթ Արդուխանյան, Մարիամ Վարդանյա,), դեռ այն պահից, երբ հրապարակվեցին առաջին փուլի 25 մասնակիցների անունները: Նույն ոլորտների համար, անգամ ավելի վաղ` ժյուրիի կազմի անունների հրապարակման իսկ պահից, ակնհայտ էր, որ մրցույթի հաղթողներն արժանի պայքարում ծնված չեն լինելու:
ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սբատյանն այս անգամ էլ կարողացավ իր կախարդական փայտիկը ի շահ իրեն օգտագործել:
Լուսանկարը՝ izvestia.ru-ի
Մեկնաբանություններ (30)
Մեկնաբանել