HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ դատապարտյալի` պայմանական ազատվելու համար «նախագահականի դաբրո» է պետք

«Դուք ի՞նչ աշխատանքներ եք ինձ հետ տանում. ընդամենը տեսակցություն տալ, դիմումը տանեք տաք համապատասխան տեղը». նախկինում մահապատժի, ներկայում՝ ցմահ բանտարկյալ, 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփան Գրիգորյանն այս հարցն ուղղում է հիմնարկի պատասխանատուներին:

Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մայիս ամսին մեկ տարով հետաձգել է Ստեփան Գրիգորյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը: Ինչից հետո ցմահ բանտարկյալը հացադուլ է հայտարարել, ապա դիմել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելու վարչական հանձնաժողովի որոշումը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը արտագնա նիստեր է հրավիրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճում:   

95-ից ավելի ցմահ բանտարկյալների հետ աշխատող հոգեբան Օֆելյա Չարչյանը, ով նստած էր դահլիճում, ցանկանում էր պատասխանել ցմահ բանտարկյալի բարձրացրած հարցին, սակայն դատավորը նշեց, որ նա դատավարության կողմ չէ:

Քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական-իրավաբանական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը պատասխանեց, որ ըստ մասնագիտական ուղղվածության տարբեր բաժինների աշխատակիցներ աշխատում են ցմահ բանտվածների հետ:

-Կա՞ն աշխատանքներ, որոնք դեռ պիտի տանեք,- հարցրեց դատավոր Գաբրիելյանը:

-Կա՛ն, որ դրական բնութագիր ստանա,- պատասխանեց ՔԿՀ-ի ներկայացուցիչ Հայկ Թովմասյանը:

-Սրանք դատարկ խոսքեր են, ի՞նչ աշխատանք… ո՞վ ա ինձ անհատական ընդունում… դեռ ի՞նչ աշխատանքներ պիտի անեք ինձ հետ, որ ինձ ուղղված համարեք ու պատրաստ հասարակություն վերադարձնելու,- հակադարձեց 20 տարի բանտում պատիժ կրող ցմահ դատապարտյալը:  

-Դու պետք է դիմես, չափահաս մարդ ես՝ աշխատանքի համար և այլն,- ասաց հիմնարկի հոգեբան Օֆելյա Չաչյանը:

Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

Սակայն Ստեփան Գրիգորյանի համար պարզ չէ, թե ինչու են իր պայմանական ազատման հարցը հետաձգել մեկ տարով, քանի որ տույժեր ու տուգանքներ չունի, խախտումներ՝ նույնպես: Ըստ դատապարտյալի, խնդիրն այլ տեղ է: Նա դատարանում հայտարարեց այդ մասին, ըստ որի շատերն ասում են պայմանական ազատվելու համար «նախագահականի դաբրո» է պետք: «Իբր նախագահը վետո ա դրել էս հարցի վրա: Իրանք էլ բոլոր միջոցների գնում են՝ օրինական, թե անօրինական, որ չազատվեն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ ՔԿՀ ներկայացուցիչ Հայկ Թովմասյանն ու դատախազ Հայկ Մովսիսյանը նշեցին, որ խնդիրը հետևյալն է՝ քանի որ Ստեփան Գրիգորյանի ռիսկայնությունը միջին է գնահատվել, այդ հիմքով էլ հետաձգվել է պայմանական ազատման հարցի քննարկումը:

- Կա դրական դինամիկա, բայց գնահատել ենք միջին ռիսկայնությունը, այդ հիմքով էլ հետաձգել ենք,- նշեց Հայկ Թովմասյանը:

Դատավոր Արտուշ Գաբրելյանը հարցրեց, թե ինչու են որոշել հենց 1 տարով հետաձգել պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը. «Ո՞ր իրավական ակտով եք առաջնորդվել»:

- Այդ ամենը սահմանված է իրավական ակտերով, բայց այս պահին չեմ կարող ասել, թե որ իրավական ակտով: Հիմա անգիր չեմ հիշում,-պատասխանեց ՔԿՀ ներկայացուցիչը:

- Իսկ կա՞, ըստ ձեզ, մեկը, ով պատրաստ է ազատության,-հարցրեց դատապարտյալը:

- Կա, բայց 20 տարին չի լրացել,- ասաց հոգեբանը:

- Արձանագրո՞ւմ եք ինչ-որ տեղ ձեր աշխատանքների դինամիկան,- հարցրեց դատախազը:

- Այո՛, անհատական քարտում ենք արձանագրում,-պատասխանեց ՔԿՀ ներկայացուցիչը:

Դատախազը, ով ուսումնասիրել էր Ստեփան Գրիգորյանի անձնական գործը, նաև վճռաբեկ դատարանի նախադեպերը, նշեց, որ ՔԿՀ-ն ճիշտ է վարվել՝ պայմանականի հարցը հետաձգելով, քանի որ միջին ռիսկայնության դեպքում հարցի քննարկումը պիտի հետաձգվեր:

Նիստին ներկա էր նաև հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ով հայտնեց, որ եկել է, քանի որ հանրային խորհրդին դիմել է Ստեփան Գրիգորյանը: Արշակ Սադոյանը հետաքրքրվեց, թե ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվում դատապարտյալի ռիսկայնությունը կամ բնութագիրը. «Չափորոշիչները որոնք են, զեկուցեիք դատարանին կետ առ կետ գրավոր ներկայացնեիք: Ռիսկայնության աստիճանի գնահատումը ինչպե՞ս եք արել»: ՔԿՀ-ի ներկայացուցիչը նշեց, որ կան կառավարության կողմից սահմանված չափորոշիչներ:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 15-ին:    

Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է դեռևս 1996 թ.-ին: 1997 թ.-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ.-ի Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում՝ Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս:  2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով»,- մեզ հասցեագրված նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանի դեպքը միակը չէ: Դատապարտյալները, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածները, պարբերաբար «Հետքին» ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի, մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները չեն ներկայացվում պայմանական ազատման: Այսպես՝ մոտ 10 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ պայմանական ազատման որևէ նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովը մերժում է նրանց ներկայացնել ազատման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter