
Հերմինե Նաղդալյանի ԲՈՒԱՏ-ը՝ կառավարության հրատապ ծրագրերում
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդլայնել է իր բիզնես-տարածքը և Սյունիքի մարզից հասել է Արարատի մարզ: «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Հերմինե Նաղդալյանին, 2014թ. Արարատի մարզի «առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ» կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով իրականացրել է մոտ 52.6 միլիոն դրամի շինաշխատանքներ:
ԱԺ փոխնախագահի ընկերությունը մոտ 14 մլն դրամով ասֆալտապատել է Արարատ քաղաքի Պուշկինի փողոցը, 22.5 մլն դրամով՝ նույն համայնքի Աբովյան 1 նրբանցքը, իսկ 16 մլն դրամով վերանորոգել է Վեդի-Գոռավան-Արարատ մարզային նշանակության ավտոճանապարհը:
Մի քանի հրապարակումներով անդրադարձել ենք, որ ԱԺ փոխխոսնակի «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզում ճանապարհաշինական ոլորտի հիմնական «խաղացողներից» է: Այդ ընկերությանն է «վստահվում» խոշոր գումարներով խոշոր ծրագրերը, ինչը մեծ եկամուտներ է ապահովում բարձրաստիճան պաշտոնյային:
«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կապիտալ շինարարության գծով փոխտնօրեն Էրիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ոչ միայն Սյունիքի, այլև Արարատի, Լոռու, Արմավիրի մարզերում: Օրինակ՝ Արմավիրի մարզում Համաշխարհային բանկի ծրագրով անցյալ տարի ասֆալտապատել են Լուկաշին, Նորավան, Խանջյան, Կեսարյան, Գետաշեն համայնքների ճանապարհները:
Փոխտնօրենի խոսքերով՝ 2014թ. նաև Երևան քաղաքում են աշխատանքներ իրականացրել. 12 վարչական շրջաններում մայթերի վերանորոգման աշխատանքներն են իրականացրել։
«Մրցույթ է հայտարարվում և հաղթող է ճանաչվում «Սիսիանի» ԲՈՒԱՏ-ը: Սեփականատիրոջ անձը այստեղ կապ չունի»,-ավելացրեց Էրիկ Պողոսյանը ասելով, որ ընկերությանն ընտրում են մի շարք չափանիշներից ելնելով՝ ցածր գին, տեխնիկայի առկայություն, լիցենզիաներ և այլն:
«Հիմնական պահանջը նմանատիպ աշխատանքներում 3 և ավելի տարիների փորձն է, որը մենք ունենք»,-ասում է Է. Պողոսյանը:
Այն, որ ընկերության հետ պայմանագրեր կնքվում են հիմնականում բանակցային ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու, ընկերության փոխտնօրենը խնդիրներ չի տեսնում. «Խի բանակցային ընթացակարգով հնարավոր չի՞»:
Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը միակը չէ, որ 2014թ. «յուղոտ» պայմանագրեր է կնքել Արարատի մարզպետարանի հետ:
Հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը 2014թ. իր տարբեր որոշումներով Արարատի մարզին հատկացրել է շուրջ 682.5 մլն դրամ: Ծրագիրը թվով հինգերորդն է, իսկ իրականացված աշխատանքները հիմնականում ծավալվել են դպրոցաշինության և ճանապարհաշինության ոլորտներում:
Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանից՝ աշխատանքների գերակա ոլորտը կրթական համակարգն է. 23 դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է շուրջ 330 մլն դրամ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը տրամադրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ: Ըստ այդմ՝ 37 օբյեկտների վերանորոգման կամ կառուցապատման համար Արարատի մարզպետարանը պայմանագրեր է կնքել թվով 11 առևտրային կազմակերպությունների հետ, որոնց մի մասի տերերը պատահական մարդիկ չեն:
Բացի ԱԺ նախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ից, Արարատի մարզպետարանը պայմանագիր է կնքել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանի բիզնես գործընկերոջ՝ Խաչիկ Զաքարյանին պատկանող «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը 16.2 մլն դրամով փոխել է Այգեզարդ համայնքի դպրոցի պատուհանները:
Նշենք, որ «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի 100%-ի բաժնետեր Խաչիկ Զաքարյանին ու վարչապետի ազգական, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանին է պատկանում «Արաշագ» ՍՊԸ-ն, որը Արտաշատ-Երասխ ճանապարհի երկայնքով ունի գազալցակայաններ: Ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Գագիկ Պողոսյանին, 30%-ը` Ոստան գյուղի բնակիչներ Աշոտ եւ Հակոբ Բաբախանյան եղբայրներին, մյուս 30%-ը՝ նույն գյուղի բնակիչ Խաչիկ Զաքարյանին:
«Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ն պետական գնման պայմանագրեր կնքել է նաև այլ ծրագրերով: Օրինակ՝ 2011թ. մարզի մի շարք համայնքներում մետաղապլաստե պատուհանների տեղադրման համար մարզպետարանի և «Պարտեզ Ախա-Էլիտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է 52 մլն 610 հազար դրամի պայմանագիր:
Նույն ծրագրի շրջանակներում, հաջորդ կասկածելի գործարքը, որը կնքվել է Արարատի մարզպետարանի մասնակցությամբ, 13.6 մլն դրամով Քաղցրաշեն գյուղի դպրոցի վերանորոգման նպատակով կնքված պայմանագիրն է: Կապալառու ընկերությունը եղել է «Վալ-Կար» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Քաղցրաշենի ներկայիս համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2011թ. օգոստոսին և «Վալ-Կար» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Արտաշատ քաղաքի բնակիչուհի Մարինե Լևոնյանը: Նա է հանդիսանում նաև ընկերության տնօրենը:
Սեփականատիրոջ փոփոխությունը ձևական բնույթ է կրում, ընկերության իրավաբանական հասցեն շարունակում է մնալ Քաղցրաշեն համայնքը: Գյուղացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում, նշեց, որ գյուղապետի և Մարինե Լևոնյանի միջև բարեկամական կապ կա: Տեղեկացրեցին նաև, որ Մարինե Լևոնյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և լավ հարաբերություններ ունի նաև Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ:
Վալերիկ Գյուլամիրյանը արձակուրդում է: Համայնքապետի բջջային հեռախոսն անջատված է և նրանից անձամբ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Կապ հաստատել չհաջողվեց նաև նոր սեփականատիրոջ հետ:
Քաղցրաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «եթե չի սխալվում», «Վալ-Կար» ՍՊԸ-ն իրենց գյուղում է գրանցված:
«Այդքան մանրամասն չգիտեմ, բայց իմ ունեցած տեղեկություններով, ոնց որ մեր գյուղի հետ կապ ունի»,-ասաց Վահրամ Արարատյանը:
Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է «Վալ-Կար» ՍՊԸ-ի հիմնադիրը և գործող համայնքապետն ինչ կապ ունի ընկերության ներկայիս միակ բաժնետիրոջ ու տնօրենի հետ: Մի քանի ճշտող հարցերից հետո Քաղցրաշենի աշխատակազմի քարտուղարը սկսեց «պատկերացում չունենալ» ոչ միայն «Վալ-Կար» ՍՊԸ-ի, այլև այդ ընկերության կողմից իրենց գյուղի դպրոցի վերանորոգման վերաբերյալ:
«Ճիշտը որ ասեմ, ես չգիտեմ, որ այդ ընկերությունը գյուղապետն է հիմնադրել»,-ավելացրեց Վահրամ Արարատյանը:
Նշենք, որ «Վալ-Կար» ՍՊԸ-ն հաճախ է հայտնվում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում, ինչը պատահական չէ: Օրինակ՝ այս ընկերությունը 2013թ. նույնանուն ծրագրով իրականացրել է Եղեգնավան համայնքի դպրոցի և Դեղձուտ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Աշխատանքների կատարման համար կնքվել է մեկ պայմանագիր, որի ընդհանուր գինը կազմել է 30 մլն 668 հազար դրամ:
Նույն տարում, դարձյալ հրատապ ծրագրով, ընկերությունն իրականացրել է Արարատի մարզի Նարեկ գյուղի մանկապարտեզի գազատարի և կոյուղու կառուցման աշխատանքները, որն արժեցել է 7 մլն 690 հազար դրամ:
Իսկ 2012թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում «Վալ-Կար» ՍՊԸ-ն մոտ 19.5 մլն դրամի շրջանակում վերանորոգել է Նարեկ համայնքի մանկապարտեզը:
Տեղեկացնենք, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը մի քանի հարյուր հեկտար հողեր ունի մարզի Քաղցրաշեն ու Նարեկ համայնքներում և վերջիններիս համայնքապետերի հետ «բարեկամական» հարաբերություններ ունի:
Հրատապ ծրագրի շրջանակում բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության եղանակով: Գումարը հատկացնելուց այդպես է ցանկացել կառավարությունը: Հաճախ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում ընդգրկվում են այնպիսի աշխատանքներ, որոնք ամենևին էլ հրատապ չեն և կարելի է դրանք ընդգրկել տարեկան ծրագրերում: Բայց քանի որ առաջնահերթ լուծում պահանջող ծրագիրն իրենից ներկայացնում է առանց մրցույթ հայտարարելու ծրագիր, շինաշխատանքներն իրականացնելու համար բանակցություններով «ընտրվում» են կառավարության կամ մարզային իշխանություններին մոտ կանգնած ընկերությունները՝ անտեսելով պետական շահը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել