HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերդ համայնքի մայթերը վերանորոգել է համայնքապետի կնոջ ընկերությունը

Անցյալ տարի Տավուշի մարզի Բերդ համայնքի Մաշտոցի փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար Տավուշի մարզպետարանի և «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է 23 մլն 587 հազար դրամի պայմանագիր: Գումարը հատկացվել է կառավարության որոշմամբ՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում:

«Հարի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է: 2006 թվականից մինչև 2014թ. փետրվարի 18-ը Հ. Մանուչարյանը եղել է «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը: 2014թ-ի փետրվարից ընկերության միանձնյա սեփականատեր է դարձել նրա կինը՝ Նաիրա Մանուչարյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Այս տարի ընկերությունը կնքել է նաև մի շարք շրջանակային համաձայնագրեր:

Նշենք, որ ընկերության գրանցման հասցեն հենց քաղաքապետի բնակարանի հասցեն է:

Ընկերության հաշվապահը, ով ներկայացավ Ռուզաննա անունով, ասաց, որ անցյալ տարի քաղաքում միայն մայթերի վերանորոգման աշխատանքներն են իրականացվել, սակայն գյուղական Չինչին, Այգեձոր, Արծվաբերդ համայնքներում աշխատանքներ իրականացվել են: Նա չկարողացավ պատասխանել, թե Տավուշի մարզպետարանը ինչու է 23 մլն դրամի պայմանագիր կնքել հենց Բերդ համայնքի ղեկավարի կնոջ ընկերության հետ:  

«Կնքողին հարցրեք, ոչի՞նչ, որ ես չեմ կարող պատասխանել»,-ասաց տիկին Ռուզաննան՝ հավելելով, որ Բերդի համայնքապետը երբևէ չի խառնվում ընկերության աշխատանքներին:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը «Հետքի» հետ զրույցում անկեղծացավ, որ «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը «ուրիշ մարդ» է եղել, ինքը պարզապես աշխատել է այնտեղ: Հ. Մանուչարյանն ասաց, որ կապ չունի, թե պետռեգիստրում ում անունով է գրանցվել ընկերությունը, ինքը մեզ «ճիշտն է ասում»: Նա հաստատեց, որ ընկերության ներկայիս միակ բաժնետերը կինն է:

««Հարի Գրուպ» ընկերությունը Բերդի քաղաքապետարանի հետ որևէ աշխատանք չի իրականացնում: Ինչ վերաբերում է մարզպետարանի հետ կնքած պայմանագրին, ասեմ, որ այդ ծավալով ու որակով աշխատանքներ ոչ մեկը չէր անի, որովհետև շահույթը շատ քիչ էր: Քանի որ քաղաքի շահերից էր բխում, խնդրել եմ, արել են: Մոտ 2500քմ տարածք է վերանորոգվել, որի 60%-ը գունավոր սալիկներով է արվել, խաղահրապարակ է կառուցվել իր մայթերով»,-նշեց Հ, Մանուչարյանը:

«Հարի Գրուպ» ՍՊԸ-ն Բերդ համայնքում ունի նաև բենզալցակայան: Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Հ. Մանուչարյանը հորդորում է իր աշխատակիցներին, որպեսզի հենց այդ ընկերությունից լիցքավորեն իրենց ավտոմեքենաները:

«Նման բան չկա, քաղաքապետարանը այդ ընկերության հետ պայմանագիր չունի, իսկ եթե ինձ ճանաչեիք, այդ հարցը չէիք տա, ինձ թույլ չեմ տա որևէ մեկին ասել, որ «Հարի Գրուպ» ընկերության բենզինով մեքենաները լիցքավորեք: Քաղաքապետարանում էլ 3-4 սեփական ավտոմեքենա ունեցող կա, կարող եմ իրենց համարները տալ, զանգեք հարցրեք»,-պարզաբանեց Բերդի համայնքապետը:

Մարզում հաջորդ խոշոր ծրագիրն իրականացրել է «Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարության» ՓԲԸ-ն, որի 100% սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանն է:

Ընկերությունը 20 մլն 760 հազար դրամով վերանորոգել է Մ-4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանպարհի Իջևան համայնքի շուկայի հատվածի բարեկարգման աշխատանքները: Թե' նախորդ, թե' այս ընկերության հետ պայմանագրերը կնքվել են առանց մրցույթ հայտարարելու՝ բանակցային ընթացակարգով:

Նշենք, որ կառավարության «հրատապ ծրագրով» 2014թ. Տավուշի մարզին հատկացվել էր 316 մլն դրամ գումար: Այդ աշխատանքների իրականացումը բաժանվել է մարզի ընկերությունների միջև, օրինակ՝ «Գեղամի» ՍՊԸ, «Լևոն Երկրորդ» ՍՊԸ և այլն:

Մեկնաբանություններ (2)

Արամ
Տեսել եմ կատարված աշխատանքը, և իրոք շատ բան է անշահախնդիր արվել:
Հովսեփ
Սերժի նկարներն էլ մեր տարատեսակ ռանգի չինովնիկների գրասենյակներից էլ անպակաս: Հետն էլ ասում են ԽՍՀՄ-ը փլվել ա... Սուտ ա, էտպիսի բան չկա: Հայաստանում ու նամանավանդ Ռուսաստանում ամենուրեք ԽՍՀՄ շունչն է թևածում` չինովնիկական բերպրեդելի ու նրանց նեղ մտահորիզոնի ճչացող երանգներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter