
Ինչպե՞ս է Վարդան Այվազյանը խեցգետինը Հայաստանից հասցրել Վրաստան
Սամցխե-Ջավախքի հայաբնակ Տաբածղուր գյուղի բնակիչների վեճն իրենց համագյուղացի, ծնունդով Տաբածղուր գյուղից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ այսօր դատարանում է շարունակվել:
Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվել է Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերության լիցենզիայից զրկելու տաբածղուրեցիների բողոքը: Հիշեցնենք՝ գյուղացիները պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:
Ինչպես «Հետքին» պատմեց նիստին մասնակից գյուղացիներից մեկը (խնդրեց անունը չհրապարակել), այսօրվա նիստում իրենց փաստաբանը մի քանի հարցեր է ուղղել «Լճեր» ՍՊԸ-ի ներկայացուցչին:
2010թ. 4 բեռնատար խեցգետին է լցվել Տաբածղուր լիճը: Լճում խեցգետին լցնելուց հետո, ըստ գյուղացիներին, զգալիորեն նվազել է ձկների քանակը: Փաստաբանը ապացույցներ է պահանջել, թե ինչի հիման վրա և ինչ ճանապարհով է Վարդան Այվազյանը Հայաստանից խեցգետին բերել և լցրել Տաբածղուր լիճը: Խեցգետնի ներկրման մաքսային փաստաթղթեր Վարդան Այվազյանի փաստաբանը չի ներկայացրել:
Ըստ գյուղացիների, Վարդան Այվազյանը խեցգետինը ներմուծել է՝ օգտագործելով իր անձնական կապերը Վրաստանի վարչապետ Իվանե Մերաբիշվիլու հետ:
«Իրենք հիմնավորում էին, որ խեցգետինը ձկնկիթը չի ուտում, փոքրերին չի ուտում, բա ինչ եղան ձկները, եթե խեցգետինը չի ուտում»,- ասում է մեր զրուցակիցը:
Դատարանը, լսելով կողմերին, հետաձգել է դատական նիստը մինչև հուլիսի 8-ը:
Մեկնաբանել