HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

The Dark Side Of The Moon. Երաժշտության և պատկերի լավագույն երկխոսություններից մեկը աշխարհում

Նաիրա Հայրապետյան

Դեռ հեռավոր 60-ականներին, երբ այսօր արդեն լեգենդ դարձած խմբերն ու երաժիշտները ձայնագրում էին ալբոմներ կամ որևէ սինգլ, գործիքավորման, ձայնագրման, հնչյունային, կատարման որակի կողքին կարևոր դեր էին հատկացնում ձևավորմանը: Ինչպիսին էր լինելու ստեղծագործության արտաքին տեսքը, ինչպիսին էր այն իր հնչյունային էությունը պատկերով փոխանցելու, և ինչ ավելի բան պիտի պատմեր ունկնդրին: Արտիստների մեծ մասը, ինչպես նաև պրոդյուսերները, մեծ կարևորություն էին տալիս այս ամենին, ուստի հաճախ դիմում էին հայտնի նկարիչ-դիզայներների: Արդյունքում` այսօր տասնյակ տարիների հեռվից մեզ են հասել ալբոմներ, որոնք բացի իրենց երաժշտական արժեքից, անգնահատելի են շապիկի առանձնահատուկ ձևավորմամբ: Դրանցից շատերը վաղուց վերածվել են երաժշտական խորհրդանիշերի: Ժամանակն այլ սահմաններ ուներ, իսկ այս ամենը բխում էր մի միջավայրից, որտեղ կոմերցիան դեռևս գերիշխող չէր այնքան, որքան այժմ:  Այսօր համացանցային բեռնումների, MP3-ների աղմկոտ դարաշրջանում ալբոմային արվեստը ակնհայտորեն մոռացված կամ չպահանջված է այլևս: Ոմանք  միգուցե քմծիծաղ տան այդ ամենին. ի՞նչ ավելորդ աշխատանք, երբ մատի մեկ հպումով րոպեներ անց ամբողջ ալբոմը կունենաս:

Այս մտածելակերպին զուգահեռ, մեր՝ տեխնիկապես զարգացած և թվայնացված կյանքում, ինքս տեսել եմ երաժշտասերների, ովքեր գերժամանակակից տեխնիկայի կողքին խնամքով պահում են մեծ, լայնեզր ձայնապնակներ, սկավառակներ, որոնք գեղեցիկ կազմով գրքեր են հիշեցնում: Եվ այդ իսկական երաժշտասերները հաճախ խոստովանում են, որ հներն ուրիշ էին՝ «նույնիսկ շապիկի մեջ իմաստ ու ասելու բան կար»: Տարբեր տարիներին, երաժշտական հայտնի տարբեր ամսագրեր ևս հարցումներ են անցկացրել, որոնց ընթացքում պարզել են, որ երաժշտասերների 80 %-ից ավելին նախընտրում է լավագույն ալբոմի տիտղոսը տալ նաև լավագույն ձևավորումն ունեցողին: Իհարկե, երբեք չի կարելի ասել, եթե գիրքը գեղեցիկ է ձևավորված, ուրեմն լավ գրականություն է ներկայացնում: Սակայն, գիրքն իբրև արժեք,  որով վիզուալ առումով ընթերցողի մեջ ներարկվում է որակ, նրբաճաշակություն, գեղեցիկը տեսնելու ճկունություն և դեպի ընթերցանություն տանելու հրավեր, շատ բան կարող է փոխել, մանավանդ, եթե իր արտաքինի մեջ խորհրդանշաբար ունենա իր խորքը տանող բանալի-նշաններ: Այդպիսին են եղել նաև ալբոմները, որոնց շապիկներն հաճախ պատկերել են այն, ինչ հասարակ ունկնդրին չի հաջողվել իրականում հասնել՝ միգուցե հնչյունի հանդեպ տարբեր զգացողություններ կրելու պատճառով:

Երաժշտության և պատկերի երկխոսությունը կարևորում էր հատկապես «Pink Floyd» –ը: Այս խումբն ամեն անգամ նոր գործ ներկայացնելիս՝ մեծ գումարներ էր ծախսում նաև շապիկի ձևավորման համար, երբեմն երկարատև և լարված օրեր անցկացնելով  դիզայների աշխատասենյակում:

Փսիխոդելիկ մտքեր, նույն փիլիսոփայության մեջ գծվող դիմապատկեր: Երաժիշտները պահանջկոտ էին նաև այս հարցում և ձգտում էին ձևավորումը զուտ գրաֆիկական պատկերից անպայման մոտեցնել արվեստին, ստանալ հզոր ասելիք, որը համահունչ պիտի լիներ ալբոմի գաղափարին և էությանը: Շնորհիվ այս մոտեցման՝ երաժշտության պատմության մեջ «Pink Floyd»-ը ոչ միայն ավելացրել է լավագույն ձևավորմամբ ալբոմներ, այլև նպաստել այս բնագավառի զարգացմանը: Նրանց օրինակին հետևելով են շատ արտիստներ ստեղծել գեղեցիկ և խորիմաստ շապիկներով ձայնասկավառակներ:

Խմբի գրեթե բոլոր ալբոմներին այս համատեքստում կարելի է անդրադառնալ, սակայն երաժշտասերները բազմիցս ապացուցել են, որ փինքֆլոյդյան բոլոր ժամանակների ամենասիրված և ամենագնահատված ձևավորումը «The Dark Side Of The Moon»–ին է պատկանում: Ձայնասկավառակը թողարկվեց 1973թ. մարտ ամսին, խմբի ութերորդ ստուդիական ալբոմն է և համաշխարհային փառքի խորհրդանիշը: Քննադատների մեծ մասը վստահեցնում է, որ սա «Pink Floyd»-ի լավագույն ձայնասկավառակն է՝ բոլոր առումներով: Մինչ օրս այն համարվում է աշխարհում ամենավաճառված ալբոմներից մեկը, իսկ սկավառակի կազմը՝  լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը:

Ձևավորման պատասխանատուներն էին բրիտանական հանրահայտ «Hipgnosis»  դիզայներական ընկերությունը և գրաֆիկ դիզայներ Ջորջ Հարդին: Մինչ այդ «Hipgnosis»-ը հեղինակել էր խմբի մի քանի ալբոմների շապիկները՝ «A Saucerful of Secrets», «More», «Atom Heart Mother», «Obscured by Clouds» և առավելապես հայտնի էր որպես հիմնականում «Pink Floyd»-ի և մի քանի այլ լեգենդար ռոք խմբերի ու երաժիշտների դիզայներական գործընկերը՝ «Led Zeppelin», «Yes», «Genesis», հետագայում` «The Police», «Rainbow», «AC/DC» և այլք: «Pink Floyd»-ի պարագայում համագործակցելը և՛ բարդ էր, և՛ հետաքրքիր, քանի որ ստեղծագործական խմբի ոչ սովորական հայացքներում  նկարիչները գրավիչ ու խորը տարրեր էին բացահայտում, ժամանակի մեջ նույնիսկ՝ համարձակ:

«The Dark Side Of The Moon»-ում բարձրաձայնվում էին դարի ամենացավոտ խնդիրները՝ հակամարտություններ և՛ գետնի վրա, և՛ մարդկանց ուղեղներում, ժամանակի վատնում, հիասթափություն կյանքից, մահվան հանդեպ վախ, փողի իշխանություն և նրանից սնվող վտանգի ահազանգ, անհատի օտարում իրականությունից, հոգեկան և մտավոր հիվանդություններ և, միաժամանակ, կյանքը փոխելու մեծագույն ձգտում: Այլ կերպ ասած՝ ալբոմը մարդուն հոգեկան անկման, ի վերջո խելագարության հասցնող երևույթների և այս ամենից փրկող լույսի մասին էր: Տեքստերի հեղինակ և խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը այս ալբոմում ևս ասես խոստովանել է, որ դեռևս զգում էր Սիդ Բարեթի ներկայությունն ու կարիքը խմբի կյանքում, ինչպես նաև ցավում էր նրա բացակայության համար: Դե իսկ «Hipgnosis»–ը այս ամենը պետք է պատկերեր իր երևակայության ոգով՝ հերթական անգամ երաժշտության մեջ կնքելով խմբի փիլիսոփայության նոր ստորագրությունը:

Ռիչարդ Ռայթն առաջարկեց այս անգամ ստեղծել նախորդներից ավելի խորը և միաժամանակ՝ շատ պարզ մի բան: Սթորմ Թորգերսոնը («Hipgnosis»-ի հիմնադիր, դիզայներ, լուսանկարիչ) շուտով սկսեց փնտրտուքները: Նա, այսպես ասած, ամբողջովին խրվեց գործի մեջ՝ գրաֆիկական աշխատանքում ներգրավելով Ջորջ Հարդիին:

Եվ պատկերվեց բոլորիս հայտնի ապակե պրիզման, որը խորհրդանշում էր լույսի դիսպերսիան՝ սպիտակ լույսի գույների տարածման երևույթը: Ջորջ Հարդին և  «Hipgnosis»-ը նախապես խմբի անդամների ընտրությանը ներկայացրեցին վեց տարբեր դիզայն: Չորս երաժիշտն էլ միաձայն ընտրեցին պրիզման, որն, ըստ նրանց, լավագույնն էր արտահայտում ալբոմի գաղափարը: 

Պրիզմայից տարածվող լուսե գունավոր փունջը  վեց գույն ուներ՝  կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն: Ձայնասկավառակի հակառակ երեսի կազմին Թորգերսոնի առաջարկով պատկերվեց մեկ այլ պրիզմա, որն արդեն արտահայտում էր լուսային սպեկտորի մերձեցումը, սերտաճումը՝ դիզայներական հնարքով:

Իրականում ֆիզիկայում հայտնի այս երևույթը, որի բացահայտման առաջին հռչակավոր փորձը, ի դեպ, Նյուտոնին էր պատկանում, արվեստի մեջ տարրալուծել էր երաժշտական մի գեղեցիկ ու տարօրինակ պատմություն: Պատկերն իրենից ներկայացնում էր սևի մեջ երեք էլեմենտ՝ երեք խորհրդով՝ խմբի աստեղնային փուլը, ալբոմի ասելիքը և Ռայթի առաջարկ-պահանջը՝ պարզ և հզոր դիզայն:

Ռիչարդ Ռայթի կատարելության այս բանաձևը ոչ բոլորին է հաջողվել, ներառյալ արվեստի տարբեր ճյուղեր: Սակայն լավագույն ձևավորմամբ ալբոմներ շատ արտիստներ ունեցան և այսօր էլ ոմանք փորձում են ստեղծել՝ հավատարիմ մնալով նրանց սկզբունքին: Դրանցից մի քանիսին  կշարունակենք անդրադառնալ«Ռետրո Ակումբի» հաջորդ խորագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter