
Փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալ Արա Բուդաղյանին
«Հիմա կանգնած եմ ԱԱԾ շենքի դիմաց, այստեղ են նաև ՄԻՊ-ից ներկայացուցիչներ: Ժամը 22:00-ի դրությամբ դեռ չեմ կարողացել տեսակցել Արա Բուդաղյանին»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013-ի հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժամը 12-ին Արա Բուդաղյանը գրավոր հայտնել է, որ ցանկանում է իր շահերը ներկայացնի Հայկ Ալումյանը. «Քննիչը պետք է ՁՊՎ-ին տեղեկացնի, որ ես Արա Բուդաղյանի պաշտպանն եմ: Հեռախոսով եմ քննիչի հետ խոսել, ասում է՝ վաղը եկեք: Փաստորեն անցել է 12 ժամ, բայց ասում են՝ թող մի 12 ժամ էլ անցնի, նոր առավոտյան արի: Երբ այդպես են ասում, արդեն սկսում եմ վատ բաներ մտածել»,- ասաց փաստաբան Ալումյանը:
«Այն, ինչ այս պահին հայտնի է ինձ, իմացել եմ մամուլի հրապարակումներից: Ավելին իմանալու համար պետք է կարողանամ տեսակցել իմ պաշտպանյալին կամ քննիչին գոնե դեմքով տեսնեմ: Անուն-ազգանունը գիտեմ՝ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն է»,- ասաց փաստաբանը:
Հ.Գ. Լուրը պատրաստ էր հրապարակման,երբ փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս է եկել ՄԻՊ-ի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ Արա Բուդաղյանը այնտեղ չէ, ոչ էլ մեկուսարանում, թեպետ քննիչը պնդել է, որ նա ԱԱԾ-ի ՁՊՎ-ում է. «Փաստորեն եթե մարդը ո՛չ ՁՊՎ-ում է, ո՛չ էլ մեկուսարանում, ուրեմն նրան առևանգել են»,-ասաց Հայկ Ալումյանը:
Լուսանկարում` Հայկ Ալումյանը եւ Արտակ Բուդաղյանը:
Մեկնաբանել