
Արմավիրի մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ
Արմավիրի մարզում մինչև մրցույթի անցկացումը հանգիստ կարելի է գուշակել, թե կոնկրետ տարածքի շինաշխատանքների իրականացման համար մարզպետարանը որ ընկերության հետ է կնքելու պետական գնման պայմանագիր: Այս ոլորտում վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ և ամեն տարի կայուն եկամուտներ են ստանում: Ընկերություններն արդեն գիտեն, թե ով որ տարածքում պետք է գործունեություն ծավալի և փորձում են շարժվել խաղի հենց այդ կանոններով:
Նույն պատկերն է նաև 2014թ.՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի դեպքում:
Հրատապ ծրագրով անցյալ տարի կառավարության հատկացրած միջոցներով Արմավիրի մարզպետարանը կնքել է ընդհանուրը 694 մլն 600 հազար դրամի պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրեր: Այդ գումարներով վերանորոգվել են հիմնականում ճանապարհներ և դպրոցներ:
Կառավարության որոշմամբ բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության:
Էջմիածնում լուրջ ազդեցություն ունի Մանվել Գրիգորյանը
Էջմիածնի տարածքում, որպես կանոն, պայմանագրերի մի մասը կնքվում են ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Հենց այս ընկերությունից էլ Մանվել Գրիգորյանը ստանում է իր եկամուտների առյուծի բաժինը:
2014թ. պատգամավորի ընկերությունը 31 մլն 880 հազար դրամով իրականացրել է մարզի Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:
Հրատապ ծրագրի շրջանակներում ընկերությունը 47 մլն 780 հազար դրամով վերանորոգել է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցը:
Նախորդ տարիներին նույնպես գերենալ Մանվել Գրիգորյանի ընկերությունը մաս է կազմել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Այսպես՝ գեներալի ընկերությունը 2013թ. մասնակի վերանորոգել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը, որն արժեցել է 52 մլն 400 հազար դրամ: 2012թ. դարձյալ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի մասնակի վերանորոգման, Էջմիածնի թիվ 13, 14, 16 մանկապարտեզների լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման և Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար «Արա և Այծեմնիկ» ընկերության հետ Արմավիրի մարզպետարանը կնքել է ընդհանուրը 96 մլն 522 հազար դրամի պայմանագիր:
2011թ-ին. 112 մլն 395 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է մարզի Արաքս համայնքի և Էջմիածնի թիվ 12 հիմնական դպրոցների վերանորոգման նպատակով:
Մի քանի տարի է պետական ծրագրերով շինաշխատանքների կատարմանը մասնակցում է էջմիածինցի Գագիկ Բիշարյանին պատկանող «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն: Ինչպես «Արա և Այծեմնիկ» ընկերությունը, «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն, ևս կենտրոնացած է հիմնականում Էջմիածնի տարածքում: Վերջինս տարբեր տարիներին մասնակցել է ծրագրերին, իսկ 2014թ-ին ընդհանուր առմամբ մարզպետարանի հետ կնքել է 124 մլն դրամի պայմանագրեր:
Ընկերությունը մոտ 48.5 մլն դրամով ամրացրել է եզդիաբնակ Ֆերիկ համայնքի միջնակարգ դպրոցի շենքը, վերանորոգել է Էջմիածնի թիվ 9 և թիվ 11 հիմնական դպրոցները՝ համապատասխանաբար 40 և 35 մլն դրամով:
Նշենք, որ «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն պետական գնումներով կենտրոնացած է հատկապես դպրոցաշինության ոլորտում: Էջմիածինցիները ասում են, որ Գագիկ Բիշարյանի ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականն է:
Էջմիածնի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը «ընտրյալների» ցանկում է
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի տնօրենը Էջմիածնի ավագանու անդամ Յուրիյ Գևորգյանն է, ով մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Այս ընկերությունը 2014թ. կառավարության հրատապ ծրագրով մեկ պայմանագրով միանգամից երեք ավտոճանապարհ է վերանորագել:
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն վերանորոգել է Տնկարան – Զինավան – 5, Մ-5-Մերձավան-Այգեկ-Մ-5 և Մ-3 – Շահումյան մարզային նշանակության ավտոճանապարհները: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 23 մլն դրամ:
Ընկերությունը նախորդ տարիներին ևս վերանորոգել է մարզի ճանապարհները: Օրինակ՝ 2012թ, վերանորոգել է Մ-3-Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհը՝ 7.5 մլն դրամով:
Մարզպետի ընկերը՝ Արմավիրի պետական շինարարական ծրագրերում
Եթե Էջմիածնում իր խոսքն ասում է «Արա և Այծեմնիկ» ընկերությունը, ապա նույն «պատահականությամբ» Արմավիրի տարածքում նույն դերը տանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջը՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն: Որոշ «բացառություններ» լինում են, սակայն այս ընկերության տարածքը Արմավիրի նախկին շրջանն է:
«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը Միսակ Տեր-Պողոսյանի կինն է՝ Լաուրա Մադոյանը, ով բաժնետեր է դարձել 2013թ-ից: Մինչ այդ բաժնետեր են եղել մարզպետի ընկերն ու վերջինիս եղբայրը՝ Արաիկ Տեր-Պողոսյանը: Վերջինս եղել է նաև ընկերության տնօրենը:
2014թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Արմավիրի մարզպետարանը «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի հետ կնքել է մոտ 124 մլն դրամի պայմանագիր: Մասնավորապես՝ 75.3 մլն դրամով վերանորոգել է Արազափ համայնքի դպրոցը, 48.5 մլն դրամով էլ՝ Ջրաշենի դպրոցը:
Այս ընկերությունը 2011թ. 413 մլն մլն 700 հազար դրամով իրականացրել է մի շարք համայնքների դպրոցների վերանորոգման աշխատանքներ:
2012թ. իրականացրել է Հայթաղ համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 11.3 մլն դրամ: Նույն համայնքում, նույն նպատակով կնքվել է մեկ այլ պայմանագիր և իրականացրել է աշխատանքներ, այս անգամ արդեն 37 մլն 112 հազար դրամ արժողության, Տանձուտ համայնքում 5.2 մլն դրամով մասնակի վերանորոգել է դպրոցի շենքը:
Նույն տարում, դարձյալ անհետաձգելի պահանջով, մոտ 243 մլն դրամով վերանորոգել է Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցը, մասնակի վերանորոգել է Նոր Արմավիր, Արաքս, Վարդանաշեն, Տանձուտ համայնքների դպրոցները, վերանորոգել է Մյասնիկյան համայնքի 3 բազմաբնակարան շենքերի տանիքները, կառուցել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջի լոկալ ջեռուցման համակարգը և այլն:
57 մլն 580 հազար դրամով վերանորոգել է մարզի Բերքաշատի դպրոցի շենքը, 76 մլն 104 հազար դրամով՝ հիմնանորագել է Արմավիրի թիվ 5 դպրոցի շենքը:
«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն նույն տարում Արմավիրի մարզպետարանի համար ձեռք է բերել նաև ավտոմեքենա՝ 13 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Նշենք, որ Տեր-Պողոսյանների ընտանիքին է պատկանում նաև «Միսակ Մեծ» ՍՊԸ-ն: Տարբեր տարիներին, այս ընկերության հետ ևս կնքվել են անհետաձգելի համարվող ծրագրերով նախատեսված պայմանագրեր: Օրինակ՝ «Միսակ Մեծ» ՍՊԸ-ի հետ Արմավիրի մարզպետարանը 2011թ. կնքել է 28 մլն 733 հազար դրամ, 2012թ՝ մոտ 86 մլն դրամի պայմանագրեր:
Լավ հարաբերություններ իշխանությունների հետ և խոշոր պայմանագրերը պատրաստ են
Արմավիրում խոշոր շինաշխատանքների պայմանագրերը կնքվում են «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ: Ընկերության սեփականատեր և տնօրեն Գագիկ Վարդանյանը մոտ հարաբերություններ ունի ինչպես մարզային, այնպես էլ հանրապետության բարձր իշխանությունների հետ:
Միայն 2014թ-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն Արմավիրի մարզի հրատապ ծրագրով մոտ 273 մլն դրամի շինվերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Վերանորոգել է Տարոնիկ, Երասխահուն համայնքների դպրոցները, Արմավիրի մարզպետարանի դահլիճը, իսկ Նոր Արտագերս, Հացիկ, Գետաշեն գյուղերուի դպրոցներում կառուցել է լոկալ ջեռուցման ցանց:
«Բաղրամյանշին» ԲԲԸ-ն նախորդ տարիներին ևս ակտիվ պայմանագրային հարաբերություններ է ունեցել Արմավիրի մարզպետարանի հետ:
Մեկնաբանել